Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ուկրաինայում լարվածությանը զուգահեռ տեղի է ունենում թուրք-ադրբեջանական ճնշում ռուսական ուղղությամբ․ քաղաքագետ Հակոբ Բադալյան

Ուկրաինայում լարվածությանը զուգահեռ տեղի է ունենում թուրք-ադրբեջանական ճնշում ռուսական ուղղությամբ․ քաղաքագետ Հակոբ Բադալյան
Միջազգային
13:04, 19 апрель 2021
Civic.am-ը զրուցել է քաղաքագետ Հակոբ Բադալյանի հետ, կապված ռուս-ուկրաինական լարված հարաբերությունների և հնարավոր պատերազմի վերսկսման մասին։

-Պարոն Բադալյան, հնարավոր համարու՞մ եք, որ սահմանում զիտեխնիկայի կուտակումները լինի ուժի ցուցադրություն և ի վերջո այս սրացումը չվերաճի պատերազմի։ 

 -Հնարավոր է իհարկե, որ լինի ուժի ցուցադրություն։ Ռուսաստանը փորձում է ուժի ցուցադրությամբ քաղաքական միավորներ հավաքել Արևմուտքի հետ հարաբերություններում, մասնավորապես Ամերիկայի Միացյալ Նահանգների և Մինսկի ձևաչափի, այսպես ասած «նորմանդյան» ձևաչափի մասնակիցների հետ հարաբերություններում։ Բայց միևնույն ժամանակ, եթե պատերազմը չի սկսվում այսօր, որևէ բացառող հանգամանք չկա, որ այն կսկսվի վաղը։ Իհարկե կա քաղաքական հանգամանքը, բայց չմոռանանք, որ պատերազմը քաղաքականության տարր է, հետևաբար խնդիրը հետևյալում է՝ պատերազմը կբերի՞ այնպիսի իրավիճակի, որ այն ինչ-որ խնդիրներ կլուծի, թե՞ ոչ։

-Արևմուտքը ի՞նչ դերակատարություն կունենա կոնֆլիկտում։ Ինչպե՞ս կդրսևորվի իրենց աջակցությունը, կամ առհասարակ կաջակցե՞ն Ուկրաինային, թե՞ ոչ։

-Համենայն դեպս տեսնում ենք հայտարարությունները, որ Ուկրաինային չեն թողնի Ռուսաստանի դեմ մենակ, բայց խնդիրը հետևյալն է՝ եթե տեղի է ունենում պատերազմ, ի՞նչ ձևաչափ է այն կրելու։ Ես չեմ կարծում, որ մենք ականատես կլինենք ՆԱՏՕ-ի և ռուսական զորքերի ուղիղ ձևաչափով բախման։ Կարծում եմ, եթե լինի բախում, ապա Արևմուտքը առավելագույնը ռազմական սպառազինության տեսքով կաջակցի Ուկրաինային, որովհետև թե՛ Արևմուտքում, թե՛ Ռուսաստանում շատ լավ հասկանում են այդպիսի ուղիղ բախման հետևանքը։

-Թուրքիան ինչպիսի՞ դերկատարություն կունենա։ Եվ հնարավո՞ր է, որ ռուս-ուկրաինական կոնֆլիկտը ազդեցություն ունենա ղարաբաղյան կոնֆլիկտի վրա։

-Ուկրաինա, Վրաստան, Արցախ, հետխորհրդային գոտու այս շղթան, ըստ էության, վերածվել է աշխարհաքաղաքական դիմակայության։ Եվ այս իմաստով, առանձին Արցախի հարց, Վրաստանի հարց կամ ուկրաինական հարց, կարծում եմ չկա։ Այս շղթան փոխկապակցված է, հետևաբար Թուրքիայի հավակնությունները մի տեղում, չեն կարող ազդեցություն չունենալ այս շղթայի մեկ այլ օղակի վրա։ Տեսնում ենք, որ Թուրքիան Կովկասում արձանագրել է իր ներկայությունը Արցախի դեմ պատերազմի միջոցով, որը տեղի ունեցավ Ռուսաստանի դիմադրության բացակայության պայմաններում։ Հիմա տեսնում ենք, Թուրքիայի հավակնությունները նաև ուկրաինական հարցում։ Այս օրերին, Ուկրաինայում լարվածությանը զուգահեռ, տեսնում ենք, որ տեղի են ունենում քայլեր, գործընթացներ , որոնք նկատելիորեն կարող ենք դիտարկել որպես թուրք-ադրբեջանական ճնշում ռուսական ուղղությամբ։ Մասնավորապես «Իսկանդերի» թեմայի վերհանումը, բեկորների հայտանաբերում, բեկորների մակնիշների ցուցադրում, որ ոչ թե «Իսկանդեր Է» տեսակի, այլ «Իսկանդեր Մ» տեսակի զենք է կիրառվել, նաև տեսնում ենք Բաքվում՝ Ռուսաստանի դեսպանատան դիմաց  անցկացվող ակցիաները և այլն, վկայում են այն մասին, որ ուկրաինական իրադարձությունները որոշակիորեն շղթայական ազդեցություն են ունենում կովկասյան ուղղության վրա, ինչպես որ Արցախյան պատերազմի օրերին էր կանխատեսելի, որ հաջորդ թեժ գոտին լինելու է ուկրաինական ուղղությունը։ Այնպես որ, մենք գործ ունենք շղթայական կապվածության մեջ գտնվող գոտիների և իրադարձությունների  հետ, հետևաբար այս հանգամանքը պետք է լինի մեր մշտական դիտարկման առարկան։

Վովա Հակոբյան