Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ռուս-թուրքական նոր մերձեցումը խիստ բացասական կարող է անդրադառնալ Հայաստանի վրա. «Ոսկորը կմնա՞ Պուտինի կոկորդին»

Ռուս-թուրքական նոր մերձեցումը խիստ բացասական կարող է անդրադառնալ Հայաստանի վրա. «Ոսկորը կմնա՞ Պուտինի կոկորդին»
Քաղաքականություն / Միջազգային
17:27, 17 март 2021
«Ռուս-թուրքական նոր մերձեցումը խիստ բացասական կարող է անդրադառնալ Հայաստանի վրա։ Արցախի Հանրապետության փաստացի ոչնչացումը Պուտին-Էրդողան և նաև Ալիև համագործակցությամբ է պայմանավորված։ Պուտինը  հայ ժողովրդի իրավունքները ոտնահարելիս բարձրակարգ ռեստորանի մատուցողի բծախնդրությամբ կատարում է Էրդողանի ու Ալիևի պատվերները»,-Civic.am-ի հետ զրույցում ասաց թուրքագետ Հակոբ Չաքրյանը՝ անդրադառնալով վերջին օրերին ռուսական կողմից Թուրքիայի հետ հարաբերությունների վերաբերյալ հնչող հայտարարություններին։ 

Պաշտոնական Մոսկվան հայտարարում է, որ ինչպես անցած հարյուր տարիների ընթացքում, այնպես էլ ապագայում հետևելու է 1921 թվականի մարտի 16-ին կնքված ռուս-թուրքական պայմանագրի ոգուն և սկզբունքներին։ «Անցած հարյուր տարիների ընթացքում իր քաղաքական և պատմական արդիականությունը չկորցրած Մոսկվայի պայմանագրի ոգուն և սկզբունքներին հետևելը Ռուսաստանի Դաշնության և Թուրքիայի Հանրապետության միջև հարաբերությունների հետագա զարգացման գրավականն է», - նախօրեին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարի Զախարովան՝ հավելելով, որ Ռուսաստանի և Թուրքիայի համագործակցությունն ունի խորապես գիտակցված բնույթ, հենվում է բարիդրացիության սկզբունքի, փոխադարձ հարգանքի և շահերի հաշվառման, համատեղ արդյունավետ աշխատանքի նպատակադրման վրա՝ հանուն Ռուսաստանի և Թուրքիայի ժողովուրդների բարեկեցության և բարգավաճման, հանուն խաղաղության, անվտանգության և կայունության տարածաշրջանում և ընդհանրապես Եվրոպայում։

Թուրքիայի հետ հարաբերություններին անդրադարձել էր նաև ՌԴ նախագահի մամուլի քարտուղարն Դմիտրի Պեսկովը։ Վերջինս  հայտարարել է՝ թեև Ռուսաստանն ու Թուրքիան Սիրիայում ունեն տարաձայնություններ, սակայն ռուսների և թուրքերի փոխգործակցությունն այնտեղ շարունակվում է: Մոսկվան նաև վերահաստատում է Թուրքիայի հետ բոլոր ուղղություններով կառուցողական փոխգործակցության ընդլայնումը:

Ռուս-թուրքական հարաբերություններին այսօր անդրադարձել է նաև ՌԴ Պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն։
Չաքրյանի խոսքով Հայաստանի հողերի հաշվին աշխարհաքաղաքական խնդիրներ են լուծվում, որի հիմնական իմաստը Մինսկի խմբի մյուս համնախագահող երկրներին դուրս մղելն է ղարաբաղյան հիմնահարցի կարգավորման գործընթացից, որը, ըստ թուրքագետի, արդեն արվել է։ Հաջորդ քայլը խաղաղապահների տեղակայումն էր նոր ձևավորված շփման գծին, որով վերջ դրվեց Ֆրանսիայի և Միացյալ Նահանգների քաղաքական ներկայությանը հարավային Կովկասում.«Ամբողջ պատմությունը, խնդիրը սա է»,-ասաց Չաքրյանը՝ հավելելով, որ հնարավոր է ոսկորը մնա Պուտինի կոկորդին, եթե ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը չհաստատի Լեռնային Ղարաբաղում տեղակայված ռուս խաղաղապահների մանդատը։ «ՄԱԿ-ը հավանաբար չի հաստատելու ռուս խաղաղապահների մանդատը։ Այդ հարցը խնդրահարույց էր համարել նաև Լավրովը։ Բացի դա Բայդենը վերջերս Մյունխենում անվտանգության կոնֆերանսի ժամանակ հայտարարեց, որ իրենք վերադառնում են տարածաշրջան։ Եթե իսկապես վերադառնում են, ապա պետք է իրենց քաղաքական ներկայությունը վերականգնեն հարավային Կովկասում։ Իսկ դա նշանակում է  ճնշում Ռուսաստանի վրա։ Հույս ունեմ, որ Պուտինը պատասխան է տալու իր չարագործությունների համար»,-ասաց Չաքրյանը։

Մեր զրուցակցի դիտարկմամբ հատկապես պատերազմից հետո Եվրամիության, ԱՄՆ-ի կողմից ճնշումների ֆոնին Էրդողանը փորձում է այդ ճնշումները թուլացնել Ռուսաստանին մերձենալու միջոցով և խուսանավում է Ռուսաստանի ու արևմուտքի միջև առկա հարաբերություններից։ «ԱՄՆ նախագահ Բայդենը նախագահի պարտականությունները ստանձելուց հետո խոսել է տարբեր երկրների ղեկավարների հետ, բայց դեռ չի զանգահարել Էրդողանաին։ Սա լուրջ ազդակ է։ 

...Իրականում 44-օրյա պատերազմը սանձազերծված էր Արցախի հանրապետության դեմ, բայց իրական թիրախը Հայաստանի Հանրապետությունն էր։ Եվ դա լավագույնս ցույց է տալիս այն փաստը, որ Ադրբեջանը հրաժարվում է  վերադարձնել գերիներին՝ շարունակելով ահաբեկել հայ հանրությանը։ Իսկ դա կատարվում է Պուտինի թողտվությամբ։ Պուտինը Շուշին ու Հադրութը  վերցրեց ու հանձնեց Ադրբեջանին, բայց մեր գերիներին չի ուզում վերադարձնել։ Գերիների հարցում էլ միջազգային հանրություն է  ճնշում գործադրում և այդ ճնշումը նման հետևանքներ է առաջացնում»,-եզրափակեց Հակոբ Չաքրյանը։

Հայաստանի վրա ռուս-թուրքական  մերձեցման մի անդրադարձ արդեն, քաղաքագետ Հակոբ Բադալյանը, համարում է 44-օրյա պատերազմը։ Մեր զրուցակցի դիտարկմամբ՝ ընդհնարպես ռուս-թուրքական հարաբերությունների տրամաբանությունը, որ ամրագրված է 1921 թվականի պայմանագրով, լրջագույն սպառնալիք է Հայաստանի համար և պատմականորեն մենք տեսել ենք այդ սպառնալիքի հետևանքները։ Ցավոք սրտի դա տեսանք  նաև Արցախի դեմ պատերազմի տեսքով։ Իսկ ընդհանուր առմամբ, Բադալյանի խոսքով,  Ռուսասան-Թուրքիա հարաբերությունները գործակցային է և պայմանավորվածությունների տրամաբանության մեջ է՝ տակտիկական առումով, բայց ռազմավարական առումով անկասկած երկու սուբյեկտն էլ միմյանց հետ մղում են ազդեցության պայքար՝ թե ռեգիոնալ, թե ավելի լայն իմաստով, քանի որ թիրախը միայն Կովկասը չէ։ «Թուրքիան նաև հավակնություններ է ներկայացնում Ռուսաստանի հետարքրքրությունների շրջանակ ամենատարբեր ռեգիոնների հանդեպ։ Այս իմաստով այդ հարաբերակցությունը առայժմ Թուրքիայի  առավելությամբ է, ինչը ևս Հայաստանի համար բավական խնդրահարույց է, որովհետև մենք տեսնում ենք, որ Ռուսաստանը բախումնային հեռանկարից խուսափելու համար, անընդհատ գնում է որոշակի պայմանավորվածությունների, զիջումների, և մենք գտնվում ենք այդ  ռիսկային գոտում»,-եզրափակեց քաղաքագետը։
 
Արփի Հարությունյան