Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մտածել, որ հնարավոր է Պուտինի հետ մեկ հանդիպման արդյունքով լուծել գերիների հարցը, ճիշտ չէ. Ալեքսանդր Իսկանդարյան

Civic.am-ի հյուրը «Կովկաս» ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանն է, թեման՝ Պուտին-Փաշինյան հանդիպումը Մոսկվայում։ 

«Մտածել, որ հնարավոր է Պուտինի հետ մեկ հանդիպման արդյունքով լուծել գերիների հարցը՝ ճիշտ չէ։ Երբ Փաշինյանը նշեց, որ գոհ է հանդիպման արդյունքներից, հավանաբար, նկատի չուներ միայն գերիների հարցը։ Հայաստանի հետ Ռուսաստանը ունի քննարկման շատ թեմաներ»,- զրույցի սկզբում նման կարծիք հայտնեց Իսկանդարյանը:

Իսկ թե ինչպես է Ադրբեջանն իրեն պահում գերիների հարցով, ըստ Իսկանդարյանի, պատահականություն չէ. ընդունված մարտավարություն է։ Դրանով Ադրբեջանը փորձում է գրգռել հայ հասարակությանը, նաև փնտրում է ցավոտ տեղեր։ Դրանք, ըստ նրա, գերիների հարցն է, սահմանների հարցը և  կոմունիկացիաները՝ Բերձորի միջանցքը։

Իսկանդարյանը չի կարծում, որ այս իրավիճակը կտրուկ կփոխվի։ Ընդհանուր առմամբ, ըստ Իսկանդարյանի, ցանկացած այսպիսի հանդիպում շատ կարևոր է։

Անդրադառնալով Ռուսաստանի և Հայաստանի ընդհանուր նպատակներին, Ալեքսանդր Իսկանդարյանը նշեց, որ, բնականաբար, Հայաստանի և Ռուսաստանի նպատակները և տեսլականները տարբեր են, և այսպիսի հանդիպումները հենց դրա համար են, որ ընդհանուր հայտարարի գան, ընդհանուր նպատակներ գտնեն։

«Ռուսներին հետաքրքրում է ոչ թե միջանցքների և ճանապարհների հարցը, այլ այն, որ այն ինչ եղավ նոյեմբերի 9-ին՝ ինչ-որ կերպ շարունակվի։ Այսինքն, որպեսզի այն չմնա միայն որպես կրակի դադարեցման հայտարարություն։ Հասկանալի է՝ կրակը դադարեցվեց, հետո ինչ-որ բան լինելո՞ւ է, թե՝ ոչ։ Ռուսաստանը առաջ է տանում իրավիճակի մեղմման տարբերակ՝ կոմունիկացիաների ապաշրջափակման օգնությամբ։ Հայաստանը ճանապարհների ապաշրջափակմանը նայում է ընդհանրապես այլ կերպ, քան Ադրբեջանն ու Ռուսաստանը»,- ասաց Իսկանդարյանը։

Ալեքսանդր Իսկանդարյանի կարծիքով՝ ճանապարհների ապաշրջափակումը այն կետը չէ, որտեղ համընկնում են չորս խաղացողների՝ Հայաստանի, Ռուսաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի շահերը։ «Այդ ծրագիրը տնտեսական չէ, այլ՝ քաղաքական, որովհետև Ադրբեջանն ունի երկաթուղային ճանապարհ դեպի Թուրքիա, այսինքն՝ սա քաղաքական ծրագիր է, որին Հայաստանը չի կարող ուղղակի, առանց դիմացը ինչ-որ բան ստանալու համաձայնել»,- նշեց Իսկանդարյանը։

Անդրադառնալով Ռուսաստան-Ուկրաինա հարաբերությունների սրացմանը և դրա հնարավոր ազդեցությանը Կովկասում տիրող իրավիճակին, Իսկանդարյանը նշեց, որ ազդեցություն, իհարկե, կունենա, բայց ոչ ուղիղ և ոչ այդքան սուր։ Ռուս-ուկրաինական հարաբերությունները, ըստ Իսկանդարյանի, Ռուսաստան-Արևմուտք հարաբերությունների մի մասն են։

«Հայաստանի համար սա կարևոր է, որովհետև, երբ Ռուսաստանի և Արևմուտքի հարաբերությունները հարաբերականորեն բարիդրացիական են, այդ դեպքում Հայաստանը այդ հարաբերություններում խաղի տեղ է ունենում, ընտրության հնարավորություն։ Այդպես էր մինչև 2012 թվականը և դա հետևանք էր նրա, որ չկար ռուս-ուկրաինական ճգնաժամ։ Հիմա Հայաստանի ընտրությունը կրճատվել է մինչև սահմանագիծ։ Մենք ստիպված ենք ընտրություն կատարել, և այդ ընտրությունը այլընտրանք չունի»,- նշեց Իսկանդարյանը։

Ռուս-ուկրաինական հարաբերություններում Թուրքիայի դերակատարմանն անդրադառնալով Իսկանդարյանը նշեց, որ Ռուսաստանը Թուրքիայի հետ տարբեր ձևաչափերում է հարաբերվում։ «Մի կողմից Թուրքիայի հետ հարաբերությունները Ռուսաստանի համար շատ դժվարին են, իրենք միմյանց չեն վստահում, իսկ մյուս կողմից՝ համագործակցում են, ինչը շատ օբյեկտիվ է, քանի որ Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է և միաժամանակ կարողանում է բավականին անկախ քաղաքականություն վարել, և Ռուսաստանն օգտագործում է այս հանգամանքը։ Բայց ենթադրել, որ Ուկրաինայի հարցում Թուրքիան և Ռուսաստանը կգնան գործարքի Ղարաբաղի հաշվին կամ հակառակը՝ չեմ կարծում», - նշեց Իսկանդարյանը։

«Ես չգիտեմ, թե ինչպիսի՞ն կլինի հինգ տարի հետո Ռուսաստանը և ինչպիսի՞ն կլինի Թուրքիան։ Եվ՛ Ռուսաստանում, և՛ Թուրքիայում հինգ տարի հետո կարող է լինել ինչ ասես։ Դա կախված է նաև Հայաստանում տիրող իրավիճակից։ Եթե Հայաստանը մնա այն ռեսուրսներով, ինչ ունի հիմա, ձեռք չբերի սուբյեկտություն, ապա չի կարողանա լրջորեն առաջ տանել իր շահերը», - անդրադառնալով ռուսական խաղաղապահ զորախմբի հետագա ներկայությանը, ասաց Ալեքսանդր Իսկանդարյանը։

Մանրամասները՝ տեսանյութում: