Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Ընդհանուր լարված իրավիճակ է, որտեղ Հայաստանը կարող է պատերազմական կողմերից մեկը դառնալ»․ քաղաքագետ

«Ընդհանուր լարված իրավիճակ է, որտեղ Հայաստանը կարող է  պատերազմական կողմերից մեկը դառնալ»․ քաղաքագետ
Միջազգային
19:03, 22 март 2021
Հայաստանի դեմ նոր պատերազմի վտանգի, ռուս- թուրքական մերձեցման եւ այլ հարցերի շուրջ Civic.am-ը զրուցեց քաղաքագետ Սարո Սարոյանի հետ։

- Պարո՛ն Սարոյան, հաշվի առնելով տարածաշրջանային ներկա իրողությունները՝ նոր պատերազմի վտանգը որքանո՞վ է իրական։

- Ընդհանրապես ներկա աշխարհն է ընթանում դեպի պատերազմ, և Հայաստանի շուրջ եղած քաղաքական իրավիճակը դրանով է պայմանավորված, լարված ռազմաքաղաքական իրավիճակը դրանով է պայմանավորված։ Եվ խոսել պատերազմի մասին Հայաստանի պարագայում՝ դա հենց ընդհանուր աշխարհաքաղաքական իրողություններից բխող երևույթ է։ Մեկուսի երևույթ չէ, այսինքն, երբ մեր հանրությունը վախեր ունի կապված Թուրքիայի, Ադրբեջանի հետ, այնպես չէ, որ կա միայն նման կարգի՝ հայ֊թուրքական պատերազմի վտանգ։ Այդպիսի վտանգ չկա, հակառակը՝ կա գլոբալ, որոշակի կամ տարածաշրջանային պատերազմի վտանգ աշխարհում՝ Հարավային Կովկասում, Մերձավոր Արևելքում, Սևծովյան տարածաշրջանում և այլն։ Ընդհանուր լարված իրավիճակ է, որտեղ Հայաստանը կարող է այդ պատերազմական կողմերից մեկը դառնալ երբևէ։ Վտանգն այստեղ է։ 

- Ռուս-թուրքական մերձեցումը ի՞նչ նոր սպառնալիքներ կարող է ստեղծել Հայաստանի համար եւ ինչպե՞ս կարող է Հայաստանը դիմակայել դրանց։

- Նախ՝ ռուս֊թուրքական մերձեցումը այնպես չէ, որ արդեն ավարտված գործընթաց է, և մենք դրա վերջնական պտուղները քաղել և քաղում ենք։ Կա ռուս֊թուրքական մերձեցման միտում, որը շարունակաբար խորանում է։ Այսինքն՝ մերձեցման հակվածությունը երկու կողմերն էլ ցուցանում են և այդ ուղղությամբ քայլեր են ձեռնարկում, չնայած այդ մերձեցմանը խոչընդոտող քայլեր նույնպես կան, այդ թվում՝ արտաքին այլ խաղացողների կողմից, և այդ տեսանկյունից ոչինչ ավարտուն տեսքի չէ։ Ցանկացած իրավիճակում կարող են միանգամից 180 աստիճանով հակառակ գործընթացներ ծավալվել, բաժանարար սուր հակամարտային գործընթացներ ծավալվել։ Հիմա կոնկրետ այս մերձեցման պտուղն եղել է արդեն՝ Արցախը ռուսական և թուրքական մասերի բաժանելու տեսքով։ Աշխարհաքաղաքական ուժերը Արցախը կիսել են 2 մասի՝ ռուս֊թուրքական մերձեցման արդյունքում։ Դա շարունակվում է, վերջին 4 ամիսների ընթացքում ընթանում է Հայաստանի հետ կապված բոլոր տրանսպորտային և կոմունիկացիոն այլ երթուղիների բացման գործընթաց, որը ներկայացվում է մեր հայ հանրությանը, որպես ի շահ Հայաստանի։ Բայց իրականում դա ոչ թե ի շահ Հայաստանի է, այլ ամբողջությամբ ի շահ ռուս֊թուրքական մերձեցման, որպեսզի 2 գերտերությունները կարողանան ազատ կոմունիկացիաներ ունենալ։ Դրա արդյունքում, իհարկե, մենք զրկվում ենք քաղաքական գործոն լինելու հանգամանքից։ Վտանգը այստեղ է. որ Հայաստանի ինքնիշխանության մակարդակը անընդհատ անկում է ապրում։

- Հաշվի առնելով այդ մերձեցումը՝ պատերազմի դեպքում արդյո՞ք Ռուսաստանը լիարժեք կկատարի իր ռազմավարական պարտավորությունները Հայաստանի նկատմամբ։

- Դա կախված է ռուս-թուրքական մերձեցման աստիճանից կամ հակամարտության աստիճանից, երկու դեպքում էլ վտանգներ կարող են լինել, բայց կարող են լինել այնպիսի համաձայնություններ, որոնք կոնկրետ սահմաններին, տարածքային զիջումներին չեն վերաբերի, այլ կվերաբերեն միայն կոմունիկացիաներին։

- Որո՞նք են Հայաստանի անվտանգության այժմյան մարտահրավերները եւ ի՞նչ լուծումներ եք տեսնում դրանք վերացնելու ուղղությամբ։

- Անվտանգության մարտահրավերները առաջին հերթին այտնեղ են, որ Հայաստանը, որպես ինքնուրույն գործոն դուրս է եկել քաղաքական քարտեզից։ Եվ դա ազդում է այնքանով, որ սեփական անվտանգության համար պատասխանատու հայկական բանակը եւ անվտանգության համար պատասխանատվություն կրող այլ ինստիտուտները այլեւս որոշումներ չեն կայացնում, եւ վտանգը նաեւ այստեղից է բխում, որ մեր փոխարեն կարող են որոշումներ կայացնել բոլորովին այլ՝ արտաքին ուժեր։ Լուծումները կախված են իրավիճակի ճիշտ գնահատականից, գիտելիքից, կամքից եւ որոշումներ ընդունողների սկզբունքայնությունից։
Գեղամ Ադյան