Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Բանաձևում այլևս հավասարության նշանը չկա, խստորեն դատապարտվում է Ադրբեջանի հայատյաց քաղաքականությունը. Արման Եղոյանը` ԵՄ խորհրդարանի ընդունած բանաձևի մասին․ տեսանյութ

Օրերս Եվրոպական միության խորհրդարանը ձայների 635 կողմ, 2 դեմ և 42 ձեռնպահ հարաբերակցությամբ ընդունեց «Լեռնային Ղարաբաղում մշակութային ժառանգության ոչնչացման մասին» բանաձևը։ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը Civic.am-ի հետ զրույցում ասաց, որ սա կարող է առաջընթաց ապահովել միջազգային կազմակերպություններին՝ Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքներ այցելելու և հայկական մշակութային ժառանգության պաշտպանության գործում քայլեր իրականացնելու ուղղությամբ։ 

«Մենք որոշակի ազդակներ այդ կապակցությամբ տեսնում ենք Ադրբեջանի կողմից՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ներկայացուցիչների մուտքը այդ տարածքներ թույլատրելու հետ կապված։ Եվրախորհրդարանականներին հղած նամակում Ադրբեջանի դեսպանը որոշակի ռևերանսներ է արել, որ խնդիր չկա, կարող ենք կազմակերպել այց։ Միգուցե ձևական էր գրել, բայց ամեն դեպքում նման բան կա»,- ասաց նա։ 
Եղոյանը նշեց, որ փաստաթղթում լուրջ ձևակերպումներ կան. «Չեմ հիշում, որ երբևէ նման ձևակերպումներով բանաձև ընդունված լինի ԼՂ կոնֆլիկտի կոնտեքստում։ Հավասարության նշան ակնհայտորեն այլևս չկա։ Խստորեն դատապարտվում է Ադրբեջանի հայատյաց քաղաքականությունը՝ ոչ միայն հուշարձանների, այլ նաև լեզվի հետ կապված, հստակ թիվ կա նշված, թե քանի հուշարձան է գտնվում Ադրբեջանի վերահսկողության տակ։ Սա նշանակում է, որ իրենք ևս որոշակի մոնիթորինգ են արել և որոշակի տեղեկություն ունեն»։ 

Թե ինչ կտա այն մեզ, Եղոյանն ասաց, որ փաստաթուղթը պետք է ուղարկվի ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին, Եվրահանձնաժողով, ՅՈՒՆԵՍԿՕ-ին և այլն, այսինքն՝ ձևավորվում է նոր խոսույթ, որտեղ Ադրբեջանը գտնվում է արդարացողի դերում, ինչը միջազգային հարաբերություններում շատ կարևոր է։ 

Մանրամասն՝ տեսանյութում 

Վովա Հակոբյան