Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Միջխորհրդարանական միությունը որոշել է, որ վեհաժողովը տեղի է ունենալու Բալիում և Հայաստանը դրա հետ ոչ մի կապ չունի․ Հասմիկ Հակոբյան

Միջխորհրդարանական միությունը որոշել է, որ վեհաժողովը տեղի է ունենալու Բալիում և Հայաստանը դրա հետ ոչ մի կապ չունի․ Հասմիկ Հակոբյան
Քաղաքականություն
17:49, 22 март 2022
Մարտի 20-ին ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Բալի՝ մասնակցելու Միջխորհրդարանական միության 144-րդ վեհաժողովի նիստին։ Պատգամավորներից Բալի են մեկնել նաև «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության 2 պատգամավորներ՝ Հասմիկ Հակոբյանը և Ծովինար Վարդանյանը, ինչպես նաև պատվիրակության կազմում են ԱԺ աշխատակազմի գլխավոր քարտուղարը և աշխատակազմի այլ ներկայացուցիչներ։ Հայաստանը Միջխորհրդարանական միության (IPU) անդամ է: Համաժողովին 110-ը երկիր է մասնակցում ու գրեթե բոլոր երկրները խորհրդարանի նախագահի մակարդակով են ներկայացված: 

Բալիում Հայաստանը ներկայացված է նաև որպես ՀԱՊԿ-ում նախագահող երկիր, ու Միջազգային խորհրդարանական կազմակերպությանը (ՄԽԿ) հայտ է ներկայացրել, որպեսզի ՀԱՊԿ խորհրդրանական վեհաժողովը որպես դիտորդ ընդգրկվի ՄԽԿ-ում:

Civic.am-ի հետ զրույցում Հասմիկ Հակոբյանը մանրամասներ ներկայացրեց այցից և վեհաժողովի աշխատանքներից։ 

Պատգամավորը տեղեկացրեց, որ վեհաժողովն առնվազն տարեկան երկու նիստ է անցկացնում, վերջին նիստն անցկացվել է Մադրիդում, իսկ հաջորդ նիստը պլանավորվում է անցկացնել Ռուանդայում։ Հասմիկ Հակոբյանը նշեց, որ այս միությունն ունի մշտական հանձնաժողովներ, և այդ հանձնաժողովներն անընդհատ նիստեր են գումարում օրվա ընթացքում, որին ինքը իր հանձնաժողովի շրջանակներում, տիկին Վարդանյանն իր հանձնաժողովի շրջանակներում, իսկ Ալեն Սիմոնյանն էլ իր հանձնաժողովի շրջանակներում մասնակցում են աշխատանքներին։ 
  
Հարցին, թե ինչպե՞ս կմեկնաբանի ընդդիմադիրների այն հայտարարությունները, որ իրենց մեղադրել են մեծաթիվ կազմով պատվիրակությամբ Բալի մեկնելու, այնտեղ հանգստանալու և ժամանակ անցկացնելու մեջ, պատգամավորն ասաց․
«Ընդդիմությունը ցանկացած թեմա լուն ուղտ սարքելու հատկություն ունի։ Եվ փորձում են ցանկացած թեմայի հետ կապված անիմաստ դիվիդենտներ հավաքել։ Կարծում եմ՝ հարցը վեհաժողովի անցկացման վայրի հետ է կապված։ Ամեն անգամ չէ, որ Բալիում են նիստեր լինում, հիմա այս անգամ Միջխորհրդարանական միությունը որոշել է, որ նիստը տեղի է ունենալու Բալիում, և Հայաստանը դրա հետ ոչ մի կապ չունի։ Քննարկումներ են ընթանում, հնարավոր է, որ հաջորդ տարվա սկզբին Միջխորհրդարանական միության երիտասարդական ֆորումը տեղի ունենա Հայաստանում»,-ասաց Հասմիկ Հակոբյանը։

Հակոբյանը հավելեց, որ երեկ Միջխորհրդարանական միության վեհաժողովի ընթացքում հրատապ հարցի քննարկում է եղել, և քվեարկության արդյունքում օրակարգ է մտել Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունների հետ կապված հարցը։ 

Պատգամավորը տեղեկացրեց, որ իրենց օրակարգը շատ հագեցած է, օրինակ մարտի 21-ին ինքը մասնակցել է երկու հանձնաժողովների նիստերի։ «Այս ամբողջ ընթացքում շատ կարևոր են նաև միջազգային գործընկերների հետ շփումները, ծանոթությունը, փորձի փոխանակումը, որոնց ընթացքում մենք քննարկել ենք նաև Արցախի հետ կապված հարցեր։ Այս ընթացքում մենք Գերմանիայի, Իսպանիայի, Քաթարի պատվիրակությունների պատգամավորների հետ անընդհատ շփումների մեջ ենք և նաև բարձրացրեցինք Արցախի գազի հետ կապված խնդիրը, որ Ադրբեջանն անընդհատ խնդիրներ է ստեղծում։ Մենք ամեն հնարավոր միջոց օգտագործում ենք այդ խնդիրները բարձրաձայնելու համար»,-ասաց Հասմիկ Հակոբյանը։

Նա նաև նշեց, որ առջևում դեռևս երկու աշխատանքային օր ունեն և հագեցած աշխատանքային պրոցեսի մեջ են։  
Թեպետ վեհաժողովի թեման վերաբերում է կլիմայական փոփոխություններին, քննարկվել են նաև մարդու իրավունքների պաշտպանությանը, միջազգային թրաֆիքինգի և միգրացիոն քաղաքականության հարցերում խորհրդարանների դերակատարությանը, կոռուպցիայի դեմ դատական հետապնդման միջազգային համագործակցության զարգացմանը, տարբեր երկրներում խաղաղության գործընթացների նկատմամբ վերաբերմունքին, միջուկային զենքի փորձարկումների համընդհանուր արգելքին առնչվող հարցեր:

Որպես հրատապ հարցեր՝ համաժողովի ժամանակ նաև հակառուսական բանաձևեր են քննարկվել, որոնց քվեարկությանը հայկական կողմը մասնակցել և չեզոք դիրքորոշում է հայտնել:

Լիլիթ Թադևոսյան