Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Բա ինչի՞ մանդատները վայր չեք դնում, ինչի՞ եք աշխատավարձ ստանում. Գտե՛ք ձեզ. Ալեն Սիմոնյանը՝ ընդդիմությանը

«Ուզում եմ մի հարց հղել ընդդիմության ներկայացուցիչներին, այն մարդկանց, ովքեր ձայն են տվել Ռոբերտ Քոչարյանին, Սերժ Սարգսյանին և գործուղել այս մարդկանց այստեղ. լավ, բա էս մարդիկ ե՞րբ են աշխատելու, էս մարդիկ ե՞րբ են իրենց ստացած աշխատավարձը արդարացնելու»,- այսօր՝ ապրիլի 12-ին, ԱԺ հերթական նիստում հայտարարեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:

Նրա խոսքով՝ ընդդիմությունը հանդես է եկել մատների վրա հաշված օրենսդրական նախաձեռնություններով, որոնք միտված են Ռոբերտ Քոչարյանի դատավարության վրա ազդեցություն ունենալուն:

Ինչպես ընդգծեց ԱԺ նախագահը. «Ընդդիմությունը զուգորդված աշխատում է Ադրբեջանի զինված ուժերի հետ. հայտարարություն՝ սադրանք սահմանին, Նիկոլ Փաշինյան-Վլադիմիր Պուտին բարձր մակարդակով հայտարարություն՝ միտինգ: Սրանք զուգադիպություններ չեն, և սրա պատասխանը դուք պետք է տաք»:

Ալեն Սիմոնյանի խոսքով՝ նրանք միտումնավոր ներկայացան ԱԺ նիստերի դահլիճ, որպեսզի սա համարվի քաղաքական ակցիա, և իրենց աշխատավարձերը չպահվեն. «Էս ա մեր էսօրվա ընդդիմությունը: Բա ինչի՞ մանդատները վայր չեք դնում, եթե այստեղ գործունեություն չեք ծավալում, ի՞նչ եք անում դուք էստեղ, ինչի՞ եք գալիս, ինչի՞ եք աշխատավարձ ստանում, որ ձեր կայքերի համար նյութեր ապահովե՞ք, մեկ ա, դրանք ոչ ոք չի կարդում: Գտեք ձեզ»:

Մանրամասն՝ տեսանյութում