Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Իրենց իրավունքն է՝ կարող են անընդհատ 15-20 մարդով միջոցառում անել. Ալեն Սիմոնյանը՝ ընդդիմության կողմից նախատեսվող փողոցային պայքարի մասին

Իրենց իրավունքն է՝ կարող են անընդհատ 15-20 մարդով միջոցառում անել. Ալեն Սիմոնյանը՝ ընդդիմության կողմից նախատեսվող փողոցային պայքարի մասին
Քաղաքականություն
14:29, 12 октябрь 2021
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ ճեպազրույցում պատասխանելով հարցին, թե արդյոք հակասություն չկա՞ վարչապետ Փաշինյանի ասածների մեջ, երբ նախկինում նա ասում էր, որ ինքը պատերազմի համար միակ պատասխանատուն է, բայց ոչ մեղավորը, այժմ իրեն է համարում և պատասխանատուն, և մեղավորը, ասաց. «Վարչապետ Փաշինյանի ասածների մեջ վերջին 20 տարին շարունակ հակասություններ են փնտրում, բայց նրա ասածների մեջ կա ապացուցողական մեծ բազա, և ինքն իրեն չի հակասում»:

Ալեն Սիմոնյանի խոսքով՝ վարչապետն ասել է, որ ինքը թիվ մեկ մեղավորը չէ. «Գիտեք, ամենահեշտ բանն է գտնել մի հոգու և ասել, որ նա է պատասխանատու: Մարդը միշտ փորձում է իր վրայից պատասխանատվությունը գցել, ասել՝ էս մեկն է մեղավոր, և դրանով ազատել իրեն: Բայց փառք Աստծու, հայ ժողովրդի իմաստնությունը, գիտակցությունը ընտրությունների ժամանակ ցույց տվեց, որ մարդիկ շատ լավ էլ գիտեն, թե պատասխանատուներն ովքեր են: Հանրությունը իր տեսածն արձանագրեց ընտրություններում»:

Նրա խոսքով՝ ընդդիմության գործելաոճը եղել է, որ իրենք անեն այն, ինչ ուզում են. «Բայց էսօր ՀՀ ժողովուրդն է որոշում, և ժողովուրդն է անում այն, ինչ ուզում է: Ընդդիմությունը մեծ փողեր է ծախսել, մասնագետներ է բերել, մեզ փորձել են ահաբեկել, փորձել են մարդկանց համոզել, ցույց տալ, ցույց տվեցին, և էդ ամենը վերջացավ: Հիմա եթե ընդդիմությունը չփոխի իր խոսույթը, մեծ պրոբլեմներ է ունենալու, գնալով էլ ավելի է թունալաու, որովհետև էդ բառապաշարն օգտագործել են ընտրությունների ժամանակ, և մարդիկ գնահատականը տվել են»:

Արձագանքելով ընդդիմության կողմից նախատեսվող փողոցային պայքարին առնչվող հարցին՝ ԱԺ նախագահն ասաց. «Մինչև ընդդիմությունը գիտակցի, թե ինչ է իրական ընդդիմությունը, մոտավորապես 5-7 տարի ժամանակ կանցնի: Նրանք չեն կարողանալու մարդ հավաքել. հենա կառավարության դիմաց արեցին միջոցառում 15-20 մարդով: Իրենց իրավունքն է՝ կարող են անընդհատ տենց միջոցառումներ անել: Կամ նրանց դահլիճից դուրս գալը. ժողովրդական խոսք կա՝ էշ նստելը մի այիբ ա, էշից իջնելը՝ մի այիբ. ԱԺ դահլիճից որ դուրս են գալիս, էլ հետս գալս ո՞րն ա»: