Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ինքնավնասում կատարած անձի նկատմամբ վերաբերմունքը չպետք է լինի պատժողական, պետք է ցուցաբերել սոցիալ-հոգեբանական աջակցություն. Արփինե Սարգսյան

Ինքնավնասում կատարած անձի նկատմամբ վերաբերմունքը չպետք է լինի պատժողական, պետք է ցուցաբերել սոցիալ-հոգեբանական աջակցություն. Արփինե Սարգսյան
Քաղաքականություն
19:05, 21 апрель 2022
Քրեակատարողական ոլորտի խնդիրներին լուծում տալու նպատակով Կառավարությունն փոփոխություններ է առաջարկում ՀՀ քրեակատարողական օրենսգրքում ու «Ձերբակալված եւ կալանավորված անձանց պահելու մասին» օրենքում:

Նախաձեռնությունն առաջին ընթերցմամբ քննարկվել է ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի ապրիլի 21-ի նիստում:

ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանի խոսքով՝ դատապարտյալի եւ կալանավորի պարտականությունն է սեփական առողջությանը վնաս չպատճառելը: Ինքնավնասման կամ ինքնասպանության փորձերի դեպքում անձը խախտում է ներքին կանոնակարգը, որի համար կարող է ենթարկվել պատասխանատվության: Հաշվի առնելով Խոշտանգումների կանխարգելման կոմիտեի ստանդարտները եւ ՄԻՊ-ի տարբեր արձանագրումները՝ զեկուցողը փաստել է, որ ինքնավնասում  կատարած անձի նկատմամբ վերաբերմունքը չպետք է լինի պատժողական: «Անձի նկատմամբ պետք է ցուցաբերել սոցիալ-հոգեբանական աջակցություն՝ կանխարգելելու ինքնավնասման եւ ինքնասպանության փորձերը»,- ընդգծել է փոխնախարարը: Նախաձեռնությամբ առաջարկվում է վերացնել ինքնավնասման համար պատժախուցը որպես կարգապահական տույժ կիրառելու  իրավական հնարավորությունը:

Նախատեսվում է նաեւ բացառել անչափահասներին պատժախուց տեղափոխելու կարգապահական տույժը: «Սա չի նշանակում, որ անպատժելիության որոշակի մթնոլորտ է ստեղծվելու, որովհետեւ կան եւս երկու կարգապահական տույժեր՝ նկատողություն եւ խիստ նկատողություն, որոնք անձի նկատմամբ կարող են նշանակվել՝ ըստ անհրաժեշտության», -արձանագրել է Արփինե Սարգսյանը:

Հաջորդ փոփոխությունը վերաբերում է ազատազրկման դատապարտված անձանց տեղաբաշխմանը, հստակեցվում են վերջիններիս առանձին պահելու կարգավորումները:

Հարակից զեկույցում հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը նշել է, որ համակարգում ցանկացած նորամուծություն դժվար է ընդունվում, սակայն անհրաժեշտ է գնալ բարեփոխումների ճանապարհով: «Այս նախագիծը չափազանց կարեւոր է, այն 2018թ. իրականացվող  ընդհանուր բարեփոխումների մաս է»,- նշել է պատգամավորը:

Պատգամավոր Արմեն Խաչատրյանի խոսքով՝ կարգավորումները ժամանակավրեպ են: Նրա կարծիքով՝ նախ պետք է բարելավել կենցաղային վիճակը քրեակատարողական հիմնարկներում եւ պատշաճ վերահսկողություն սահմանել առկա կանոնների պահպանման նկատմամբ:

Փոխնախարարը, անդրադառնալով պատգամավորների մտահոգություններին, պատրաստակամություն է հայտնել առաջինից երկրորդ ընթերցում կրկին քննարկել գործընկերների առաջարկները:

Նախաձեռնությունն արժանացել է հանձնաժողովի հավանությանը: