Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հիմա իշխանությո՞ւնը «վախեցավ թուրքերից», թե՞ «Հայաստան» դաշինքը․ ընդդիմությունը հետ վերցրեց լսումների նախագիծը՝ լրամշակելու և շոուի շարունակությունն ապահովելու համար

Հիմա իշխանությո՞ւնը «վախեցավ թուրքերից», թե՞ «Հայաստան» դաշինքը․ ընդդիմությունը հետ վերցրեց լսումների նախագիծը՝ լրամշակելու և շոուի շարունակությունն ապահովելու համար
Քաղաքականություն
13:30, 22 апрель 2022
Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցությունը ապրիլի 21-ին նախաձեռնել էր խորհրդարանական լսումներ հայ-թուրքական հարաբերություններին վերաբերող հայտարարության տեքստի շուրջ, որը պետք է տեղի ունենար երեկ, սակայն լսումների նախորդ օրը ԱԺ-ն հայտարարեց, որ տեխնիկական խնդիրների պատճառով այն չի կայանա։ Լսումները չեղարկելու պատճառը Հայաստան-Ռուսաստան միջխորհրդարանական հանձնաժողովի արտագնա նիստն էր, որը պետք է կայանար Ստեփանավանում։ Սրան, բնականաբար, հետևեց ընդդիմության քննադատությունը։ Պատգամավոր Արծվիկ Մինասյանը ասաց, որ լսումների հետաձգման որոշումը քաղաքական է եղել։

Պատգամավորի կարծիքով՝ լսումները միտումնավոր են տապալվել. «Իրենք ակնհայտորեն, օրվա խորհրդով պայմանավորված և հարցի սրությունից ելնելով, վախենում են պարզապես որևէ նման միջոց տրամադրելուց»։

Ընդդիմությունը թեման տեղափոխեց Ազատության հրապարակ։ Հավաքվեցին, քննարկեցին, քննադատեցին, մեղադրեցին, ֆեյսբուքյան էջով հայտարարություն հրապարակեցին, իսկ այսօր ԱԺ Արտաքին հարաբերությունների  մշտական հանձնաժողովի նիստի ընթացքում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը հայտարարեց, որ նախագիծը լրամշակման կարիք ունի, և առաջարկեց հետաձգել հարցը, լրամշակել, որից հետո նոր կներկայացնեն լրամշակված, ամբողջական տարբերակը։ «Առաջարկում եմ հետաձգել այս հարցը հիմա, և լրամշակման գործընթացն անելուց հետո մենք ձեզ կներկայացնենք վերջնական տարբերակը, որն էլ ճիշտ կլինի հանձնաժողովով քննարկել»,- ասաց Արմեն Ռուստամյանը։ 

Հիշեցնենք, որ լսումները նախատեսված էին ապրիլի 21-ին, իսկ այսօր ապրիլի 22-ն է, և աղմկահարույց լսումներն արդեն իսկ պետք է կայացած վերջացած լինեին։ Ստացվում է՝ ընդդիմությունը ոչ ամբողջական, ոչ պատրաստի, լրամշակման անհրաժեշտություն ունեցող նախագիծ է բերել, բայց քննադատում է իշխանությանը, տարատեսակ դավադրապաշտություններ դաշտ նետում, իսկ պարզվում է՝ իրենց նախագիծը ամբողջական չէ և լրամշակման կարիք ունի։ Եթե լսումները կայանային, ի՞նչ էին ներկայացնելու, քննարկելու ԱԺ լսումների ընթացքում՝ ոչ ամբողջական տարբերա՞կը։ Ակնհայտ է, որ ընդդիմության համար կարևորը ոչ թե բովանդակությունն է, այլ ձևը և բարձրացված աղմուկը։ 

Վովա Հակոբյան