Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հակակոռուպցիոն քաղաքականության մեջ ընդդիմությանը տրվել է 0 դերակատարություն. «Հայաստան»-ը չի մասնակցելու քվեարկությանը. Արծվիկ Մինասյան

Այսօր՝ սեպտեմբերի 14-ին, Ազգային ժողովում  շարունակվում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի թեկնածուի ընտրության հարցի քննարկումը: Հիշեցնենք, որ այդ պաշտոնում առաջադրվել է Մարիամ Գալստյանի թեկնածությունը:

«Հակակոռուպցիոն քաղաքականությունը չի կարող ունենալ դրական արդյունք, որովհետև նախ՝ կոռուպցիան ծնող հիմնական շարժառիթն ու պատճառը իշխանական ազդեցության լծակն է»,- հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը:
Նրա խոսքով՝ քաղաքական ընդդիմությունը պետք է ունենա լծակներ՝ զսպելու համար կոռուպցիոն դրսևորումները. «Հակակոռուպցիոն մարմնի ղեկավարումը պետք է տրվի ընդդիմությանը, մինչդեռ քաղաքական ընդդիմությանը տրվել է 0 դերակատարություն: Տիկին Տիգրանյան, դուք ներկայացնում եք իշխող քաղաքական ուժը, իսկ ո՞ւր է ընդդիմությունը»:

Արծվիկ Մինասյանը նշեց, որ այս համակարգը վստահություն չի ներշնչում, և «Հայաստան» խմբակցությունը չի մասնակցելու քվեարկությանը: