Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ԱՄՆ Կոնգրեսում Հայոց ցեղասպանության թեմայի դասավանդման համար ֆինանսական միջոցներ հատկացնելու մասին օրինագիծ է ներկայացվել

ԱՄՆ Կոնգրեսում Հայոց ցեղասպանության թեմայի դասավանդման համար ֆինանսական միջոցներ հատկացնելու մասին օրինագիծ է ներկայացվել
Քաղաքականություն
22:46, 22 апрель 2022
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում ներկայացվել է օրինագիծ՝ Հայոց ցեղասպանության թեմայի դասավանդման համար ֆինանսական միջոցներ հատկացնելու մասին: Ինչպես հաղորդում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA), փաստաթղթի համահեղինակներ, սենատորներ Քերոլին Մելոնին և Գաս Բիլիրակիսին միացել են Կոնգրեսի երկու կուսակցությունները ներկայացնող շուրջ 50 օրենսդիրներ: Այս օրինագիծը նախատեսում է 5 տարվա ընթացքում 10 մլն դոլար հատկացնել Կոնգրեսի գրադարանի՝ Հայոց ցեղասպանության պատմության, դասերի և հետևանքների մասին կրթական ծրագրերի ֆինանսավորման համար:

«Եթե մենք դասեր չքաղենք պատմությունից, մենք դատապարտված ենք դրա կրկնությանը։ Ահա թե ինչու ես հպարտ եմ, որ ներկայացնում եմ այս նախաձեռնությունը Հայոց ցեղասպանության ոլորտում։ Կոնգրեսի երկու պալատները ձայների ճնշող մեծամասնությամբ կողմ քվեարկեցին Հայոց ցեղասպանության պաշտոնական ճանաչմանը, իսկ անցյալ տարի նախագահ Բայդենը հստակ հասկացրեց, որ Միացյալ Նահանգների պաշտոնական դիրքորոշումն այն է, որ այդ սիստեմատիկ սպանությունները ցեղասպանություն էին:

Չափազանց կարևոր է, որ այժմ մենք ամերիկացիներին հասանելիություն ապահովենք այն ռեսուրսներին, որոնք նրանց անհրաժեշտ են այդ վայրագության մասին իմանալու և պատմելու համար», – հայտարարել է կոնգրեսական Մելոնին։ Ներկայացուցիչների պալատի անդամ Բիլիրակիսն էլ իր հերթին նշել է. «Մենք պետք է ճանաչենք անցյալի վայրագությունները, որպեսզի կարողանանք կանխել դրանք ապագայում։ Այդ նպատակին հասնելու լավագույն միջոցներից մեկը կրթությունն ու իրազեկվածության բարձրացումն է, ուստի ես հպարտ եմ, որ Քերոլին Մելոնիի հետ միասին ներկայացնում եմ Հայոց ցեղասպանության ոլորտում կրթության մասին օրենքը»։