Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի հայկական հանձնախումբը ստորագրահավաք է սկսել՝ Բայդենից պահանջելով ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի հայկական հանձնախումբը ստորագրահավաք է սկսել՝ Բայդենից պահանջելով ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Միջազգային
18:14, 09 апрель 2021
ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի գործողությունների շնորհիվ՝ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի հայկական հանձնախումբը նախաձեռնել է երկկուսակցական ստորագրահավաք, որով ԱՄՆ նախագահ Բայդենին կոչ է արվում ապրիլի 24-ի ուղերձում ճանաչել Հայոց ցեղասպանությունը։

Ինչպես հայտնեցին ՀՅԴ Հայ դատի կենտրոնական գրասենյակից, ստորագրահավաքը նախաձեռնել են հայտնի կոնգրեսականներ և մեր ժողովրդի մեծ բարեկամներ Ադամ Շիֆը, Գուս Բիլիրակիսը, Ֆրենք Փալոնը, Դեյվիդ Վալադաոն, Ջեքի Սփեյերը։
Հատկանշական է, որ նախորդ ամիս նույն պահանջով երկկուսակցական ստորագրավաք է նախաձեռնվել նաև ԱՄՆ Սենատում, առանցքային՝ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Մենենդեզի նախաձեռնությամբ, որին միացել էին թվով 38 սենատորներ, գրում է newarmenia.am-ը։

Նախագահ Բայդենին ուղղված նամակի տեքստը թարգմանաբար ներկայացնում ենք ստորև․

«Մեծարգո նախագահ Բայդեն

Այս ամսվա վերջին՝ ապրիլի 24-ին, աշխարհը կհիշատակի Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցը՝ Օսմանյան կայսրության կողմից 1.5 միլիոն հայերի համակարգված սպանությունը և միլիոնավորների տեղահանությունը 1915-1923 թթ.: Արդեն տասնամյակներ աշխարհի առաջնորդները ճանաչում են 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը, սակայն Միացյալ Նահանգների նախագահը լռություն է պահպանում: Մենք միանում ենք Ամերիկայի հպարտ հայ համայնքին և բոլոր նրանց, ովքեր սատարում են ճշմարտությանն ու արդարությանը՝ խնդրելով Ձեզ ապրիլի 24-ի հայտարարության մեջ հստակ և ուղղակիորեն ճանաչել Հայոց ցեղասպանությունը:

Մենք գիտենք, որ սա մի հարց է, որին դուք քաջածանոթ եք Սենատում գտնվելու և իբրև փոխնախագահ պաշտոնավարելու ժամանակահատվածից, ներառյալ 212-րդ բանաձևի պաշտպանությունը, որով 1990 թ. ապրիլի 24-ը հայտարարվեց որպես Հայոց ցեղասպանության 70-րդ տարելիցի ազգային ոգեկոչման օր։ Մենք նաև գնահատում ենք, որ իբրև փոխնախագահ, 2015 թ. Դուք Ազգային տաճարում ներկա գտնվեցիք Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչմանը։ Այդ նույն ընթացքում, Հռոմի Ֆրանցիսկոս պապը Սուրբ Պետրոսի տաճարում Հայոց ցեղասպանության վերաբերյալ հայտարարեց. «Չարիքը թաքցնելը կամ ժխտելը նման է նրան, որ թողնես վերքը արնահոսի՝ առանց վիրակապելու»:

Մեկ դար առաջ տեղի ունեցածի պատմական փաստը վիճարկման ենթակա չէ: Ժամանակի ամերիկյան դիվանագետները փաստաթղթավորել են հայերի զանգվածային սպանդը, չնայած նրանք խոսք չունեին այն բանի համար, ինչի ականատեսն են եղել: Միայն տասնամյակներ անց էր, որ Ռաֆայել Լեմկինը ստեղծեց «ցեղասպանություն» տերմինը, և դա արեց հատուկ ` հաշվի առնելով հայ ժողովրդի բնաջնջման փորձը:

Այս տարի պատշաճ կերպով որակելով ցեղասպանությունը, Դուք կմիանաք Ներկայացուցիչների պալատին և Սենատին, որոնք ճնշող մեծամասնությամբ 2019 թ ընդունեցին ճանաչման բանաձևեր։ Ավելին, Կոնգրեսի գրադարանը արդեն ձեռնարկել է կարևոր մի քայլ և Հայոց ցեղասպանության թեմայով գրքերը դասակարգել «Հայոց ցեղասպանություն»՝ պատմականորեն ճշգրիտ խորագրի ներքո:

Պարո՛ն նախագահ, ինչպես նախորդ տարի ասացիք ապրիլի 24-ի ձեր հայտարարության մեջ՝ «Լռությունը հանցակցություն է»: Հայոց ցեղասպանության պատմական փաստի վերաբերյալ Միացյալ Նահանգների կառավարության ամոթալի լռությունը չափազանց երկար է տևել և այն պետք է ավարտվի: Մենք ձեզ հորդորում ենք հետևել ձեր հանձնառություններին և ասել ճշմարտությունը»: