Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Դատախազությունը ԴԱՀԿ-ի Միհրան անունով հայտնի Միհրան Պողոսյանին, նրա կնոջն ու դստերը ապօրինի ծագման գույքի գործով ծանուցումներ է ուղարկել․ Պողոսյանը հետախուզման մեջ է

Դատախազությունը  ԴԱՀԿ-ի  Միհրան անունով հայտնի Միհրան Պողոսյանին, նրա կնոջն ու դստերը ապօրինի ծագման գույքի գործով ծանուցումներ է ուղարկել․ Պողոսյանը հետախուզման մեջ է
Քաղաքականություն / Հայաստան
15:30, 27 апрель 2022
ՀՀ դատախազությունը ապօրինի գույքի բռնագանձման գործով ապրիլի 25-ին ծանուցում է ուղարկել ՀՀ դատական ակտերի   հարկադիր կատարման նախկին ղեկավար, հանրությանը որպես ԴԱՀԿ-ի Միհրան հայտնի Միհրան Պողոսյանին, նրա կնոջը Կարինե Հարությունյանին եւ դստերը՝ Լիա Պողոսյանին։ 

Ծանուցագրեր հրապարակվել են azdarar.am կայքում։ Նշենք, որ Միհրան Պողոսյանը համալրել է հեղափոխությունից հետո Հայաստանից փախած ու արդարադատությունից խույս տված նախկին պաշտոնյաների ցուցակը։ 

Հանրապետական կուսակցության  նախկին պատգամավորը, նշենք,  2019 թվականին   «օֆշորի» հայտնի գործով ներգրավվել է որպես մեղադրյալ։  Հիշեցնենք՝ Ապրիլյան պատերազմի  օրերին՝ 2016 թվականի ապրիլի 4-ին պայթած  օֆշորային սկանդալի կապակցությամբ «Հետք»-ի հրապարակման հիման վրա Հատուկ քննչական ծառայությունում   քրեական գործ էր հարուցվել ՔՕ  310-րդ հոդվածի հատկանիշներով՝ պաշտոնատար անձի կողմից ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելը:   «Պանաման նվաճած հայ գեներալը․ Միհրան Պողոսյանի օֆշորային ընկերությունները և հաշիվները շվեյցարական բանկերում» վերնագրով  հրապարակումը վերաբերում էր Պանամական փաստաթղթերին, որոնցում ի թիվս այլոց,  հիշատակվում էր նաև ԴԱՀԿ  այժմ արդեն նախկին ղեկավար Միհրան Պողոսյանի, նրա քեռիների՝ Գրիգորի եւ Միխաիլ Հարությունյանների ընտանիքների անդամների անունները։  Պանամական փաստաթղթերում, նկատենք,  հիշատակվում էին նաեւ ՌԴ նախագահ Վ․ Պուտինի, Ադրբեջանի նախագահ Ի․ Ալիևի անունները։ 

 Հիշեցնենք, որ վերագրվող օֆշորային սկանդալի քրեական գործով վարույթը 2017-ին կարճվել էր՝  հանցակազմի բացակայության հիմքով,  գործի վարույթը  վերսկսվեց   միայն հեղափոխությունից հետո, 2019 թվականի հունվարի 24-ին։  Պողոսյանը հրավիրվել էր ՀՔԾ, սակայն չէր ներկայացել, պատճառաբանելով, թե արտերկրում է։ 
 
Իսկ արդեն 2019 թվականի ապրիլին ՀՔԾ-ի Պողոսյանին մեղադրանք   առաջադրեց  ՔՕ 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 308-րդ հոդվածի 2-րդ մասով՝ հանրորեն վտանգավոր այն արարքների կատարման համար, որ նա, օգտագործելով պաշտոնեական դիրքը, վատնման եղանակով առանձնապես խոշոր չափերով գույք է հափշտակել և չարաշահել իր պաշտոնեական լիազորությունները, ինչն առաջացրել է ծանր հետևանքներ:  ՀՔԾ-ն կոռուպցիոն մեծ շղթա գործարկած Միհրան Պողոսյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացրել, նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում։ 
 
1 մլն 190 հազար դոլարի լվացում. Միհրան Պողոսյանի մեղադրանքը լրացվել է
 
2019 թվականի սեպտեմբերին ՀՔԾ-ում  քննվող քրեական գործի շրջանակներում  Պողոսյանը որպես մեղադրյալ է ներգրավվել նաև ՀՀ քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցավոր արարք կատարելու, այն է` հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով գույքն օրինականացնելու /փողերի լվացման/ համար:

Այսպես, Միհրան Պողոսյանը ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու արդյունքում հանցավոր ճանապարհով ստացված, իր կողմից փաստացի կառավարվող մի շարք ընկերությունների գործունեության, ինչպես նաև "Քեթրին Գրուպ" ՍՊ ընկերության և դրա հետ փոխկապակցված այլ կազմակերպությունների կողմից առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու հետևանքով ձեռք բերված առանձնապես խոշոր չափերով՝ 1.190.000 ԱՄՆ դոլարի ծագման իրական աղբյուրը թաքցնելու, խեղաթյուրելու և այդ գումարն օրինականացնելու նպատակով այն ձևակերպել է իբրև փոխառություն, փոխանցել "Քեթրին Գրուպ" ՍՊ ընկերության բանկային հաշվեհամարին և օգտագործել ընկերության ընթացիկ գործունեության, այդ թվում՝ վարկային պարտավորությունները մարելու համար:

Մասնավորապես, Մ. Պողոսյանի և «Քեթրին Գրուպ» ՍՊ ընկերության միջև 11.05.2015թ.-ին կնքված ձևական պայմանագրի համաձայն՝ Մ. Պողոսյանը ֆինանսական ժամանակավոր օգնություն տրամադրելու անվան տակ 500.000 ԱՄՆ դոլարի չափով անտոկոս փոխառությամբ դրամական միջոցներ է տրամադրել «Քեթրին Գրուպ» ՍՊ ընկերությանը, որից հետո` 2015թ.-ի մայիսի 11-ին և 26-ին, հիշյալ գումարից համապատասխանաբար 96.000.000 ՀՀ դրամին համարժեք 200.000 ԱՄՆ դոլարը և 143.700.000 ՀՀ դրամին համարժեք 300.000 ԱՄՆ դոլարը փոխանցել է փաստացի իրեն պատկանող «Քեթրին Գրուպ» ՍՊ ընկերության բանկային հաշվեհամարին:

Բացի այդ, Մ. Պողոսյանի կողմից փաստացի կառավարվող, Պանամայի Հանրապետության օֆշորային գոտում գրանցված ընկերության և «Քեթրին Գրուպ» ՍՊ ընկերության միջև 23.05.2015թ.-ին կնքված անտոկոս փոխառության պայմանագրի հիման վրա Մ. Պողոսյանի կողմից լիազորված անձը 329.130.000 ՀՀ դրամին համարժեք 690.000 ԱՄՆ դոլար է փոխանցել «Քեթրին գրուպ» ՍՊ ընկերության բանկային հաշվեհամարին:

Վերոհիշյալ գործողություններով Մ. Պողոսյանը թաքցրել է ապօրինի ձեռնարկատիրական գործունեությանն իր մասնակցության արդյունքում ձեռք բերված առանձնապես խոշոր չափերով՝ 568.830.000 ՀՀ դրամին համարժեք 1.190.000 ԱՄՆ դոլարի ծագման իրական աղբյուրը` այդպիսով օրինականացնելով այն:

Ուշագրավ է, որ անցյալ տարի տեղի ունեցած ԱԺ ընտրությունների ժամանակ «Քեթրինի Միհրանը», որը պանամական սկանդալից հետո ինդուլգենցիա էր ստացել Սերժ Սարգսյանից ու մեկ տարի անց ՀՀԿ ցուցակով պատգամավոր էր դարձել, որպես պատգամավորի թեկնածու ներառվել էր  «Պատիվ ունեմ»-ի ցուցակի 11-րդ տեղում։ Սակայն Պողոսյանի գրանցումը ԿԸՀ-ն  անվավեր ճանաչեց՝ վերջին 4 տարում Հայաստանում մշտապես չբնակվելու պատճառով: Սակայն ՀՀ վարչական դատարանը  բավարարել   էր Մ․  Պողոսյանի ներկայացուցչի հայցը՝ անվավեր է  համարել ԿԸՀ որոշումը։ 

Ի՞նչ գույք ունի հետախուզվող Պողոսյանը

Դատելով  ԴԱՀԿ նախկին պետի՝ ԿԸՀ ներկայացրած  հայտարարագրից՝ վերջինս  12 անշարժ գույք ունի: Պողոսյանն համատեղ սեփականությամբ ունի՝ 2 բնակելի տուն Երեւանի Բաբայան փողոցում, 9 հասարակական տարածք եւ 1 ավտոտնակ: Նա նաեւ համատեղ սեփականություն որպես հայտարարագրել է «Range Rover 5.0 supercharged vogue» մակնիշի ավտոմեքենա:  Նա հայտարարագրել էր նաեւ վարձակալության դիմաց ստացած  եկամուտը՝   «Մրգենի», «Սեֆթի», «Ակուա», «Նուտրիբեյբի», «Ֆրուտիմէքս», «Շիկշեյփ», «Սիթի» եւ «Մայ Կրեդիտ ՈՒՎԿ» ՍՊԸ-ներից՝ ընդհանուր առմամբ 66 մլն 93 հազար դրամի չափով: Պողոսյանի դրամական միջոցները կազմել են 556 մլն դրամ եւ 50 հազար դոլար: 

Պողոսյանի կնոջ 70 հազար դոլարանոց ավտոմեքենան ու երեխաների հայտարարագրերը 

Նրա կինը, ըստ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով  ներկայացված հայտարարագրերի (սկսած 2014 թվականից), տիրապետում է դրամական միջոցների, որոնց աղբյուրը, սակայն, հայտնի չէ։ Այսպես՝ 2014 թ․ հայտարարագրում Կարինե Մխիթարյանը հայտարարագրել է 16 մլն դրամական միջոց, որը տարեվերջում կազմել է 15 մլն։  2015 թվականի տարեկան հայտարարագրում Մխիթարյանը  որպես դրամական միջոց տարեսկզբին հայտարարագրել է 15 մլն դրամ, որը տարեվերջում կազմել է 2 մլն դրամ։ Նույն տարում տիկինը հայտարարագրել է  70 հազար ԱՄՆ  դոլարով գնված շարժական գույքը՝  RANGE ROVER SPORT – HSE ավտոմեքենա։ 2016 թվականին՝ ամուսնու օֆշորային գործարքների բացահայտման  տարում, Կ․Մխիթարյանը հայտարարագիր չի ներկայացրել, իսկ 2017 թ․  հայտարարագրում տիկինը տարեսկզբին հայտարարագրել է 10 մլն դրամ, որը տարեվերջին կազմել է 2 մլն դրամ։ Որպես եկամտի աղբյուր տիկնը նշել է աշխատանքի դիմաց ստացված վարձատրությունը, որը կազմել է 2 մլն 81 հազար դրամ։  2018 թվականին տիկին Մխիթարյանը դարձյալ միայն դրամական միջոցներ է հայտարարագրել՝ տարեսկզբին 12 լն դրամ, որը տարեվերջին կազմել է 9 մլն դրամ։ Որպես եկամտի աղբյուր տիկինը նշել է աշխատանքի դիմաց ստացած վարձատրությունը, որը կազմել է 1 մլն 990 հազար դրամ։ Թե ինչպես է ստացվել, որ տիկնոջ դրամական միջոցներն ավելի մեծ են, քան աշխատավարձը, թերեւս պարզաբանի Կառուպցիայի կանխարգելման հանձնաժողովը։ Մ․ Պողոսյանի դուստրը՝ Լիան, եւս  Հանձնաժողով է ներկայացրել իր 2017 եւ 2018 թվականների հայտարարագրերը, որոնցում ոչ մի միջոց հայտարարագրված չէ։ 

Պողոսյանը ունի նաեւ երկու որդի՝ Վահե եւ Հենրի Պողոսյանները, որոնց հայտարարագրերում եւս «դատարկություն» է՝ գույքի  մասին ոչ մի նշում չկա։
 
Հեղինե Մանուկյան