Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Սաբոտա՞ժ է, թե՞ ուրիշ բան, պետք է մտածի իշխանությունը, բայց ոստիկանության նման անհաղորդ պահվածքը ինձ համար նորություն չէ. քաղաքագետ

Սաբոտա՞ժ է, թե՞ ուրիշ բան, պետք է մտածի իշխանությունը, բայց ոստիկանության նման անհաղորդ պահվածքը ինձ համար նորություն չէ. քաղաքագետ
Քաղաքականություն / Հայաստան
19:40, 28 апрель 2022
Երեկ ընդդիմության հավաքի մասնակիցների կողմից «Անտարես» հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանը բռնության էր ենթարկվել: Civic.am-ի հետ զրույցում քաղաքագետ  Ստյոպա Սաֆարյանը անդրադառնալով վերոհիշյալ միջադեպին՝ հիշեցրեց իր մի քանի օր առաջ արված գրառումը։ Ըստ այդմ՝ Սաֆարյանը փողոցներում անվադողեր այրող ցուցարարներին հորդորել էր դրանք տանել Արցախ, քանի որ սահմանին դրանց կարիքը կա և ոչ թե՝ Երևանի կենտրոնում։ 

Ֆեյսբուքյան այդ գրառումից հետո քաղաքագետը սպառնալիքներ էր ստացել մի քանի հոգուց,  թե՝ հեսա ձեզ էլ ենք հասնելու»։  

«Սա տեղի է ունեցել մինչև՝ վերջին օրերի ծեծի և բռնության էպիզոդները։ Այժմ էլ դուք սոցցանցերում կարող եք գտնել գրառումներ, որոնք ուղղակի անոնս են տալիս, որ շուտով մարդ առ մարդ մոտենալու են՝ ենթադրաբար  բնության ենթարկելու  նպատակով։  Ընդդիմությունը գիտակցում է, որ չի կարողանում մարդաշատություն ապահովել իրենց ակցիաների համար, ապրիլի 23-ի ջահերով քաղաքականացած երթին մասնակցած քաղաքացիներից շատերը հաջորդող օրերին փողոցներ դուրս չեկան, և ակնհայտ էր, որ երթին ներկա գտնվածների մեծ մասը դրան  մասնակցել էր՝ հարգելու  Ցեղասպանության զոհերի հիշատակը։  Եվ ահա, ընդդիմությունը բռնության այսպիսի մեթոդներով փորձում է վախեցնել մարդկանց,  որոնք կհանդգնեն որևէ  թթու խոսք ասել իրենց ակցիաների մասին։ Ըստ որում, հետաքրքիր է, որ չեն էլ  թաքցնում պոտենցիալ բռնության ենթակա զոհերի անունները, դրանք այն  մարդիկ են, ովքեր սոցցանցերում ընդդիմությանը չեն աջակցում, հետևապես՝ թիրախավորվում են։ 

Արմեն Մարտիրոսյանի հայտնվելը այդ տարածքում, ինչպես ինքն է ներկայացրել, եղել է պատահական, և նա ենթարկվել է բռնության, այսպես ասած, հանգամանքների բերումով։  Սակայն կան անուններ, որոնք բացեիբաց տրվում են ու թիրախավորվում են։ Ընդդիմությունն ու նրանց քարոզիչները իրենց ներշնչել են, որ այս իշխանության գոյության երաշխավորը բլոգերները, հանրային կարծիք ստեղծողներն են և եթե իրենց լռեցնեն, հարցերը լուծեն, վախեցնեն, այդ դեպքում իշխանության զավթման խնդիրը կհեշտանա։ Սա, կներեք, մառազմ է»։

Նկատեցինք, որ նախկին իշխանությունները բլոգերային ինդուստրիայի, քարոզչական հզոր միջոցների  տերեր են, և եթե բոլգերներն են իշխանության երկարակեցությունը երաշխավորում, ապա Քոչարյանն ու Սարգսյանը պետք է  ցկեանս կառավարեին։  

«Ակնհայտորեն իրենք չեն հասկացել, թե ինչու և ինչպես է հեռացվել իրենց իշխանությունը, և ինչու և ինչի հաշվին է մնում այս իշխանությունը։ Իրենք եթե այս ամենի պատճառները վերլուծեն, ապա կհասկանան, որ բլոգերները, ստատուս գրող լսարան ունեցող անձինք ոչինչ չեն որոշում իշխանության պահպանման հարցում։ Իշխանությունը պահողը ժողովուրդն է, և դա ամրագրվել է նաև 2021 թվականի ընտրությունների ժամանակ, ընտրողի ցուցաբերած վարքագծով, թե ինչու ժողովուրդը որոշեց  պատերազմում նման արդյունք արձանագրած իշխանությանը պահել, չփոխել։   Սա ռացիոնալ հաշվարկի վրա կատարված քվեարկություն է եղել, որը, եթե անգամ ինձ ու իրենց դուր չգա, անհերքելի փաստ է»։ 

Պարոն Սաֆարյանը նկատեց,  որ Արմեն Մարտիրոսյանի հանդեպ կիրառված բռնությունը ոմանք անամթաբար փորձեցին հիմնավորել՝ վկայակոչելով նրա գրառումն այն մասին, որ ազատագրված տարածքները եղել են  Ադրբեջանի մաս։ 

«Կներեք, այդ տարածքները անգամ Արցախը չի համարել իրենը՝ իր Սահմանադրության մեջ ակնարկելով, որ դրանք ենթակա են վերադարձի՝ եթե կարգավիճակի խնդիրը լուծվի»,- ասաց Սաֆարյանը: 

Այդ տրամաբանությամբ առաջնորդվելու դեպքում, Սաֆարյանի խոսքով,  «Արցախի նախկին ղեկավարությանը պետք է գնդակահարել, Սերժ Սարգսյանին էլ, որն ասել է՝ «Աղդամը մեր հայրենիքը չէ», ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանին էլ, որը 2000-ականների սկզբին ասում էր, որ այդ տարածքները օկուպացված են, բոլոր ՀՀ նախագահներին էլ, որոնք Արցախի խնդրի կարգավորման բոլոր տարբերակներում ասել են, որ, այո՛, էդ տարածքները վերադարձի ենթակա են»։  

Անդրադանալով ոստիկանության  պահվածքին՝ Սաֆարյանը նկատեց․  «Այո՛, կհամաձայնեմ այն դիտարկմանը, որ ոստիկանության պահվածքը բռնությունը կանխելու առումով խիստ տարօրինակ էր։ Ասեմ, որ նման պահվածքի ես քանիցս եմ ականատես եղել, երբ քրոջս՝ Սեդա Սաֆարյանին, ուղեկցում էի դատարան մտնելիս և տեսնում էի, թե ինչպես են ոստիկանները հավասարության նշան դնում հոգեբանական բռնության ենթարկվածների և հայհոյանք, անեծքներ տեղացողների միջև։ Նրանց չէր թվում, որ մյուս կողմը ակնհայտրեն հանցագործություն է կատարում և պետք է սաստել։ Սա սաբոտաժ է, թե ուրիշ բան, պետք է մտածի իշխանությունը, բայց կրկնում եմ, ոստիկանության նման անհաղորդ պահվածքը ինձ համար նորություն չէ»։
 

Հեղինե Մանուկյան