Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Քաղաքում վխտում են բանդայի ներկայացուցիչները, բռնության կոչ անող լածիրակները, պիտի վզներից բռնեն, կարգի բերեն. քաղաքագետ. ՀԺ

Քաղաքում վխտում են բանդայի ներկայացուցիչները, բռնության կոչ անող լածիրակները, պիտի վզներից բռնեն, կարգի բերեն. քաղաքագետ. ՀԺ
Քաղաքականություն
22:55, 26 апрель 2022
Այո՛, Արցախը ունի փրկության կարիք, սակայն ընդդիմության նման «փրկիչներից» փրկելու կարիք ունի այն: «Հայկական ժամանակի» հետ զրույցում ասում է քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը՝ անդրադառնալով ընդդիմության վերջին օրերի գործողություններին, որը նրանք ներկայացնում են որպես Արցախի փրկության համար մղվող պայքար:

Մեհրաբյանի կարծիքով՝ պատմության մեջ այս ընդդիմությունը մեկ անգամ արդեն փորձել է փրկել Արցախը՝ 1998 թվականին, և այդ փրկության հետևանքներն արդեն 20 տարի է՝ հայ ժողովուրդն իր մաշկի վրա զգում է: «Դրա արդյունքն էլ 2020 թվականի 44-օրյա պատերազմն էր: Հետևապես այս ամենը էժան մանիպուլյացիա է, անլուրջ «ղարմաղալ», հանրությունը լուրջ չի վերաբերվում»,- ասում է Մեհրաբյանը:

Դիտարկմանը՝ Արցախի նախագահը հայտարարել է, որ կապի մեջ է ՀՀ կառավարության ղեկավարի հետ, և վերջինս Արցախի մասով որևէ փաստաթուղթ չի պատրաստվում ստորագրել առանց Արցախի ժողովրդի հետ համաձայնեցման, ինչպես նաև օրեր առաջ՝ ՀՀ կառավարության նիստի ժամանակ, Նիկոլ Փաշինյանը շեշտել էր, որ Արցախը իր կամ առարկա չէ, որ հանձնես կամ չհանձնես, չի կարող դա տեղի ունենալ առանց հանրության կարծիքը հաշվի առնելու, հարցադրմանը՝ հետևաբար այս պահին ո՞րն է ընդդիմության գործողությունների նպատակահարմարությունը, քաղաքագետը վստահ է՝ պատճառը իշխանությունը զավթելն է:«Եթե իրենք իսկապես ցանկանում են Արցախը փրկել, ապա թող գնան Արցախ, ոչ թե Կոմիտասի պողոտան փակեն: Այս ակցիաներով ոչինչ չի հաջողվելու»,- նկատում է Մեհրաբյանը՝ միևնույն ժամանակ դժգոհելով իրավապահների մեղմ գտնվելուց:

«Քաղաքում վխտում են այն բանդայի ներկայացուցիչները, որոնք նոյեմբերի 9-ին մտել էին կառավարական շենքեր: Իրավապահները պետք է շարժվեն օրենքով: Բռնության կոչեր անող լածիրակները վխտում են փողոցներում, անպատիժ շրջում են և եթե չպատժվեն, ապա շարունակելու են իրենց գործողությունները: Հայաստանում բռնության կոչերը քրեականացված են: Թող դրանց վզներից բռնեն, պատասխանատվության ենթարկեն, կարգի բերեն»,- պնդում է քաղաքագետը:

Նրա խոսքով՝ չգիտի, թե իշխանություններն ինչո՞ւ չեն գնում այդ քայլին, սակայն վստահ է՝ ընդդիմության այս քայլերը իշխանությանը ձեռնտու չեն. «Սա ընդդիմություն չէ, սա չարիք է, չարորակ ուռուցք: Նրանց գործունեությունը չարիք է պետության համար»:

Ընդդիմության ցանկացածը ոչ թե հեղափոխությունն է, այլ հեղաշրջումը, սակայն չեն հաջողելու, վստահ է քաղաքագետը:«Կրկնօրինակում են 2018 թվականի հեղափոխությունը՝ կարծելով, թե կհասնեն հաջողության: Մի ասացվաք կա՝ «Կապիկն ու ակնոցը»: Կապիկը ակնոց է դնում, բայց խելացի չի դառնում: Հիմա սրանցն է: Նույն բանը, որ անում են, չի նշանակում, թե հաջողության են հասնելու: Շահագործում են Արցախի թեման, որը շատ զգայուն է այսօր: Կարծում են՝ դրանով շատ մարդ կհավաքեն: Բռնության կոչերով են հանդես գալիս: Դատախազությունը պետք է զբաղվի դրանով՝ պետության շահերը պաշտպանելով: ԱԱԾ-ն էլ պետք է այդ թափթփուկներով զբաղվի»,- ասում է նա:

Մեհրաբյանի խոսքով՝ իշխանությունը ամեն դեպքում պետք է զգոն լինի, քանի որ ընդդիմությունը ցանկանում է արդար ընտրությունների միջոցով ընտրված իշխանությանը հեռացնել:«Սրան պետք է տրվի իրավաքաղաքական բնորոշում: Նստացույց են անում կամ հանրահավաք, թող անեն, սակայն բռնության կոչեր անել չի կարելի: Փորձերը բազմաթիվ են, և այդպիսի կոչեր անողները պետք է պատժեն, նոյեմբերի 9-ի գիշերվա միջադեպերի քրեական գործերն էլ պետք է ավարտին հասցվեն»,- ասում է Մեհրաբյանը: