Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Զարթնիր լաո»-ն ՀՓՇ-ից մի քանի անգամ քիչ մարդ է հավաքում․ հասարակությունը պարզ տեսնում է Արցախի հարցի մանիպուլյացիան ու ընդդիմության իրական նպատակը

«Զարթնիր լաո»-ն ՀՓՇ-ից մի քանի անգամ քիչ մարդ է հավաքում․ հասարակությունը պարզ տեսնում է Արցախի հարցի մանիպուլյացիան ու ընդդիմության իրական նպատակը
Քաղաքականություն
17:20, 26 апрель 2022
Խորհրդարանական երկու ընդդիմադիր դաշինքների նախաձեռնած փողոցային ակցիաներն իրենց ակնկալած արդյունքը չեն տալիս։ Հանրային լայն շրջանակներն անարձագանք են թողնում «Զարթնիր լաո» կոչերը։ Տևական ժամանակ է չի հաջողվում մոբիլիզացնել 2-3 հազարից ավելի ցուցարար։  Ի տարբերություն «Հայրենիքի փրկության շարժման» առաջին փուլի, որը մեկնարկել էր 2020 թ․-ի նոյեմբերի 10-ից, այս անգամ ընդդիմության ներկայացուցիչները փոքր ինչ փոխել են մարտավարությունը, բեմահարթակը տրամադրել են ավելի երիտասարդ ներկայացուցիչների, իսկ իրական լիդերները նախընտրում են մասնակցել ակցիաներին ցուցարարների շարքերում։   
 
Կա ևս մեկ տարբերություն՝ այս անգամ գրեթե նույնությամբ կրկնում են 2018թ-ի հեղափոխության ժամանակ կիրառված գործիքները՝ քայլերթեր, իրազեկման ակցիաներ, արագաչափերի փակում և այլն։ Ընդդիմության  ներկայացուցիչները կարծես միամտորեն հավատացած  են, որ փողոցային ակցիաների անհաջողության պատճառները մեթոդների ու մոտեցումների մեջ են։ Այնինչ խնդիրը առաջ քաշված օրակարգն է, ավելի ճիշտ՝   իրական օրակարգի թաքցնելը։  Ընդդիմությունը գուժում է, որ Արցախի հարցում ընթանում են կամ սպասվում են կործանարար գործընթացներ և կոչ անում հասարակությանը դուրս գալ փողոց և կանխել այդ ամենը, իսկ դա անելու համար պետք է իրականացնել իշխանափոխություն։ Եթե ավելի  հասկանալի ներկայացնենք ընդդիմության օրակարգը՝  նպատակը Արցախի և Հայաստանի փրկությունն է, իսկ դրան հասնելու միջոցը՝ իշխանափոխությունը։   
 
Հենց այստեղ էլ ընդդիմությունը կեղծում է, և հասարակությունը դա պարզորոշ հասկանում է։ Իրականում ճիշտ հակառակն է,  ընդդիմության օրակարգը, նպատակը իշխանափոխությունն է, հասնելու միջոցը՝ Արցախի հարցի օգտագործումը։ 
 
Այս պարզ կեղծիքն է պատճառը, որ ընդդիմությունը չի կարողանում ընկալելի լինել հանրության շրջանում։ Արցախի կարգավիճակի շուրջ վատատեսական սցենարներ հանրությանը հրամցնելը չունի որևէ հիմք։ Արցախի նախագահը հայտարարել է, որ Արցախի կարգավիճակի վերաբերյալ այս փուլում որևէ փաստաթուղթ չի քննարկվում, և ՀՀ վարչապետի հետ կա հստակ պայմանավորվածություն, համաձայն որի՝ Արցախի հետագա կարգավիճակի հետ կապված միջազգային մակարդակում ցանկացած քննարկման պարագայում հայկական կողմի դիրքորոշումը պետք է համաձայնեցված լինի Արցախի Հանրապետության իշխանությունների և ժողովրդի կարծիքի հետ: Նույնաբովանդակ հայտարարություններ հնչել են նաև Հայաստանի իշխանություններից։ 

Ստացվում է, որ եղանակային բարենպաստ պայմաններում ակցիաներ անելը ևս մեկ փորձ է ներքաղաքական դաշտի ապակայունացման և ամեն կերպ իշխանության հասնելու նպատակները իրականացնելու ճանապարհին։ Արցախի հարցում  ներկայիս բանակցային իրավիճակը բավարարում է թե՛ Հայաստանին, թե՛ Արցախին, հետևաբար լիովին տրամաբանական  է, որ  ընդդիմության օրակարգը ընկալելի չլինի։ Հետևաբար, Հայաստանում փողոցային ակցիաները ընկալվում են որպես լոկ ներքաղաքական գործընթաց,  ամեն գնով իշխանության հասնելու հերթական արկածախնդրություն։  
 
2021 թ․-ի արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքները վկայեցին, որ հանրության ճնշող մեծամասնությունը իշխանափոխության գործընթացը պատկերացնում է քաղաքակիրթ ընտրությունների ճանապարհով։ Ներքաղաքական ճգնաժամը հանգուցալուծվել է մեկ տարի առաջ և արհեստական օրակարգերով  կրկին ճգնաժամ հարուցելու փորձերը բացի  ներհայաստանյան կայունության խաթարելուն նպաստելուց այլ արդյունք չեն ունենալու։  
 
Վովա Հակոբյան