Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Քոչարյանի փողոցային պայքարի մեկ տարին. ինչ սպասել նախորդ ձախողված փորձից հետո. factor.am

Հայաստանի նախագահի պաշտոնը տասը տարի զբաղեցրած Ռոբերտ Քոչարյանին մեկ տարի է՝ չի հաջողվում իշխանությունը վերցնել Նիկոլ Փաշինյանից: Քոչարյանի գլխավորած ընդդիմադիր ուժերը թեև նախորդող մեկ տարվա ընթացքում ակցիաների միջոցով հաջողության չհասան, սակայն նույն պահանջով վերսկսում են հանրահավաքները. գրում է factor.am-ը:

Մեկ տարի առաջ հայկական կողմի պարտությունն արձանագրող եռակողմ հայտարարության ստորագրումից հետո Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի, Արթուր Վանեցյանի, Գագիկ Ծառուկյանի ղեկավարած ուժերը, ինչպես նաև Դաշնակցությունը և մեկ տասնյակի հասնող այլ կուսակցություններ միավորվեցին Փաշինյանի հրաժարականի պահանջի շուրջ և ձևավորեցին «Հայրենիքի փրկության շարժումը»:

Ամիսներ շարունակ Երևանում հակակառավարական ակցիաներ իրականացվեցին, ընդդիմությունն օրեր շարունակ փակ պահեց Բաղրամյան պողոտան։ Փաշինյանի հրաժարականը պահանջող ընդդիմությունը վարչապետի պաշտոնում ուզում էր տեսնել Վազգեն Մանուկյանին։ Հայրենիքի փրկության շարժումը հայտարարում էր, թե Մանուկյանը ղեկավարելու է մեկ տարի, որից հետո պետք է տեղի ունենային արտահերթ խորհրդարանական ընտրություններ:

Ընդդիմության այս սցենարը, սակայն, ձախողվեց: Իսկ Հայրենիքի փրկության շարժումը ոչ միայն հայրենիքը չփրկեց, այլև ստեղծված միավորը, որն արտահերթ ընտրությունների մասնակցության հարցում տարաձայնությունների արդյունքում փլուզվեց՝ այդպես էլ չկարողանալով հուժկու ընդվզման շարժում ձևավորել։ Իսկ նախկին վարչապետ Վազգեն Մանուկյանն անցած մայիսից ի վեր կրկին քաղաքականապես ապաակտիվացել է, մամուլն ու քաղաքական ուժերն էլ նրա մասին իսպառ մոռացել են։ Եվ ահա հիմա՝ մեկ տարի անց Ռոբերտ Քոչարյանը հայտարարում է համազգային դիմադրության շարժման մեկնարկի մասին:

Նոյեմբերի 8-ին հրավիրված հանրահավաքի ժամանակ նա հայտարարեց, որ առնվազն մի քանի ամսից կհասնեն ցանկալի արդյունքի: Ո՞րն է Հայրենիքի փրկության շարժման և Համազգային դիմադրության շարժման տարբերությունը։ Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը նկատում է՝ Քոչարյանը շարժման անունը փոխել է՝ ՀՓՇ-ի ձախողումը քողարկելու համար: Քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանի համար էլ որոշակի չեն նորանուն շարժման հաջողության հեռանկարները։ Քաղտեխնոլոգը տարակուսած է՝ եթե Ռոբերտ Քոչարյանը համազգային դիմադրության շարժում է սկսում, ապա ուր են գործողությունները: Ընտրություններից հետո քոչարյանական ճամբարում չափազանց մեծ հիասթափություններ են եղել, նշում է քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը: Ըստ նրա՝ Քոչարյանն այժմ նոր շարժման մասին հայտարարում է, որպեսզի թիմակիցներին ցույց տա, որ հետ չի կանգնում իր գաղափարներից:

Գործող իշխանության նկատմամբ լոյալ վերաբերմունք ունեցող փորձագիտական շրջանակները Քոչարյանի կողմից կազմակերպված համազգային դիմադրության մեկնարկային հանրահավաքը չստացված են որակում՝ նշելով, որ Ազատության հրապարակը բազմամարդ չէր: Նրանց դիտարկմամբ՝ քաղաքացիները Ռոբերտ Քոչարյանին չեն ընկալում որպես առաջնորդ: Քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանի խոսքով՝ հանրահավաքին քիչ թվով քաղաքացիների ներկայությունը պայմանավորված չէ այն հանգամանքով, որ շարժման առաջնորդը Ռոբերտ Քոչարյանն է: Ըստ նրա՝ որոշիչ նշանակություն ունի այն, թե ընդդիմության կողմից բարձրաձայնվող խնդիրը քաղաքացիների քանի տոկոսին է հետաքրքրում: Ի դեպ, Ռոբերտ Քոչարյանի հրավիրած հանրահավաքին, ըստ «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի հաշվարկների, ներկա է եղել 3700 քաղաքացի: Իսկ ահա գերմանական DW-ի ռուսական ծառայությունը նշել էր 10-12 հազար քաղաքացու մասնակցության մասին: Նկատենք, որ «Հայաստան» դաշինքը արտահերթ ընտրություններին ստացել է շուրջ 270 հազար քվե։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան