Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Փրկիչ քայլարարներն ունեն երկու տարբերակ՝ կա՛մ հայտարարել, որ Արցախի թեման շահարկում են իշխանություն զավթելու համար, կա՛մ, որ Արցախի քաղաքական ողջ էլիտան դավաճան է

Փրկիչ քայլարարներն ունեն երկու տարբերակ՝ կա՛մ հայտարարել, որ Արցախի թեման շահարկում են իշխանություն զավթելու համար, կա՛մ, որ Արցախի քաղաքական ողջ էլիտան դավաճան է
Քաղաքականություն
16:51, 29 апрель 2022
Արյունն ու հողը շահարկման առարկա դարձնող այսօրվա «ընդդիմությունը» փողոց է դուրս եկել Արցախը փրկելու հանձնառությամբ։ Փրկիչների հիմնական թեզն այն է, որ գործող իշխանությունը Արցախը հանձնում է Ադրբեջանին, հրաժարվել է Արցախի կարգավիճակի համար պայքարից, իրենց տիրապետության տակ գտնվող «լրատվականներով» և անհատներով էլ քարոզ են իրականացնում, թե Հայաստանը լքել ու մենակ է թողել Արցախին։

Իրականությունը, սակայն, գլխիվայր հակառակն է։ Եվ ուրեմն, Հայաստանն Արցախին ոչ միայն մենակ չի թողել, այլև աննախադեպ ծավալի օժանդակություն է տրամադրում։ 2021 թվականին օրինակ, Հայաստանը Արցախին ավելի քան 100 մլրդ դրամի բյուջետային աջակցություն է տրամադրել, իսկ այս տարի այդ թիվը հասնում է շուրջ 144 միլիարդի։ 

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը Հայաստանի և Արցախի Կառավարությունների մի քանի անդամների մասնակցությամբ այսօր անցկացրել են խորհրդակցություն՝ նվիրված Արցախում սոցիալական և ենթակառուցվածքային խնդիրների լուծմանը:

Հարությունյանը նշել է, որ 144 մլրդ դրամով իրենց հաջողվելու է լուծել առկա խնդիրները՝ ոչ միայն բնակարանաշինության ոլորտում։ Այս ծավալի օժանդակություն Արցախին երբեք չի տրամադրվել։

Ակնհայտ է, որ Արցախին մենակ թողնել ցանկացող Կառավարությունը չէր ջանա անել ամեն ինչ, որ արցախահայերը կարողանան վերադառնալ Արցախ և բնակվել այնտեղ։ Ակնհայտ է, որ Արցախը հանձնողը Արցախում բնակարանաշինության և ենթակառուցվածքային այս ծավալի աշխատանքներ չէր իրականացնի։

Հաջորդը, Արայիկ Հարությունյանը վերջերս հայտարարել էր, որ Արցախի կարգավիճակի վերաբերյալ այս փուլում որևէ փաստաթուղթ չի քննարկվում, և ՀՀ վարչապետի հետ կա հստակ պայմանավորվածություն, համաձայն որի՝ Արցախի հետագա կարգավիճակի հետ կապված միջազգային մակարդակում ցանկացած քննարկման պարագայում հայկական կողմի դիրքորոշումը պետք է համաձայնեցված լինի Արցախի Հանրապետության իշխանությունների և ժողովրդի կարծիքի հետ: Նույնաբովանդակ հայտարարություններ հնչել են նաև Հայաստանի իշխանություններից։ 

Այսօր ևս Արայիկ ԱՀրությունյանը հայտարարեց, որ մշտապես զգացել են ՀՀ Կառավարության աջակցությունը։ «Մենք միշտ զգացել ենք, որ Հայաստանի կառավարության, նրա անդամների, ընդհանուր առմամբ՝ բոլոր պաշտոնյաների կողմից վերաբերմունքը եղել է միշտ այնպիսին, որ այդ ծանր ժամանակահատվածում ղարաբաղցիները միշտ տեսել են այդ աջակցությունը: Եվ հետպատերազմյան ժամանակահատվածում ամեն ինչ արել ենք, որպեսզի կարողանանք լուծել մեր ամենածանր խնդիրը՝ տեղահանված բնակչությանը հնարավորություն տալ առաջին հերթին Արցախում եւ Հայաստանում ժամանակավոր ապաստան գտնել և, իհարկե, հետո արմատական լուծումներ տալ»:

Վարչապետ Փաշինյանը շեշտեց, որ թե՛ պատերազմից առաջ, թե՛ ընթացքում և թե՛ հետո աշխատանքները մշտապես կոորդինացվել են Արցախի իշխանությունների հետ և ամեն ինչ արել են, որ Արցախի իշխանությունները լիարժեք տեղեկացված լինեն Կառավարության ծրագրերի, անելիքների վերաբերյալ, այդ թվում՝ ԼՂ հիմնախնդրին վերաբերող բանակցությունների բովանդակությանը, մարտահրավերներին և հնարավորություններին և հաջորդիվ ևս այդպես է լինելու։

Նախագահ Հարությունյանն էլ իր հերթին Արցախի քաղաքական ողջ էլիտայի անունից հայտարարեց, որ ընդունում են խաղաղության օրակարգը, բայց մյուս կողմից էլ ինքնորոշման իրավունքից շեղվելու որևէ ուղղություն չեն տեսնում և շնորհակալություն հայտնեց ՀՀ կառավարությունից Արցախին հնարավոր բանակցություններին լիարժեք տեղեկացնելու և իրենց հետ քննարկելու համար, միաժամանակ նշելով, որ այլ կերպ չէր էլ կարող լինել։

Ստացվում է, որ Արցախի ողջ քաղաքական էլիտան և Հայաստանում կառավարող ուժը միակարծիք են, աշխատում են կոորդինացված, առաջ են տանում Արցախի և Հայաստանի շահերը և ոչ միայն չեն հանձնում Արցախը կամ մենակ չեն թողել վերջինիս, այլև կոորդինացված աշխատանքով, հստակ դրված «կարմիր գծերով» ընթանում են առաջ։ 

Եվ ուրեմն, ինչի՞ դեմ, կամ հանուն ինչի՞ է պայքարում փողոցային ընդդիմությունը։ Երևանի փողոցներում Արցախը փրկող քայլարարները ունեն երկու տարբերակ։ Նրանց ոչինչ չի մնում, քան հայտարարել, որ իրենց օրակարգը կեղծ է, Արցախը իշխանության գալու պատրվակ է, ինչպես եղել է 1998-ին, կամ, որ Արցախի քաղաքական ողջ էլիտան դավաճան է և ՀՀ «դավաճան» իշխանությունների հետ սինխրոն ցանկանում են Արցախը հանձնել թշնամուն։
Երրորդ ճանապարհը տուն գնալն է։

Վովա Հակոբյան