Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հակոբ Արշակյանն ընդունել է Ճապոնիայի խորհրդարանական արտաքին գործերի նախարարի տեղակալի գլխավորած պատվիրակությանը Հայաստանի

Հակոբ Արշակյանն ընդունել է Ճապոնիայի խորհրդարանական արտաքին գործերի նախարարի տեղակալի գլխավորած պատվիրակությանը Հայաստանի
Քաղաքականություն
19:12, 02 май 2022
Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը մայիսի 2-ին ընդունել է Ճապոնիայի խորհրդարանական արտաքին գործերի նախարարի տեղակալ Տարո Հոնդայի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա են եղել Հայաստան-Ճապոնիա բարեկամական խմբի ղեկավար Բաբկեն Թունյանը, խմբի անդամներ Ծովինար Վարդանյանը եւ Հակոբ Ասլանյանը: 

Այս տարի լրանում է Հայաստանի եւ Ճապոնիայի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը: Հակոբ Արշակյանն ընդգծել է, որ երկու երկրների միջեւ ձեւավորված են սերտ, բարեկամական հարաբերություններ, բարձր մակարդակի քաղաքական երկխոսություն եւ ընդհանուր արժեքների վրա հիմնված համագործակցություն: ԱԺ նախագահի տեղակալի խոսքով՝ Հայաստանը բարձր է գնահատում Ճապոնիայի ներդրումն աշխարհում խաղաղության հաստատման, ժողովրդավարական ինստիտուտների զարգացման, աղետների կանխարգելման եւ մարդասիրական նախաձեռնությունների իրականացման գործում: Խոսելով միջխորհրդարանական կապերի ամրապնդման մասին՝ ԱԺ փոխխոսնակը համոզմունք է հայտնել, որ խորհրդարանական բարեկամական խմբերն արդյունավետ կհամագործակցեն եւ նոր լիցք կհաղորդեն երկկողմ հարաբերություններին: 

Անդրադարձ է եղել միջազգային կազմակերպություններում արդյունավետ համագործակցությանը: Տարածաշրջանային խնդիրների համատեքստում Հակոբ Արշակյանը նշել է, որ Հայաստանը ողջունում է Ճապոնիայի հավասարակշռված մոտեցումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին աջակցելու հանձնառությունը: Նա շեշտել է, որ ադրբեջանական կողմը շարունակում է խախտել հրադադարի ռեժիմը եւ խաթարել կայունությունը տարածաշրջանում. ադրբեջանական զինված ուժերը շարունակում են մնալ Հայաստանի ինքնիշխան տարածքի որոշ հատվածներում: Չլուծված է մնում Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերիների եւ պահվող այլ անձանց խնդիրը: 

ԱԺ փոխնախագահը խոսել է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի մասին: ԱԺ նախագահի տեղակալն անդրադարձել է երկու երկրների միջեւ իրավապայմանագրային դաշտի կատարելագործմանը, տնտեսական կապերի աշխուժացմանը, հայ եւ ճապոնացի ժողովուրդների մշակութային երկխոսության ամրապնդմանն ուղղված քայլերին: Բարեկամական խմբի ղեկավարը եւս պատրաստակամություն է հայտնել նպաստելու հայ-ճապոնական միջխորհրդարանական հարաբերությունների ամրապնդմանը, արժեւորել տնտեսական ոլորտում կապերի ընդլայնումը: Մշակութային կապերի սերտացման համատեքստում Բաբկեն Թունյանը կարեւորել է ապրիլի 15-ին Ազգային ժողովի այգում Հանամիի տոնը նշելը, ինչը հայ եւ ճապոնացի ժողովուրդների բարեկամությունն ու մշակութային երկխոսությունը հավաստող եւս մեկ վկայություն է: 

Ճապոնիայի խորհրդարանական արտաքին գործերի նախարարի տեղակալն իր հերթին շեշտել է, որ Հայաստանն իրենց համար կարեւոր գործընկեր է եւ՛ երկկողմ, եւ՛ միջազգային համագործակցության համատեքստում: Անդրադառնալով տարածաշրջանային խնդիրներին՝ Տարո Հոնդան նշել է, որ իր երկիրը 44-օրյա պատերազմի օրերին կողմերին խնդիրը բանակցությունների միջոցով լուծելու կոչ էր արել: Նա ընդգծել է ԼՂ հակամարտությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում կարգավորելու կարեւորությունը: Զրուցակիցները երկուստեք գոհունակությամբ են արձանագրել Հայաստանի եւ Ճապոնիայի միջեւ երկկողմ կապերի զարգացման դրական դինամիկան, անդրադարձել առեւտրատնտեսական, փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք ոլորտներում հարաբերությունների խորացման հնարավորություններին: Նշվել է, որ հատկապես տնտեսության, բարձր տեխնոլոգիաների եւ թվայնացման ոլորտներում առկա են համագործակցության լայն հնարավորություններ: