Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ընդունել է Սիրիա-Հայաստան խորհրդարանական բարեկամական խմբի պատվիրակությանը

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ընդունել է Սիրիա-Հայաստան խորհրդարանական բարեկամական խմբի պատվիրակությանը
Քաղաքականություն / Միջազգային
11:43, 26 апрель 2022
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ընդունել է Սիրիայի Արաբական Հանրապետության Ժողովրդական ժողովի Սիրիա-Հայաստան խորհրդարանական բարեկամական խմբի նախագահ Լյուսի Իսկանյանի գլխավորած պատվիրակությանը:

Ողջունելով հյուրերին՝ ՀՀ ԱԺ նախագահը կարեւորել է բարեկամական Սիրիայի հետ  պատմական եղբայրությունը եւ բազմաբեւեռ կապերի առկայությունը՝ ընդգծելով սիրիահայ համայնքի գործուն դերակատարումը:

Անդրադառնալով Սիրիայի խորհդարանում հայազգի պատգամավորների ներկայությանը՝  Ալեն Սիմոնյանը ողջունել է նրանց ընդգրկվածությունը նաեւ Հայաստանի հետ բարեկամական խմբում:

Սիրիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, ՀՀ ԱԺ նախագահին է փոխանցել Սիրիայի Ժողովրդական ժողովի նախագահ Համուդահ Սաբբաղի ուղերձը, որը վերահաստատում  է խորհրդարանների միջեւ ձեւավորված փոխվստահությունն ու համագործակցությունը:

Կողմերն անդրադարձել են Հայաստանի եւ Սիրիայի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին՝ այս համատեքստում շեշտելով երկու երկրների խորհրդարանների համատեղ ծրագրերի կյանքի կոչումը:  Փոխշահավետ համագործակցության հիմքերի ամրապնդման գործում երկուստեք արձանագրվել  է միջխորհրդարանական համագործակցությունը:

Հանդիպմանն անդրադարձ է եղել տարածաշրջանում տիրող իրավիճակին, հետպատերազմյան Արցախին, ինչպես նաեւ Սիրիայում հայ խաղաղապահների իրականացրած առաքելությանը:

Հանդիպման ավարտին սիրիացի գործընկերները հիշել են իրենց երկրում տարածված ժողովրդական ճշմարտությունը, որ հավատարմությանը հավատարմությամբ են պատասխանում՝ ընդգծելով, որ այն ի հայտ է եկել հայերի եւ սիրիացիների խաղաղասիրության եւ փոխվստահության արդյունքում: