Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ընդդիմությունը հերթական անգամ շրջանառում է ադրբեջանական թեզերը՝ դրանք ներկայացնելով որպես «կայացած փաստ»․ հերթը անկլավների փրկությանն է

Ընդդիմությունը հերթական անգամ շրջանառում է ադրբեջանական թեզերը՝ դրանք ներկայացնելով որպես «կայացած փաստ»․ հերթը անկլավների փրկությանն է
Քաղաքականություն
17:06, 11 май 2022
Մայիսի 5-ին Կառավարության նիստից հետո ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում, անդրադառնալով անկլավների թեմային, նշեց, որ  մինչև այս պահը Հայաստանն ու Ադրբեջանն անկլավների հարց չեն քննարկել, երկու կողմն էլ լուռ են այս հարցում, քանի որ երկու կողմից էլ անկլավ կա։

Ընդդիմությունը իր շարժումը սկսել էր նաև Տիգրանաշենից Երևան քայլերթով և նշել, որ իշխանությունը խաղաղության պայմանագիր կնքելուց հետո պատրաստվում է Տիգրանաշենը հանձնել Ադրբեջանին։  

ԱԽ քարտուղարը անհիմն համարեց ընդդիմության պնդումները՝ նշելով, որ այդ հայտարարությունները իրականության հետ աղերս չունեն։
Նրա խոսքով՝ և՛ Հայաստանում, և՛ Ադրբեջանում անկլավներ կան, և տարածքներով դրանք գրեթե հավասար են։ Հայաստանյան կողմի հույսն ու հնարավոր լուծման տարբերակն այն է, որ Հայաստանը իր անկլավը թողնում է Ադրբեջանին, Ադրբեջանի անկալվներն էլ, որոնք ՀՀ տարածքում են, մնում են ՀՀ-ին։

Գրիգորյանը նաև նշեց, որ ուսումնասիրում են նաև, թե ինչպես են առաջացել այդ անկլավները, և արդյոք կա՞ն իրավական հիմնավորումներ, թե՞ ոչ։ 

Երեկ Ադրբեջանի ԱԳ փոխնախարար Խալաֆ Խալաֆովը անդրադարձել է անկլավների թեմային՝ նշելով, որ այդ հարցը պետք է լուծվի իրականացվող բանակցությունների արդյունքում՝ սահմանազատման և սահմանագծման գործընթացի շրջանակներում։ 
«Հայաստանը երբեք չի կարող հայտարարել, որ այդ տարածքները չեն հանդիսանում Ադրբեջանի տարածք։ Այդ տարածքները հանդիսանում են Ադրբեջանի տարածք։ Քանի որ այդ տարածքների վերադարձը Ադրբեջանի կազմ պահանջում է սահմանազատման գործընթաց, հարցը կդիտարկվի այդ համատեքստում։ Ադրբեջանի կազմ այդ տարածքների վերադարձը կքննարկվի և կգտնի իր լուծումը»,- հայտարարել է Խալաֆովը։

Նկատենք, որ Խալաֆովը չի անդրադարձել հայկական անկլավներին, որոնք գտնվում են Ադրբեջանի վերահսկողության տակ։
Խալաֆովի միակողմանի հայտարարությանը անմիջապես արձագանքել են հայ քաղաքագետներ և թուրքագետներ հանդես եկող անհատներ։ Մասնավորապես, թուրքագետ Վարուժան Գեղամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ Խալաֆովը հայտարարել է, որ հայկական իշխանությունները համաձայնել են սկսել խաղաղության պայմանագրի ստորագրումը, որի շրջանակներում նախատեսվում է, այսպես կոչված, «Ղազախի շրջանի 7 գյուղերի և Քյարքիի» հանձնում Ադրբեջանին։ 

Ինչպես տեսնում ենք, թուրքագետը խեղաթյուրել է Ադրբեջանի ԱԳ փոխնախարարի առանց այն էլ միակողմանի հայտարարությունը և ներկայացրել այնպես, իբր հայկական իշխանությունները համաձայնել են հանձնել անկլավները Ադրբեջանին։ Ավելին՝ թուրքագետը իր տեքստում չի հիշատակել Հայաստանի իշխանությունների ոչ մի դիրքորոշում, օրինակ՝ Արմեն Գրիգորյանի հայտարարությունը։ Ապա Վարուժան Գեղամյանը կոչ է արել միանալ «Դիմադրության» շարժման պայքարին։

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանն էլ, վարչապետին հրաժարականի կոչով դիմելով, նշել է, որ Ադրբեջանը Հայաստանից պահանջում է 7 հայաբնակ գյուղ՝ Հայաստանի տարածքում, Արցախը ճանաչել Ադրբեջանի տարածքում, նաև, որ Հայաստանը ճանաչի Ադրբեջանի տարածք Սև լճերը, Վերին Շորժան։ «Սրանք ճանաչելուց հետո հաջորդ փուլում, որոշ ժամանակ անց, կսկսեն «Սյունիքի օպերացիան»։ Սա է Ադրբեջանի, Թուրքիայի և Բրիտանիայի ծրագիրը։ Հետագայում գործին է միանալու Իսրայելը, ու ադրբեջանա-իրանական կոնֆլիկտի միջոցով Իրանում ադրբեջանական ապստամբություն պետք է բարձրացվի։ Ըստ երևույթին քրդական գործոնը ևս կդառնա վճռորոշ»,- գրել է Դանիելյանը։

Այս երկու տեքստերը արտատպել են նաև մի շարք լրատվականներ։

Տարակուսելին այն է, որ Ադրբեջանը Հայաստանից միշտ ինչ-որ պահանջներ ունեցել է, բայց դա առիթ չի հանդիսացել քաղաքագետների համար պահանջել իշխանությունների հրաժարականը։ Ինչո՞ւ պետք է իշխանությունները հրաժարական տան Ադրբեջանի՝ Հայաստանից պահանջներ ունենալու համար։ Հաջորդ իշխանություններից Ադրբեջանը պահանջներ չի՞ ունենալու։ 

Դանիելյանը նույնպես, արագորեն արձագանքելով Խալաֆովի հայտարարությանը, իր տեքստում Հայաստանի իշխանությունների որևէ հայտարարություն, դիրքորոշում չի մեջբերել։ 

Խալաֆովի հայտարարությանը, չնայած քաղաքագետների և թուրքագետների չնկատելուն, պատասխանել է Հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը։ «Այս պահին մեր ձեռքի տակ չկա որևէ իրավական հիմնավորում, թե Հայաստանի տարածքում երբևէ դե յուրե ադրբեջանական անկլավ է գոյություն ունեցել»,- նշել է Մարուքյանը։

Մարուքյանը շեշտել է՝ դելիմիտացիայի և դեմարկացիայի գործընթացները պետք է տեղի ունենան դե յուրե նշանակություն ունեցող փաստերի և փաստաթղթերի հիման վրա։

«Ընդհակառակը, կան իրավական հիմնավորումներ Արծվաշեն գյուղի՝ Հայաստանին պատկանելության մասին: Նույնը վերաբերում է նաև Հայաստանին պատկանող մի շարք տարածքների՝ ներառյալ Սոթք-Խոզնավար հատվածում, որտեղ նախորդ տարվա մայիսին ադրբեջանական զորքերի ապօրինի ներխուժման հայտնի դեպքը տեղի ունեցավ: Այս հարցերը, իհարկե, պետք է քննարկվեն և լուծում ստանան դելիմիտացիայի և դեմարկացիայի գործընթացում»,- ասել է Էդմոն Մարուքյանը։

Այսպիսով, ընդդիմությունը շարունակում է իր գործելաոճը՝ դաշտ բերելով ադրբեջանական թեզերը, ներկայացնելով դրանք որպես Հայաստանի հետ արդեն իսկ ձեռք բերված պայմանավորվածություններ, գուժելով մոտալուտ հանձնումների մասին և պայքարելով դրանց դեմ։ 

Ամիսներ առաջ «Հայրենիքի փրկության շարժման» ընթացքում էլ ընդդիմությունը տարածում էր Զանգեզուրի միջանցքը հանձնելու մասին կեղծ լուրերը, ներկայացնում դա որպես հայ-ադրբեջանական պայմանավորվածություն և «փրկում» միջանցքը։ Առհասարակ, ընդդիմության ձեռագիրը չի փոխվում նույնիսկ տապալումներից հետո։ Անընդհատ փորձում են շահարկել էմոցիոնալ, նուրբ, հայրենասիրական թեմաներ՝ Արցախի փրկություն, միջանցքի փրկություն, անկլավների փրկություն, Հայ առաքելական եկեղեցու, ընտանիքի փրկություն, պայքարում են այլասերման, Սորոսի, ստամբուլյան կոնվենցիաների դեմ։ Ապա այդ արժեքների փրկությանը հանրությունը ականատես է լինելում փողոցներում՝ փրկելով մարդկանց այդ «քայքայող» երևույթներից։ Չհամաձայնողներին էլ զոռով են փրկում՝ բռնություն կիրառելով «հայրենասիրական» նկրտումներից ելնելով։

Ինչևէ, «Զանգեզուրի միջանցքը» փրկելուց հետո ընդդիմությունը Արցախի հետ համատեղ սկսել է «անկլավների» փրկության օպերացիան, որից հետո, հավանաբար, խրոխտ կեցվածքով կվերադառնա ԱԺ։

Վովա Հակոբյան