Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Եթե բանակցությունների արդյունքում ինչ-որ որոշման գանք, եթե տեսնենք՝ ԼՂ-ում ապրող մեր հայրենակիցների անվտանգությունը ապահովվելու է, համաձայնություն կտանք խաղաղության պայմանագրին. ԱԽ քարտուղար

Եթե Հայաստանը Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կնքի՝ դա նշանակում է Արցախից ռուս խաղաղապահների դուրսբերում և Ադրբեջանի կազմում Արցախի մնացած մասի ճանաչո՞ւմ։ Դա՞ է նշանակում, քանի որ որոշ քաղաքագետներ նման պնդումներ են անում։ Այսօր՝ մայիսի 5-ին, կառավարության անդամների ճեպազրույցի ժամանակ Civic.am-ն այս հարցն ուղղեց ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին։   

«Դժվար է ասել, թե ինչ նկատի ունեն քաղաքագետները, երբ նման պնդում են կատարում, բայց մենք բազմիցս հայտարարել ենք, որ խաղաղության պայմանագիր կնքելու դեպքում պետք է մենք նաև Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի լուծում գտնենք։ Հիմնախնդրի լուծումը տեսնում ենք Լեռնային Ղարաբաղում ապրող մեր հայրենակիցների անվտանգության, ինչպես նաև իրավունքների ապահովմամբ։ Ըստ դրա էլ պետք է կարգավիճակը որոշվի, և նաև անվտանգությունը ապահովելու երաշխիքներ են լինելու։  Սակայն մենք չգիտենք՝ ինչպիսի երաշխիքներ են լինելու ինստիտուցիոնալ տեսանկյունից։ Կքննարկենք, եթե բանակցությունների արդյունքում ինչ-որ որոշման գանք, եթե մենք տեսնենք, որ մեր հայրենակիցների անվտանգությունը միանշանակորեն ապահովվելու է՝ համաձայնություն կտանք դրան»,- ի պատասխան մեր հարցի ասաց ԱԽ քարտուղարը։  

Մեր այն հարցին՝ և Դուք, և ՀՀ վարչապետը նշել եք, որ անկլավների հարցում իրավական հիմք չեք գտնում, սակայն ԱԺ ընդդիմությունը, երբ օրերս իր երթն սկսեց ՀՀ մարզերից, նշում էր, որ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կնքելու դեպքում վտանգ են տեսնում, որ կառավարությունը Հայաստանում գտնվող որոշ տարածքներ Ադրբեջանին կհանձնի որպես անկլավ։ Արդյոք գտնվե՞լ է որևէ հիմք, որ Հայաստանում կան անկլավներ, Արմեն Գրիգորյանն արձագանքեց. «Նախ անհասկանալի են ընդդիմության պնդումները՝ եթե կնքվի խաղաղության պայմանագիր, ապա անկլավների հարց է առաջանալու։ Ընդդիմությունը անհիմն հայտարարություններ է անում, որը իրականության հետ մեծ աղերս չունի։ Մինչև այս պահը անկլավների հարց չի բարձրացվել։ Երկու կողմից էլ անկլավ կա՝ և Ադրբեջանի տարածքում՝ Արծվաշենը, և Հայաստանի տարածքում կան անկլավներ, բայց սրանց տարածքները գրեթե հավասար են, և երկու կողմն էլ լուռ է այս հարցում, և այս հարցը դեռևս չի քննարկվել։ Մեր հույսն այն է, որ հնարավոր լուծման տարբերակն այն է, որ Հայաստանի անկլավը թողնում է Ադրբեջանին, և Ադրբեջանի անկլավները, որոնք Ադրբեջանի տարածքում են, մնում են Հայաստանին։ Իհարկե, այնպիսի հարց կա, որ ինչպես են առաջացել՝ պատմության մասով բազմաթիվ հարցեր կան, որոնք շարունակում ենք ուսումնասիրել, բայց երկարաժամկետ լուծման տարբերակը սա է»։    

Նարա Մարտիրոսյան

Մանրամասն՝ տեսանյութում