Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ադրբեջանի ու Հայաստանի առաջարկները՝ 5+6 կետերը, պետք է միացնել իրար և սկսել Խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները. Արմեն Գրիգորյան

«Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի աշխատակազմի արտաքին հարաբերությունների բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևի հետ հանդիպումից հետո ես նշել էի,  որ հարցեր կան, որոնց պատասխաններից հետո մենք կսկսենք քննարկել Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների հնարավոր հանդիպումը։ Մենք դեռ քննարկումները շարունակում ենք, եթե նախանշվի հանդիպումը, ապա դրա մասին հրապարակային հայտարարություն կլինի»,- այսօր՝ մայիսի 5-ին, կառավարության անդամների ճեպազրույցի ժամանակ ասաց ԱԽ քարտուղար Արմեն Գրիհգորյանը։  

ԱԽ քարտուղարը հավելեց, որ քննարկումներ են շարունակվում նաև հայ-ադրբեջանական սահմանների հստակեցման և անվտանգության հարցով հանձնաժողով ստեղծելու համար. «Մենք հույս ունեինք, որ հնարավոր է լինելու մինչև ապրիլի վերջ գտնել լուծումներ և առաջ շարժվել, բայց կարող եմ նշել, որ այս պահին էլ ինտենսիվ քննարկումները շարունակվում են, և հույս կա, որ մոտակա շրջանում այդ հանդիպումը կկայանա»։  

Անդրադառնալով Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կնքելուն՝ Արմեն Գրիգորյանը նշեց, որ ի պատասխան Ադրբեջանի 5-կետանոց առաջարկին՝ եղել է Հայաստանի 6 կետ պարունակող պատասխանը. «Հայաստանի համար անընդունելի կետ այդ կետերում չի եղել։ Հայաստանն իր ներկայացրած կետերով նշել է, որ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին ևս պետք է լուծում տրվի, որպեսզի հնարավոր լինի համապարփակ խաղաղության պայմանագիր ունենալ։ Այս պահին մեր մոտեցումն այն է, որ 5+6 կետերը պետք է միացնել իրար և սկսել Խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները, նաև երկարաժամկետ գտնենք ԼՂ-ի հիմնախնդրի լուծումը»,- ասաց նա ու հավելեց, որ ադրբեջանական կողմից Հայաստանի 6 կետ պարունակող պատասխաններին անհամաձայնություն դեռևս չի եղել։

Մանրամասն՝ տեսանյութում