Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՀՅԴ-ական գործիչը մոռանում է սփյուռքում ՀՀ պաշտոնյաների դեմ իր կազմակերպած խուլիգանական հարձակման մասին․ ինչու է ԱԱԾ-ն արգելել Մուրադ Փափազյանի մուտքը Հայաստան

ՀՅԴ-ական գործիչը մոռանում է սփյուռքում ՀՀ պաշտոնյաների դեմ իր կազմակերպած խուլիգանական հարձակման մասին․ ինչու է ԱԱԾ-ն արգելել Մուրադ Փափազյանի մուտքը Հայաստան
Քաղաքականություն
15:34, 14 июль 2022
Ֆրանսիայի հայկական ընկերությունները համակարգող խորհրդի նախագահ, ՀՅԴ Բյուրոյի անդամ Մուրադ Փափազյանի մուտքը Հայաստան արգելվել է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ինքը՝ Փափազյանը. «Ցավով եմ տեղեկացնում, որ երեկ ինձ արգելվել է մուտք գործել Հայաստան: Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրամանով՝ Հայաստանում համարվում եմ անցանկալի անձ»: 

Փափազյանը հայտնել է, թե տարակուսած է ՀՀ իրավապահների կայացրած նման որոշման առնչությամբ՝ հիշեցնելով, որ ինքը Հայաստանի, հայության համար տասնամյակներով պայքարում է արտերկրում։ Դաշնակցական գործիչը հայության և Հայաստանի համար իր մատնանշած պայքարը դրոշակ դարձնելուց առաջ մոռանում է իր կողմից սփյուռքում կազմակերպված խուլիգանական գործողությունների մասին, որոնք ուղղված են եղել Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաների դեմ պաշտոնական այցերի ժամանակ։ 

Մեկ տարի առաջ վարչապետ Փաշինյանի գլխավորությամբ Ֆրանսիա կատարած այցի ժամանակ Փափազյանի համակարգմամբ դաշնակցական երիտասարդները Փարիզում խուլիգանական հարձակում էին կազմակերպել Փաշինյանին ուղեկցող ավտոշարասյան վրա՝ իրեր նետելով և վնասելով շարասյան մեքենաները։ Հիշյալ այցի ժամանակ Փափազյանի ղեկավարմամբ ամեն ինչ արվել է՝ տապալելու պաշտոնական հանդիպումները, և ստեղծելու համատեքստ, թե Ֆրանսիայի հայկական համայնքը չի ընդունել Փաշինյանի պատվիրակությանը։ 

Հայաստանի ղեկավարի գլխավորած պատվիրակության դեմ ակնհայտ ագրեսիվ և բռնի գործողություններ հրահրող և կազմակերպող գործիչը անկախ իր անցած ճանապարհից թերևս պետք է գիտակցի, որ այդ գործողությունները առնչվում են երկրի և դրա ղեկավարների անվտանգության հետ և չեն կարող անհետևանք մնալ։ 

Օտարերկրյա անձնագրերով Փափազյանի նման գործիչները չարաչար սխալվում են, թե կարող են ապօրինություններ իրականացնել Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաների և նրանց անվտանգության դեմ և անարգել այցելել Հայաստան՝ նույն խառնակչությունը այստեղ շարունակելու համար։ 

Զարմանալի ոչինչ չկա թերևս այն մարտավարության մեջ, որը որդեգրված է Դաշնակցության կողմից. ապրիլ-մայիս ամիսներին Հայաստանում դաշնակցականները ամեն ինչ անում էին՝ խաթարելու, խոչընդոտելու օտարերկրյա պաշտոնական այցերը, իսկ Սփյուռքում նույն գործողություններն են իրականացնում հայկական պատվիրակությունների դեմ։


Ջ․ Պ․