Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ապրիլյան քննիչ հանձնաժողովի եզրակացությունը պատրաստ է, հրապարակման հարցը կորոշի Արարատ Միրզոյանը. Քրիստինե Պողոսյան

Ապրիլյան քննիչ հանձնաժողովի եզրակացությունը պատրաստ է, հրապարակման հարցը կորոշի Արարատ Միրզոյանը. Քրիստինե Պողոսյան
Քաղաքականություն
16:35, 02 апрель 2021
Ապրիլյան պատերազմի հանգամանքների ուսումնասիրման ԱԺ քննիչ հանձնաժողովն ավարտել է իր եզրակացությունը, բոլոր հուզող հարցերի պատասխաններն ստացել է  և Արցախյան 44-օրյա պատերազմի օրերին` հոկտեմբեր ամսին, հանձնել է ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին:
 
Այս մասին Civic.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Ապրիլյան քննիչ հանձնաժողովի անդամ Քրիստինե Պողոսյանը:
 
Պատգամավորի խոսքով` եզրակացությունը գաղտնիության տարրեր է պարունակում և հրապարակման հարցը միանշանակ չէ: «Բոլոր հարցերի պատասխաններն ստացել ենք, բայց չեմ կարող ասել, թե որ մասը կհրապարակվի, որ մասը` ոչ, դա ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն է որոշելու` կարող է ընդհանրապես չհրապարակել»,- հավելեց Քրիստինե Պողոսյանը:
 
Նա նաև հիշատակեց, որ հանձնաժողով հրավիրված բոլոր պաշտոնատար անձինք ներկայացել են` բացառությամբ ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետ Յուրի Խաչատուրովի, որը նույնիսկ կապի դուրս չի եկել իրենց հետ:
 
Հիշեցնենք, որ Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձանժողովը պետք է քններ մի շարք խնդրահարույց հարցեր` այդ թվում, թե ում կողմից է հրահրվել Ապրիլյան պատերազմը, քանի հեկտար տարածքային կորուստ է ունեցել հայկական կողմը, ինչպես նաև սպառազինության, վառելիքի, զինվորների սննդի և այլ հարցեր:
 
Հանձնաժողով հրավիրված նախկին պաշտոնատար անձանց շարքերում են եղել ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը, Արցախի երրորդ նախագահ Բակո Սահակյանը, ՀՀ պաշտպանության այն ժամանկվա նախարար Սեյրան Օհանյանը, Պաշտպանության բանակի այն ժամանակվա հրամանատար Լևոն Մնացականյանը և այլք:
 
 
Նարա Մարտիրոսյան