Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հայկ Մամիջանյանի՝ գերիների հարցով դիմումին Ադրբեջանից դեռ չեն արձագանքել

Հայկ Մամիջանյանի՝ գերիների հարցով դիմումին Ադրբեջանից դեռ չեն արձագանքել
Քաղաքականություն
13:24, 11 август 2022
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար, ՀՀԿ-ական Հայկ Մամիջանյանը դեռևս հուլիսի 18-ին իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել էր, որ հաջորդ օրը՝ հուլիսի 19-ին, պաշտոնական նամակով դիմելու է  Ադրբեջանի Միլի Մեջլիսի խոսնակին՝ «Ադրբեջանում անազատության մեջ պահվող մեր հայրենակիցներին տեսակցելու, իրենց առողջական վիճակին ու պահման պայմաններին ծանոթանալու նպատակով այցելություն կազմակերպելու պահանջով»։  «Նամակի վերաբերյալ տեղեկացնելու եմ նաև ԱՊՀ, ԵԽ և Եվրանեսթի խորհրդարանական վեհաժողովների նախագահներին, Եվրոպական խորհրդարանի նախագահին, ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ՀՀ դեսպաններին»,-հայտնել էր ՀՀԿ-ական պատգամավորը։

Վերջինիս գրառումից օրեր անց Civic.am-ը պատգամավորին հարց էր ուղղել՝ արդեն դիմե՞լ է,   ի՞նչ ընթացքում է գործընթացը։  «Վաղուց արդեն, դեռևս այն ժամանակ, երբ որ գրել եմ, դիմել եմ, սակայն դեռևս պատասխան չկա»,- մեր հարցին այսպես է պատասխանել պրն Մամիջանյանը։

Նշենք, որ Ադրբեջանի կողմից հաստատված գերիների հետ հերթական տեսակցությունը, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունիի հավաստմամբ, եղել է հուլիսի վերջին օրերին, այցերը որոշակի հստակ պարբերականությամբ շարունակվելու են։ ԿԽՄԿ-ի ներկայացուցիչները  ծանոթացել են պահվող անձանց առողջական վիճակին, պահման պայմաններին։ 

 Նշենք, որ Ուկրաինայում Հայաստանի դեսպան Վլադիմիր Կարապետյանը Ուկրաինայի հանրային հեռուստառադիոընկերությանը տված հարցազրույցում օրերս բարձրաձայնել էր Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների հարցը՝ նշելով, որ Ադրբեջանը հաստատում է, որ գերության մեջ է պահում 38 հայ զինծառայողների, մինչդեռ հայկական կողմը համարում է, որ գերիների թվում պետք է լինի ևս 26 զինվորական։