Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Որևէ պատճառաբանութեամբ ընկերներու մասնակցութիւնը թոյլատրուած չէ». Սփյուռքին ուղղված ՀՅԴ Բյուրոյի գաղտնի շրջաբերականն ընդդեմ Հայաստան պետության

«Որևէ պատճառաբանութեամբ ընկերներու մասնակցութիւնը թոյլատրուած չէ». Սփյուռքին ուղղված ՀՅԴ Բյուրոյի գաղտնի շրջաբերականն ընդդեմ Հայաստան պետության
Քաղաքականություն
19:05, 19 август 2022
Այս տարվա հոկտեմբերի 28-31-ը Երևանում կկայանա Համաշխարհային հայկական գագաթնաժողովը։

Նպատակը սփյուռքի հետ միասին ընդհանուր օրակարգ ձևավորելն է։ Շուրջ 600-700 մասնակից է լինելու Հայաստանից և Սփյուռքից։ Քննարկվելու են տարբեր ոլորտներին առնչվող խնդիրներ, մշակվելու է ռազմավարություն, կայանալու են սեմինարներ, պանելային քննարկումներ։

Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակը Սփյուռքի տարբեր կառույցների, անհատների գագաթնաժողովին մասնակցելու հրավերներ է ուղարկել, որից հետո գործին խառնվել է ՀՅԴ Բյուրոն։ 
Civic.am-ի ձեռքի տակ է հայտնվել Բյուրոյի կողմից Սփյուռքի տարբեր կառույցներին ուղարկված շրջաբերականը, որով վերջիններս հորդորում և պահանջում են հրավիրյալներից չմասնակցել գագաթնաժողովին։

ՀՅԴ Բյուրոն որոշել է պահանջել ընկերներից, հանձնարարել ուղեկից միություններին, իսկ գործակից այլ կառույցներին և համակիրներին խորհուրդ տալ չմասնակցել գագաթնաժողովին։

«Որևէ պատճառաբանութեամբ ընկերներու մասնակցութիւնը թոյլատրուած չէ»,- ասված է Բյուրոյի՝ ներքին կարգով տարածված շրջաբերականում։

Ամեն օր Սփյուռքի հետ համագործակցության անհրաժեշտության, կարևորության մասին բարձրաձայնող Բյուրոն, ըստ էության, պահանջում է Սփյուռքի տարբեր կառույցներից չմասնակցել այս կարևոր գագաթնաժողովին, որտեղ քննարկվելու են ռազմավարական կարևորության, Հայաստան-Սփյուռք կապի ամրապնդմանը նպաստող հարցեր։ ՀՅԴ Բյուրոն շարունակում է գործողությունները Հայաստանի Հանրապետության դեմ, այնպես, ինչպես դա անում է Հայաստանի իշխանության ներկայացուցիչների՝ տարբեր երկրներ այցելությունների ժամանակ և լռում, երբ այդ երկրներ են այցելում թուրք և ադրբեջանցի պաշտոնյաները։
 
Բյուրոյի՝ Սփյուռքի կառույցներին ուղարկված շրջաբերականում նշված է նաև, որ խորհրդակցել են Հայ առաքելական եկեղեցու զույգ կաթողիկոսների հետ, որոնք ևս, ըստ Բյուրոյի, խանդավառված չեն մասնակցելու այս գագաթնաժողովին։ 

«Բիւրոն նաեւ խորհրդակցած է Հյաց.Առաք. Եկեղեցւոյ  զոյգ կաթողիկոսներուն հետ, որոնք յայտնած են թէ ներկայ պայմաններու տակ խանդավառ չեն մասնակցելու այսպիսի ժողովի»,- ասված է շրջաբերականում։

ՀՅԴ-ականները, ապրելով արտերկրում, շարունակում են հակապետական գործողությունները Հայաստան պետության դեմ՝ շփոթելով հակապետական գործունեությունը ընդդիմադիր գործունեության հետ։
Եթե Դաշնակցությունը չի հասկանում իր քայլերի և գործողությունների հակապետական, ոչ թե հակաիշխանական բնույթը, ապա իշխանությունները պետք է դա հասկանան և գործեն համապատասխանաբար, ինչպես դա ժամանակին արել է առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը։
 
Վովա Հակոբյան