Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Արցախ փրկող» ընդդիմությունը հայտարարեց սեփական կապիտուլյացիայի մասին

«Արցախ փրկող» ընդդիմությունը հայտարարեց սեփական կապիտուլյացիայի մասին
Քաղաքականություն
15:25, 12 сентябрь 2022
Արցախը փրկելու օրակարգով ամիսներ շարունակ «թուրք, դավաճան» վանկարկող, փողոցներ փակող, հանրահավաքներ ու տարբեր ակցիաներ իրականացնող ընդդիմությունն այսօր բացահայտեց, որ ԱԺ չի գնում, որպեսզի «Արցախը հանձնելու գործում» մենակ թողնի ՀՀ իշխանությանը։ Այլ կերպ ասած՝ անգամ սեփական մանդատների չափով չխոչընդոտի այդ «գործընթացին»։  

«Հարկավոր է նրանց մենակ թողնել՝ թշնամու օրակարգը սպասարկելու իրենց ընտրության մեջ»,- «Հայաստանի իրական օրակարգը» խորագրով քննարկման ժամանակ հայտարարեց «Դիմադրություն» շարժման դեֆակտո առաջնորդ Իշխան Սաղաթելյանը՝ հավելելով, որ ՀՀ թշնամիները, միջազգային հանրությունը պետք է հստակ տեսնեն և հասկանան, որ Հայաստանի քաղաքական ուժերը, հայաստանյան առողջ ուժերը, հայ ժողովուրդը տեր են իրենց հայրենիքին, և «ՔՊ-ն Արցախը զոհաբերելու կամ վաճառելու գործում գտնվում է միայնակ»: 

Կարծում ենք՝ այս հատվածը պետք է շատ ուշադիր կարդան հատկապես Արցախում ապրող մեր հայրենակիցները՝ հասկանալու համար, որ ընդդիմությունն արդեն իսկ իրենց զոհաբերել է։ Ընդ որում՝ ոչ միայն Արցախին է դավաճանել, այլև սեփական շարժման միակ օրակարգին և հայտարարում է կապիտուլյացիայի մասին։ 

Փոխարենը Իշխան Սաղաթելյանը խոստացել է, որ իրենք ոչ միայն շրջելու են «ամոթի և պարտության այս էջը, այլև զարթոնքի նոր էջ են բացելու, այդ ներուժը կա՝ Հայաստանում, Արցախում և Սփյուռքում»: Թե ինչպե՞ս են «Արցախի հանձնումից» հետո դա անելու, կամ ո՞ւմ է դա պետք, այլ հարց է։ 

Սաղաթելյանը իրականում բացահայտել է նախկին իշխանությունից կազմված ընդդիմության միակ իրական օրակարգը. ըստ նրա՝ իրավիճակից ելքը ընդդիմությունը շարունակում է տեսնել նոր կառավարության ձևավորման մեջ։ «Մեզ պետք է նոր նավապետ»,-հայտարարել է նա՝ վստահեցնելով, որ Հայաստանում և Արցախում կան մարդիկ, ովքեր ի զորու են առաջնորդել մեր ժողովրդին պատմական այս ծանր ժամանակահատվածում։

Փաստորեն իրենք պատրաստ են «փրկել» Արցախն անգամ այն «հանձնելուց» հետո։ Այլ կերպ ասած՝ պատրաստ են նման զարգացման, միայն թե իրենց համար հնարավորություն ստեղծվի իշխանության վերադառնալու։ Իսկ Արցախը կարելի է զոհաբերել հանուն այդ «վեհ գաղափարի»։

Մ. Խ.