Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Առաջարկել ենք, որ ԵՄ-ն միջնորդական առաքելություն տեղակայվի սահմանին․ Հայաստանը համաձայնել է, Ադրբեջանը՝ ոչ․ դրանից ավելի ի՞նչ եք ուզում, որ անենք»․ Բորել

«Առաջարկել ենք, որ ԵՄ-ն միջնորդական առաքելություն տեղակայվի սահմանին․ Հայաստանը համաձայնել է, Ադրբեջանը՝ ոչ․ դրանից ավելի ի՞նչ եք ուզում, որ անենք»․ Բորել
Քաղաքականություն
13:15, 05 октябрь 2022
Մոտ մեկ ժամանոց հարցուպատասխանի ընթացքում Բորելը մի քանի անգամ շեշտեց՝ Եվրամիությունը հանձնառու է գործի դնել բոլոր հնարավորությունները՝ լարվածությունը թուլացնելու, տարածաշրջանում խաղաղություն հաստատելու համար, միայն թե այդ գործիքներն իրականում շատ չեն։ Պնդեց՝ պատրաստ են անգամ դիտորդական առաքելություն ուղարկել սահման, միայն թե դրա համար նաև Բաքվի համաձայնությունն է պետք, որը չկա. - «Մենք առաջարկել ենք, որ Եվրամիության միջնորդական առաքելություն տեղակայվի սահմանին։ Հայաստանը համաձայնել է, Ադրբեջանը՝ ոչ։ Դրանից ավել ի՞նչ եք ուզում, որ անենք։ Մենք չենք կարող Եվրամիության զորքն ուղարկել՝ առանց ստանալու երկու կողմերի համաձայնությունը»:
Պատգամավորներից մեկը փաստեց՝ վաղը Պրահայում կայանալու է Եվրամիության ոչ-պաշտոնական գագաթնաժողովը․ «Խաղաղություն և անվտանգություն» թեմայով քննարկմանը նաև ագրեսոր երկրի՝ Ադրբեջանի նախագահն է հրավիրվել։ Ինչո՞ւ, սրանով ԵՄ վարկանիշն է դրվում կասկածի տակ», - պնդեց դանիացի Կարենա Մելքիորը, փաստելով՝ Եվրամիության՝ մտահոգված լինելու մասին հայտարարություններն արդեն սոցանցերում երգիծանքի թեմա են դարձել։

«Գործընթաց սկսեք այս ատյանում»

Բորելն այս անգամ էլ քննադատությունը չընդունեց ու իր հերթին գնդակը Եվրախորհրդարանի կողմն ուղարկեց. - «Հանդիպմանը հրավիրվել են այն երկրները, որոնց հետ ունենք գործընկերության, կամ՝ ասոցացման պայմանագրեր, որոնց սառեցման կամ դադարեցման հարց Եվրախորհրդարանը չի դրել։ Թույլ տվեք ասել՝ դուք էլ եք Եվրամիության անդամ։ Եթե կարծում եք, որ ինչ-որ քայլ անելու կարիք կա, արեք։ Եթե չեք ուզում, որ Ադրբեջանը հրավիրվի, հեշտ ձև կա՝ գործընթաց սկսեք այս ատյանում, որպեսզի Ադրբեջանի անդամակցությունը դադարեցվի»։
Այս պահին, ըստ Բորելի, եվրոպական կողմն աշխատում է, որպեսզի սահմանազատման հայ - ադրբեջանական հանձնաժողովը մինչև այս ամսվա վերջ ևս մեկ հանդիպում ունենա Բրյուսելում։ «Կարծում եք, որ ստեղծված իրավիճակում Եվրամիությունը կունենա՞ բավարար ազդեցություն Ադրբեջանի վրա՝ միջնորդություն իրականացնելու, արդար և կայուն համաձայնագրի հասնելու համար», - հարցրեց պատգամավորներից մեկը։ «Հույս ունեմ, բայց չեմ կարող երաշխավորել», - արձագանքեց Եվրամիության արտաքին հարաբերությունների գծով բարձրագույն հանձնակատարը։

Նյութի աղբյուրը՝ «Ազատություն» ռադիոկայան