Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Միրզոյանը և Բայրամովը վաղը հանդիպում կունենան Ստոկհոլմում, Եվրախորհրդարանին հայտնում է ԵՄ պաշտոնյան

Միրզոյանը և Բայրամովը վաղը հանդիպում կունենան Ստոկհոլմում, Եվրախորհրդարանին հայտնում է ԵՄ պաշտոնյան
Միջազգային
17:25, 01 декабрь 2021
Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարները վաղը ևս մեկ հանդիպում կունենան Շվեդիայում՝ ԵԱՀԿ նախարարական համաժողովի շրջանակներում, այսօր Եվրախորհրդարանում հայտարարեց Եվրամիության արտաքին քաղաքական գերատեսչության ներկայացուցիչ Լյուկ Դիվինը։

«Մենք մի կողմից քաջալերում ենք կողմերին՝ ականազերծման քարտեզները տրամադրել, մյուս կողմից՝ ազատ արձակել բոլոր գերիներին և կալանավորվածներին, ինչն անհրաժեշտ է վստահությունն ամրապնդելու համար։ Բայց երկու կողմն էլ չեն համաձայնում։ Հայկական կողմն ասում է, թե արդեն տրամադրել է քարտեզները, Ադրբեջանն էլ հայտարարում է, որ այդ պահանջը համարժեք չէ, քանի որ ձերբակալվածները ռազմագերիներ չեն։ Այնպես որ, կրկին, դժվար է», - ասաց Լյուկ Դիվինը՝ շարունակելով․ - «Մենք պատրաստ ենք ավելին անել նաև տնտեսական առողջացման համար, բայց դրա համար պետք է խաղաղություն լինի։ Մասնավոր հատվածից ո՞վ ներդրում կանի տարածաշրջանում, որտեղ չգիտես՝ երբ է հաջորդ բախումը կամ պայթյունը լինելու»։