Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Պրահայից հոխորտացող ու սպառնացող Ադրբեջանի նախագահը ոչ միայն լսելու, այլև կարդալ-հասկանալու հետ կապված խնդիր ունի, իսկ Նոյեմբերի 9-ի հայտարարության արբիտր ՌԴ-ն լռում է

Պրահայից հոխորտացող ու սպառնացող Ադրբեջանի նախագահը ոչ միայն լսելու, այլև կարդալ-հասկանալու հետ կապված խնդիր ունի, իսկ Նոյեմբերի 9-ի հայտարարության արբիտր ՌԴ-ն լռում է
Քաղաքականություն
16:50, 07 октябрь 2022
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի պրահյան հայտարարությունն այն մասին, թե Հայաստանի վարչապետից չի կարողացել պատասխան ստանալ իր այն առաջարկի մասին, թե երբ է իրենց՝ Ադրբեջանին տրամադրելու «ավտոճանապարհի երթուղի», վկայում է երկու բանի մասին. կա՛մ հարևան երկրի նախագահը դիսլեքսիա՝ կարդալու հետ կապված դժվարություններ ունի, հետևապես այդպես էլ չի կարողանում ընթերցել,  ըմբռնել և ճիշտ մեկնաբանել նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության կետերից հատկապես վերջին՝ 9-րդ կետը, կա՛մ էլ լսում, բայց չի հասկանում  ՀՀ վարչապետի պարզ, հստակ ձևակերպված հայտարարությունները խնդրո առարկա կետի վերաբերյալ։ Կա նաև երրորդ տարբերակը՝ Ալիևը պրոֆեսիոնալ մանիպուլյատոր է և  սեփական ցանկությունները  շփոթում է փաստաթղթավորված իրողությունների հետ և փորձում իմաստախեղել սևով սպիտակի վրա գրվածը։  

Այս կոնֆուզի հետևանքն է, վստահաբար,  Ալիևի մտքի հետևյալ փայլատակումը՝ իրեն հատուկ սպառնալից տոնով. «Բոլորը գիտեն, թե որտեղով պետք է անցնեն երկաթուղային և ավտոճանապարհները: Մենք չենք հասկանում՝ ինչու չեն ցանկանում ինքնակամ մեզ տրամադրել երթուղի դեպի Նախիջևան։ (...)Բայց առայժմ մենք ցուցաբերում ենք համբերություն, զսպվածություն։ Վստահ եմ, որ մենք կհասնենք ցանկալիին. լավ կլինի, եթե դա տեղի ունենա ոչ թե ուշ, այլ շուտ»,- ադրբեջանական հեուստաալիքներին տված հարցազրույցում Պրահայում հայտարարել  է  Ալիևը։ 

Մինչդեռ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ճիշտ հակառակի մասին է պնդում՝ շեշտելով տարածաշրջանային բոլոր հաղորդակցությունները ապաշրջափակելու մասին ՀՀ-ի կողմից արված առաջարկի  մասին, որին, Փաշինյանի հավաստմամբ, Ադրբեջանը կրկին դրական պատասխան չի տվել։ «Կրկնում եմ՝ Հայաստանը պատրաստ է ապաշրջափակել տարածաշրջանային բոլոր հաղորդակցությունները մեր ինքնիշխանության և օրենսդրության նկատմամբ լիակատար հարգանքի դեպքում»,- Թվիթերում գրել է ՀՀ վարչապետը: 
Եթե Ադրբեջանը՝ ի դեմս Ալիևի, չի հասկանում Հայաստանի՝ ի դեմս Փաշինյանի,  լեզուն, ապա թերևս օգնության հասնի հայտարարության երրորդ կողմը՝ ՌԴ-ն, և պարոն Պուտինի աջակցությամբ, ինչպես ասում են, կարգի հրավիրի չհասկացողին, հարկ եղած դեպքում էլ  հասկանալու տեսություն և պրակտիկա դասավանդի։   
 
Նշենք, որ այս՝ նոյեմբերի 9-ի հանգուցային կետի  ի կատար ածման հետ կապված խնդիրներին վարչապետը մեկ անգամ չէ, որ անդրադարձել է։ Մասնավորապես Պրահայում տեղի ունեցած հանդիպումից երկու ամիս առաջ՝ օգոստոսի 4-ի  կառավարության նիստում, որին նախորդել էր ադրբեջանական հերթական   սադրանքը,  Փաշինյանը նշեց, որ  ադրբեջանցիները ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով հենց այսօր էլ կարող են հատել Հայաստանի սահմանն ու գնալ Նախիջևան՝ հավելելով. «Հայաստանի պարտավորությունների մասին խոսելիս Ադրբեջանն ասում է՝ Հայաստանը պարտավորվել է ապահովել Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի կապը: Մենք ամեն օր պատրաստ ենք ապահովել այդ կապը, Ադրբեջանն է, որ չի օգտվում մեր ընձեռած հնարավորություններից: Այսօր էլ ասում ենք՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով եկեք-հատեք Հայաստանի սահմանը, գնացեք Նախիջևան: Դեռ նախորդ տարվանից ունենք ՀՀ մաքսային և սահմանապահ ծառայությունների կետեր և Ադրբեջանին ասել ենք, որ իրենք սահմանված կարգով ցանկացած պահի այդ կետերը կարող են հատել և կապ հաստատել Նախիջևանի հետ: 

Անդրադառնալով կառուցվող նոր ճանապարհներին՝ վարչապետն ասել էր, որ եռակողմ հայտարարության մեջ նշված է՝ դա պետք է տեղի ունենա կողմերի համաձայնությամբ. «Մենք ասում ենք, որ այդ ճանապարհների երթուղին քննարկելը համարում ենք երկրորդ հարցը՝ իրավական ընթացակարգերի ամրագրումից և գործարկումից հետո: Պաշտոնապես ասում եմ՝ այսօր Ադրբեջանը մի քանի կետով կարող է հատել Հայաստանի սահմանը և երթևեկություն իրականացնել Նախիջևան: Ադրբեջանի ամենաարևմտյան շրջանը Ղազախի շրջանն է, թող գան, հատեն, գնան Նախիջևան: Մենք երաշխավորում ենք այդ երթևեկության անվտանգությունը՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով: Միայն Ղազախ-Իջևան հատվածով չէ, նաև Ղազախ-Բերդ, Վարդենիսի, Սիսիանի, Երասխի հատվածում կարող ենք ապահովել, Գորիսի հատվածում վաղուց մաքսային ծառայության հսկողություն ունենք, ու այս ընթացքում Ադրբեջանը ոչ մի անգամ չի էլ փորձել օգտվել: Չկա դեպք, որ իրենք գան, ասեն, որ ուզում են հատել, ու մենք խոչընդոտենք: Բայց էլի եմ ասում՝ սա պետք է տեղի ունենա ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով»:  

Անդրադառնալով հայտարարության համապատասխան կետին, ըստ որի՝ պետք է ապահովվի ազատ տեղաշարժ, Նիկոլ Փաշինյանն ասել է. «ՀՀ Սահմանադրության մեջ գրված է, որ ՀՀ քաղաքացիներն ունեն ազատ տեղաշարժի իրավունք, բայց դա չի նշանակում, որ այդ ազատ տեղաշարժը պետք է տեղի ունենա օրենսդրության շրջանցմամբ: Այս իրողությունները պետք է հստակ ու միջազգայնորեն արձանագրենք»:
Նշենք, որ Փաշինյանը նաև դիմել էր ՊԵԿ նախագահին և  ԱԱԾ տնօրենին՝ հանձնարարելով ապահովել ադրբեջանցիների երթևեկությունը ՀՀ սահմանով դեպի Նախիջևան։ «Ապահովեք նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության այդ հնարավորությունը, նաև Իջևանի, Նոյեմբերյանի հատվածում, թող ադրբեջանցիներն ասեն, թե որտեղով են ուզում հատել, և իրականացնել ՀՀ օրենսդրությամբ սահմանված անձնագրային, մաքսային հսկողություն և, իհարկե, անվտանգության ապահովում»,- հանձնարարել էր վարչապետը։ 

Թե ինչու Ադրբեջանը չի օգտվում ՀՀ՝ ամենաբարձր մակարդակով արված առաջարկից՝ շարունակ գանգատվելով  Հայաստանի «մերժումից», հասկանալի է դառնում Փաշինյանի՝ մոտ մեկ ամիս առաջ Վլադիվոստոկում հայ  համայնքի հետ հանդիպման ժամանակ ներկայացրած պարզաբանումից։ Հայտարարելով, որ ճանապարհների բացումը ՀՀ տարածքով միանշանակ ձեռնտու է Երևանին, ինչը  կբերի անվտանգության լրացուցիչ երաշխիքներ, Փաշինյանը միաժամանակ հրապարակեց այս հարցում Բաքվի դիրքորոշումը։ Ըստ այդմ. «Ադրբեջանն ուզում է, որ տարածաշրջանային կոմունիկացիաները բացվեն այնպես, որ ՀՀ-ն  շարունակի մնալ շրջափակման մեջ»։ Դատելով Փաշինյանի խոսքից՝ Բաքուն ցանկանում է, որպեսզի Ադրբեջան-Նախիջևան կապը դուրս մնա Հայաստանի իրավազորությունից։

«Ես ուզում եմ՝ շատ հստակ լինի, որ մենք ՀՀ տարածքով որևէ միջանցք որևէ մեկին չենք տալու, բայց մենք ճանապարհ տալու ենք և ճանապարհ բացելու ենք և պատրաստ ենք սա անել ցանկացած պահի: Ես սա ամենայն պատասխանատվությամբ ասում եմ, մենք նաև առաջարկներ ենք փոխանցել. որ պահին Ադրբեջանն այդ առաջարկներն ընդունի, արդեն այդ առաջարկների հիման վրա կարելի է կոնկրետ փաստաթուղթ ստորագրել և ինչքան հնարավոր է արագ իրագործել այդ պայմանավորվածությունները»,- նշել էր  վարչապետը։ 
Թեմային գործադիրի ղեկավարը հանգամանորեն անդրադարձավ նաև Հ1-ին անցյալ շաբաթ տված հարցազրույցում և շեշտեց. «Շատ կարևոր է 9-րդ կետի ընթերցանությունը. ըն-թեր-ցա-նու-թյու-նը։ Հրապարակային փաստաթուղթ է, դժվա՞ր է բացել-կարդալ։ Էն, ինչ ՀՀ-ն պարտավորված է անել, հենց այսօր ՀՀ-ն պատրաստ է անել»։
Փաշինյանը նաև շեշտեց, որ ՀՀ-ն ոչ միայն պատրաստ է, այլև շատ է ուզում, որպեսզի  երթուղիների ապաշրջափակումը կյանքի կոչվի, իսկ հարցը վաղուց լուծված կլիներ, եթե Ադրբեջանի կողմից շարունակաբար ագրեսիվ հայտարարություններ չհնչեին, և Ադրբեջանը չփորձեր տարածքային պահանջներ ներկայացնել ՀՀ-ի նկատմամբ։ Ասվածի ապացույցը միջանցքի մասին խոսույթն է։ «Մենք ուզում ենք ճանապարհ, այո, մենք դա շա՜տ ենք ուզում, որպեսզի մեր ցանկությունը հստակ արտահայտվի, մենք նույնիսկ անուն ունենք նախագծին՝ Հայկական խաչմերուկ նախագիծ։ Սա ինչու համար ենք ասում. ցույց տալու, որ այս գործը համարում ենք մեզ համար կարևոր, մեր սեփականը։ Ինչն է խնդիրը. ճանապարհների օգտագործման իրավական ընթացակարգերի շուրջ պետք է համաձայնություն տեղի ունենա։ Կա սկզբունքային համաձայնություն, դա այն է, որ ճանապարհները գործում են այն երկրների սուվերենության ներքո, որոնցով անցնում են։ Կա այս սկզբունքային համաձայնության վերծանություն, ինչը նշանակում է, որ սահմանին պետք է լինի սահմանային և մաքսային հսկողություն։ Եվ կա այս վերծանության մեխանիզմների բացահայտում, ինչը նշանակում է՝ ինչպես պետք է արվեն  անձնագրային և մաքսային հսկողությունները»։ 

Մեջբերենք խնդրո առարկա հայտարարության այդքան չարչրկված կետը. «Տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերն ապաշրջափակվում են: ՀՀ-ն  երաշխավորում է տրանսպորտային կապերի անվտանգությունը Ադրբեջանի Հանրապետության արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև` երկու ուղղություններով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և ապրանքների անխոչընդոտ տեղաշարժը կազմակերպելու համար: Տրանսպորտային հաղորդակցության հսկողությունն իրականացնում են ՌԴ ԱԴԾ Սահմանապահ ծառայության մարմինները:

Կողմերի համաձայնությամբ կապահովվի Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունը և Ադրբեջանի արևմտյան շրջանները կապող տրանսպորտային նոր ուղիների շինարարությունը»։ 
Թե այս պարբերւթյան մեջ որ բառն ու կապակցությունն է  Ալիևը  կարդում ու հասկանում որպես «միջանցք»՝ այդպես էլ մնում է գաղտնիք։  
 
 Հեղինե Մանուկյան