Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Սա ցինիզմի գագաթնակետն է․ Դանիել Իոաննիսյանը՝ Վլադիմիր Պուտինի հայտարարության մասին

Սա ցինիզմի գագաթնակետն է․ Դանիել Իոաննիսյանը՝ Վլադիմիր Պուտինի հայտարարության մասին
Քաղաքականություն
22:17, 27 октябрь 2022
Ինչ ասեց ու ինչը չասեց Վլադիմիր Պուտինը. ֆեյսբուքի իր էջում գրել է ԻՔՄ համակարգող Դանիել Իոաննիսյանը։

«Վլադիմիր Պուտինը, ըստ էության, ասում է, որ ինքը նախկինում առաջարկել է, որ Հայաստանը, առանց Արցախի կարգավիճակի հստակեցման, 5 շրջան Ղարաբաղից փոխանցի Ադրբեջանին, բայց Հայաստանի իշխանությությունները հրաժարվել են։
Ըստ էության, Պուտինի ասածը վերաբերվում է այդ տարածքները չհանձնած Սերժ Սարգսյանին ու Նիկոլ Փաշինյանին։
Բայց Վլադիմիր Պուտինը խուսափում է մեկ այլ հարցից. Ադրբեջանը վերջերս հարձակվել էր Հայաստանի վրա և Ռուսաստանը ոչինչ չարեց այդ հարձակումը կանգնեցնելու համար։

Հայաստանը ինչ ասես, որ չհանձնեց Ռուսաստանին` իր անվտանգության ապահովման համար։ Էլ մտանք ԵԱՏՄ, էլ հանձնեցինք գազային մենաշնորհներ, էլ տվեցինք ամբողջ էներգետիկան, էլ հրաժարվեցինք ԵՄ-ի հետ ասոցացումից։
Բայց դրա դիմաց Վլադիմիր Պուտինի կառավարությունը ոչ միայն չդատապարտեց, այլև քաղաքականապես աջակցեց Հայաստանի վրա հարձակումը։

Եվ Հայաստանին այդքան քցելուց հետո Վլադիմիր Պուտինը փորձում է մեղքը գցի Հայաստանի իշխանությունների վրա։ Սա ցինիզմի գագաթնակետն է»։

Հիշեցնենք, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը «Վալդայ» ակումբում պատասխանելով քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանի հարցին, ասել է․  «Ռուսաստանն աջակցում է խաղաղ կարգավորմանը, մենք հանդես ենք գալիս խաղաղության պայմանագրի, սահմանազատման և սահմանագծման օգտին։ Հայաստանի գործն է, թե պայմանագրի որ տարբերակն ընտրի։ Բայց որ տարբերակն էլ ընտրի, եթե այն կհանգեցնի խաղաղության, մենք միայն կողմ ենք: Մենք չենք կարող և չենք պատրաստվում Հայաստանին որևէ բան թելադրել։ Եթե հայ ժողովուրդը և Հայաստանի ներկայիս ղեկավարությունը կարծում են, որ պետք է ընտրել խաղաղության պայմանագրի ինչ-որ կոնկրետ տարբերակ, այսպես կոչված, վաշինգտոնյան համաձայնագիրը, որը, ինչքան հասկանում եմ, նախատեսում է Ղարաբաղի նկատմամբ Ադրբեջանի ինքնիշխանության ճանաչումը՝ խնդրեմ։ Դե, եթե Հայաստանն այդպես է կարծում»։