Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ստեփանակերտի և Բաքվի միջև երկխոսությունը կարող է արդյունավետ լինել Արևմուտքի աջակցությամբ․Սոնա Ղազարյան

«Սոչիի հանդիպման արդյունքում արձանագրված տեքստում նույնական ձևակերպումներ կային Պրահայի հանդիպման ավարտին հրապարակված տեքստում։ Սա նշանակում է, որ Պրահայի համաձայնությունները վերահաստատվել է նաև Սոչիում, ինչը շատ կարևոր է հայկական կողմի համար, հղումը՝ Ալմա-Աթայի 1991 թվականի համաձայնեցմանը»,- այս մասին Civic.am-ի հետ զրույցում ասաց  ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Սոնա Ղազարյանը։

 Նա նշեց, որ իրենց համար ինչպես նախկինում, այնպես էլ հիմա, կարևոր է մնում ԼՂ-ում բնակվող հայերի անվտանգության և դրա ապահովման մեխանիզմների մշակումը, և իրենք շատ արդյունավետ են աշխատում նաև արևմտյան գործընկերների հետ։

«Շատ ակտիվ մի քանի ֆորմատներով ԱՄՆ-ում տեղի են ունեցել բանակցություններ, և թեպետ մեր ընդդիմադիր գործընկերները շատ գոհ չեն արևմտյան ձևակերպումներից, սակայն, այնուամենայնիվ, այնտեղ նշված է եղել ԼՂ-ում հայության անվտանգության հարցը, ինչը հայկական օրակարգային հարց է։ Չեմ կարող չկարևորել այն երկխոսությունը, որը պետք է տեղի ունենա Ստեփանակերտի և Բաքվի միջև, և կարծում եմ, որ միջազգային հանրության և մասնավորապես՝ Արևմուտքի աջակցությամբ այս խոսակցությունը կարող է արդյունավետ լինել»,-ասաց Սոնա Ղազարյանը։
 
Խոսելով նաև այն մասին, թե սեպտեմբերի 13-14-ի ադրբեջանական ագրեսիայից հետո որ միջազգային կառույցն ինչպես աջակցեց և ինչպես արձագանքեց, Սոնա Ղազարյանն ասաց, որ արձագանքները տարբեր են եղել և հայկական կողմը հայտնել է այդ տարբեր ձևակերպումների մասով։ Պատգամավորը նշեց, որ Հայաստան են այցելել թե՛ ՀԱՊԿ, թե՛ ԵՄ դիտորդական խմբեր։ ՀԱՊԿ-ի դիտորդներից մինչև այժմ մենք չունենք հստակ արձանագրում, որ տեղի է ունեցել ագրեսիա՝ Հայաստանի նկատմամբ, քանի որ հղում է արվում չդելիմիտացված սահմաններին, ինչն անընդունելի է, որովհետև պետք է արձանագրել, որ կա ադմինիստրատիվ սահման։
«Բայց մի փոքր այլ ոճով են արձագանքել արևմտյան մեր գործընկերները, որոնք միանգամից քաղաքացիական դիտորդական առաքելություն են ուղարկել Հայաստան, 40 հոգուց բաղկացած, երկու ամիս ժամկետով, այստեղ են գտնվելու դիտորդական առաքելության ներկայացուցիչները։ Մենք շատ ենք գնահատում արևմտյան կողմի հստակ, հասցեական դիրքորոշումը»,- ասաց Սոնա Ղազարյանը։
     
Մանրամասները՝ տեսանյութում։
 
Լիլիթ Թադևոսյան