Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հայաստանի մարտահրավերները սրվում են երկու բռնապետների` Ալիևի և Էրդողանի հարևանությամբ լինելու պատճառով. Մարիա Կարապետյան

Այսօրվա ելույթս Եվրանեսթի խորհրդարանական վեհաժողովի ժամանակ. ֆեյսբուքի իր էջում գրել է իմքայլական պատգամավոր Մարիա Կարապետյանն ու հրապարակել այն.


Հարգելի գործընկերներ,

Մեր թեման հետքովիդյան համատեքստում վերականգնման, դիմացկունության և ժողովրդավարացման հեռանկարներն են:

Համավարակը ևս մեկ անգամ հիշեցրեց բոլորիս, թե մենք որքան փոխկապակցված ենք այս աշխարհում, ինչպես պարզապես կենսաբանորեն, այնպես էլ շատ բարդ ձևերով՝ տնտեսապես և տեխնոլոգիապես:

Հետքովիդյան համատեքստում արագ վերականգնման, հետագա մարտահրավերներին դիմակայելու դիմացկունության ձևավորման և մեր ժողովրդավարությունների ամրապնդման հնարավորությունները նույնպես որոշ չափով կախված են նրանից, թե ինչպես մենք կհամագործակցենք տարածաշրջանային և գլոբալ մակարդակներում:

Հարավային Կովկասի տարածաշրջանի համար կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակը բազմապատիկ բարդացել է նաև Լեռնային Ղարաբաղի վերջին պատերազմի պատճառով, իսկ Հայաստանի մարտահրավերները սրվում են երկու բռնապետների` Ալիևի և Էրդողանի հարևանությամբ լինելու պատճառով:

Ադրբեջանը, Ալիևը և Ադրբեջանի խորհրդարանականներն ապտակ են հասցնում միջազգային հանրության դեմքին, երբ նրանք ասում են, որ պատերազմի միջոցով վերականգնեցին իրենց երկրի տարածքային ամբողջականությունը: Ալիևն ինքը բազմիցս ընդունել է, որ նա է սկսել այս պատերազմը` իրագործելով իր վաղեմի խոստումը: Նա վերահաստատել է դա տխրահռչակ պատերազմի ավարի պուրակի բացման արարողության ժամանակ:

Ադրբեջանի խորհրդարանականները կասեն, որ պատերազմի թանգարաններ կան նաև այլ երկրներում: Այսինքն նրանք կարծում են, որ բռնությունը, մարդկային տառապանքներն ու զոհաբերությունը փառաբանող այդ սարսափելի վայրը համեմատելի է այլ պատերազմի թանգարանների հետ, ինչպես օրինակ՝ Իտալիայի հյուսիսում` Սյուդթիրոլում գտնվող թանգարանը, որի ոգին պատերազմը դատապարտելն է և հնարավոր պատերազմները կանխելը:

Բայց ամենակարևորը, Ալիևը դեռևս հայ գերիներին պահում է Բաքվի բանտերում, այդ թվում ՝ 56 զինվորներից բաղկացած մի խմբի, որը գերի է ընկել պատերազմի ավարտից հետո: Նրանք և տասնյակ այլ գերիներ դեռևս պահվում են Բաքվում:

Ես դիմում եմ ձեզ՝ աշխատելու ձեր խորհրդարաններում և ձեր արտաքին գործերի նախարարությունների հետ, որպեսզի հնարավոր բոլոր ճնշումները գործադրվեն Ադրբեջանի վրա՝ հայ գերիներին վերադարձնելու համար: