Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Այն, ինչի ականատեսը եղանք Սյունիքում, ոչ թե բողոքի ակցիա էր, այլ՝ խուլիգանություն և պետք է քրեաիրավական հետևանքներ ունենա»․ Սարգիս Խանդանյան

Civic.am-ի հյուրը «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սարգիս Խանդանյանն է։
 
 Զրույցի սկզբում անդրադառնալով վարչապետի՝ այսօր Սյունիք կատարած այցին և այցի ընթացքում տեղի ունեցած միջադեպին, Խանդանյանը նշեց, որ վերապահումով է մոտենում այդ միջադեպը ակցիա անվանելուն և նշեց, որ այն, ինչ տեղի ունեցավ Մեղրիում և Ագարակում բողոքի ակցիայի հետ աղերս չուներ։ Դա խուլիգանական դրսևորում էր և բնավ չէր արտահայտում սյունեցիների տրամադրությունները։ 

 «Այն եղանակները և մեթոդները, որոնց ականատեսը եղանք, որևէ աղերս չունեն բողոքի ակցիայի հետ։ Դա խուլիգանություն էր և պետք է իր քրեաիրավական հետևանքներն ունենա, իսկ սյունեցիների խնդիրները մշտապես եղել են մեր կառավարող ուժի, թիմի ուշադրության կենտրոնում ոչ միայն պատերազմից հետո, այլև պատերազմի ընթացքում», - ասաց Խանդանյանը։
 
 Խանդանյանի կարծիքով՝ հանրության համար ակնհայտ է, թե ովքեր են այդ, այսպես կոչված, ակցիայի հեղինակները։ 

 «Շատ երկար պետք չէ փնտրել, հանրությունը գիտի, թե այդ մարդիկ ովքեր են։ Հանրությունը գիտի նաև, թե այդ մարդիկ որտեղից են սնվում։ Դրանք մարդիկ են, ովքեր որոշակի քաղաքական գործունեություն են սկսել ծավալել, և այդ քաղաքական գործունեության և այսօրվա գործողությունների սնման աղբյուրը ևս հայտնի է», - նշեց Խանդանյանը։
 
 Անդրադառնալով Զանգեզուրի միջանցքի մասին Ալիևի հայտարարությանը, Խանդանյանը նշեց, որ Ալիևի հոխորտանքները լուրջ ընդունել հնարավոր չէ։

  «Որևէ միջանցքի մասին խոսք լինել չի կարող, որովհետև նման պայմանավորվածություն չկա, և, կարծում եմ, Ալիևին ոչ միայն մենք պետք է արձագանքենք, այլև միջազգային հանրության բոլոր դերակատարները, որոնք իսկապես անհանգստացած են մեր տարածաշրջանում անվտանգության և խաղաղության հաստատման գործընթացներով։ Ալիևի գործողությունները ողջախության սահմաններից դուրս են», - ասաց Սարգիս Խանդանյանը։
 
 Գերիների վերադարձի մասով Խանդանյանը նշեց, որ կա միջազգային կոնսենսուս՝ մինուս Ադրբեջան և Թուրքիա։ Մնացածի դիրքորոշումն է, որ գերիները պետք է անհապաղ վերադարձվեն։ 

 «Ռուսաստանը, որպես եռակողմ հայտարարության մի կողմ, ևս շահագրգռված է այդ հարցով և այո՛, նաև Ռուսաստանը պետք է է՛լ ավելի մեծ ջանքեր գործադրի գերիների վերադարձի հարցով, և պետք է արձանագրել, որ մինչ այս պահը վերադարձած գերիների դեպքում Ռուսաստանի միջնորդական ջանքերը շատ էական և առանցքային են եղել», - նշեց Խանդանյանը։

 Անդրադառնալով քննադատություններին, որ կառավարող ուժը կարող է խուսափել արտահերթ ընտրություններ անցկացնելուց, քանի որ վարչապետը հայտարարել է, որ այլ խմբակցությունների կողմից վարչապետի թեկնածու առաջադրելու դեպքում «Իմ քայլը» դաշինքը կընտրի Նիկոլ Փաշինյանին որպես վարչապետ և հարցը կփակվի, Խանդանյանը դա անհեթեթություն որակեց և նշեց, որ եթե կառավարող ուժը չուզեր գնալ ընտրությունների, ապա  քննարկումները չէր ծավալի։ 

 «Մենք հանձնառություն ենք ստանձնել ընտրություններ անցկացնելու և իրականացնելու ենք այդ հանձնառությունը, ով ինչ ուզում է թող խոսի, և կարծում եմ, փոխըմբռնում  կա, որ ընդդիմադիր խմբակցությունները վարչապետի թեկնածու չեն առաջադրելու, այլապես դա կլինի արկածախնդրություն, դա կլինի քաղաքական ինքնասպանություն»,- նշեց Սարգիս Խանդանյանը։

 Խանդանյանը նշեց, որ քարոզարշավի ընթացքում իրենց թիմը մարդկանց փորձելու է ցույց տալ, թե ինչպե՞ս են պատկերացնում ապագան, ինչպե՞ս են լուծելու մարդկանց խնդիրները։ «Խոսելու ենք անվտանգային հարցերի մասին, Հայաստանի արտաքին քաղաքական ճարտարապետության մասին։ Հիմնական շեշտադրումն այն է, որ մենք պետք է ավելի լավ ճանաչենք մեր տարածաշրջանը և ավելի համագործակցային լինենք», - նշեց Խանդանյանը և ավելացրեց, որ այն ծրագիրը, որը մշակվում է՝ ապագայի մասին է, բայց նաև ապագայի մասին անհնար է խոսել, առանց անցյալի սխալները վերլուծելու,  և այդ խոսակցությունը շատ դինամիկ է լինելու։
 
Մանրամասն՝ տեսանյութում:
 
Վովա Հակոբյան