Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հայ գերիներին վերադարձնելու պահանջով ակցիաներ՝ Փարիզում և Լոս Անջելեսում

Ժնև, Հռոմ, Մոսկվա ու Տորոնտո՝ ցանկն ամբողջական չէ, աշխարհի 15 քաղաքում հայ ռազմագերիներին վերադարձնելու պահանջով լուռ ակցիաներ են անցկացվել: Արշավին միացել է նաև Փարիզը: «Շարժում» ընկերակցության հրավերով, ֆրանսաբնակ հայերը՝ Փարիզի հանրահայտ Պլաս դե լա Ռեպուբլիք հրապարակից աշխարհին կոչ են արել միջամտել հայ ռազմագերիների ազատման խնդրին. տեղեկացնում է 1lurer.am-ը:

Բողոքի ակցիայի մասնակիցները ընդգծել են՝ Ադրբեջանը ոչ միայն չի վերադարձնում հայ ռազմագերիներին, այլև խախտում է Ժնևի կոնվենցիայով ամրագրված` գերիների նկատմամբ վարվեցողության կանոնները:

Մասնակիցները կոչ են արել Ֆրանսիային՝ որպես Մինսկի խմբի համանախագահ երկիր, օգտագործել ամբողջ հեղինակությունը՝ ռազմագերիների վերադարձը և մարդասիրական դրույթների իրականացումն ապահովելու համար:

Դրոշներով, «Արթնացի՛ր, աշխա՛րհ», «Կա՛նգ առ, նո՛ր Հիտլեր» գրառումներով ակցիա է անցկացվել նաև Միացյալ Նահանգների արևմտյան ափում՝ Լոս Անջելեսում: Մասնակիցները վստահեցրել են՝ ակցիաները շարունակական են լինելու, և շարժումը պետք է համախմբի սփյուռքը:

Նմանատիպ «լուռ» ակցիա երեկ անցկացվել է նաև Երևանում: ՄԱԿ-ի Հայաստանի գրասենյակի դարպասներին ամրացվել են ձեռնաշղթաներ, որ կառույցը չմոռանա հայ գերիների մասին։ Նախաձեռնության անդամները գերիների անհապաղ վերադարձի հարցում գործնական քայլեր են պահանջել: