Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Նման «ակցիաները» շատ ավելի մեծ վտանգներ են ստեղծում Սյունիքի շուրջ

Նման «ակցիաները» շատ ավելի մեծ վտանգներ են ստեղծում Սյունիքի շուրջ
Քաղաքականություն
20:27, 21 апрель 2021
«Խնդիրն այն չէ, որ հանրության մի խումբ  բողոքում է իշխանության դեմ, այլ այն, թե ինչպես է այդ բողոքն արտահայտվում։ Բողոքի այդ ձևն իր մեջ ոչ միայն չի պարունակում բացարձակ որևէ օգտակարություն հանրային և պետական շահի տեսանկյունից, այլ նաև նման կերպ ստեղծվում են շատ ավելի մեծ վտանգներ Սյունիքի շուրջ»,-Civic.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Հակոբ Բադալյանը՝ անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի Սյունիք կատարած այցին ու Սյունիքում առանձին խմբերի կողմից եղած դիմադրությանը։
 
 Քաղաքագետի խոսքով Սյունիքի հարցն ակնհայտորեն գտնվում է Ռուսաստան-Թուրքիա-Ադրբեջան օրակարգում, իսկ այդ օրակարգում գտնվող որևէ հայկական հարց ինքնին արդեն մարտահրավեր է մեր պետության համար. «Հետևաբար Սյունիքի շուրջ հայկական ներքին զարգացումներն անգամ իրարամերժ կարծիքների դեպքում պետք է չստեղծեն այնպիսի ռիսկեր, երբ արտաքին որևէ ծրագիր կարող է իրացվել ներքին անկայունության միջոցով։ Նման վտանգ կա։ Եվ առհասարակ պատերազմից հետո հայաստանյան ներքին քաոտիկ վիճակն ակնհայտորեն միտված է Հայաստանը սուբյեկտային հնարավորություններից զրկելուն։ Անգամ այն սուբյեկտայնությունից, որը Հայաստանն ու Արցախն ունեն պարտությունից հետո»,- ընդգծեց Բադալյանը՝ ավելացնելով, որ այս ֆոնին պետք է բացառել այնպիսի զարգացում, որը կարող է հանգեցնել քաոտիկ ու անկայուն իրավիճակի, քանի որ հետո այդ վիճակի վրա կարող է դրվել արտաքին որևէ ծրագիր իրականացնելու մեխանիզմ, տրամաբանություն և պատասխանատվություն։ 

 «Մենք այս ամենը նկատի ունենալով չափազանց զգույշ և բծախնդիր պետք է լինենք անգամ քաղաքական բողոքի ակցիաներ իրականացնելիս։ Մենք պետք է թույլ չտանք արտաքին որևէ սցենար իրացնելու համար Հայաստանում ստեղծել անկայուն միջավայր»,- եզրափակեց Բադալյանը։ 

 «Իմ քայլը» խմբակցությունից սյունեցի պատգամավոր Նարեկ Ղահրամանյանը մեզ հետ զրույցում նշեց, որ չի կարելի Ագարակի դեպքերից վերցրած ասել, թե ամբողջ Սյունիքում այդ մթնոլորտն է։ 

 «Ամբողջ Սյունիքը, սյունեցիները չեն մերժում վարչապետին։ Այդ ակցիան միտումնավոր կազմակերպված էր։ Միանշանակ ուղղորդված էր, բայց թե ի՞նչը, ո՞նց՝ հետագայում կպարզվի։ Ես չեմ ուզում ասել, թե ում կողմից էր կազմակերպված դա»,- ասաց պատգամավորը։
 
 Լրագրողների «Ասպարեզ» ակումբի ղեկավար Լևոն Բարսեղյանը մեզ հետ զրույցում նկատեց, որ բավարար տեղեկություն չունի՝ ակցիան հատո՞ւկ էր կազմակերպվել, թե՞ ոչ, եթե կազմակերպված էր, ով էր կազմակերպել, բայց մի բան հստակ է՝ մարդիկ բողոք արտահայտելու իրավունք ունեն, բայց նաև պետք է պատասխանատու լինեն  բողոքն արտահայտելու իրենց ընտրած ձևի համար. «Եթե շատ ուշադիր նայենք այսօրվա ակցիան, ապա կտեսնենք, որ այդ խմբի ընտրած ձևերն ամբողջությամբ տեղավորվում են Քրեական օրենսգրքի մի քանի հոդվածում։ Բայց բողոքը արտահայտելու ձևեր կան, որոնք քրեաիրավական հետևանք չեն ունենում։ Դա հանդիպումն է, քննադատությունն է, խոսքն է, թունդ քննադատությունն է։ Ես փորձեցի պատկերացնել՝ մի 5-10-15 տարի առաջ մի խումբ մարդիկ փորձեին դուրս գալ թիվ մեկ պաշտոնյայի դիմաց ու նման վարք ու վերաբերմունք արտահայտեին… Բոլորն են հիշում այդ ժամանակները և կարող են ասել, թե դա ինչ հետևանք կունենար։ Բայց հիմա, կարծում եմ, իրավապահ համակարգը լուրջ կվերաբերվի դրան, որովհետև վերջին 3 տարվա փորձը ցույց է տալիս, որ իավապահ համակարգը բարեխիղճ չի աշխատում։ Դրա համար իրավապահ համակարգը ժամանակին էր պետք բարեփոխել»,-ասաց Բարսեղյանը։
 
Մեր զրուցակիցը նաև նկատեց, որ ընդունելի չէ բողոքի ցույցերի տեղայնացումը, բնութագրումները, թե՝ սյունեցիներ, շիրակցիներ, ապարանցիներ. «Հիմա ասում են սյունեցիները, բայց դա չի նշանակում, որ Սյունիքի մի քանի հարյուր հազար բնակիչ փողոց էր դուրս եկել։ Մարդկանց խումբ է եղել և պետք է ճիշտ որակել դա, որովհետև ուրիշ սյունեցիների էլ տեսանք, որոնք նման վարք չէին դրսևորում։ Ընդհանրացնել ու ասել՝ սյունեցիները նման վարք դրսևորեցին առնվազն սխալ է, եթե ոչ միտումնավոր մանիպուլյատիվ քայլ»,- եզրափակեց Բարսեղյանը։ 
 
Արփի Հարությունյան