Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ընդդիմությունը, որի մուտքն Արցախ ռուս խաղաղապահներն արգելել էին ամիսներ առաջ, այսօր ստանձնել է նույն այդ խաղաղապահների փաստաբանի դերը, որոնց անգործության հետևանքով Արցախին սպառնում է հումանիտար աղետ

Ընդդիմությունը, որի մուտքն Արցախ ռուս խաղաղապահներն արգելել էին ամիսներ առաջ, այսօր ստանձնել է նույն այդ խաղաղապահների փաստաբանի դերը, որոնց անգործության հետևանքով Արցախին սպառնում է հումանիտար աղետ
Քաղաքականություն
19:11, 14 декабрь 2022
Ամիսներ առաջ՝ ապրիլին, Արցախի փրկության օրակարգով շարժում սկսած, ԱԺ նիստերի դահլիճում Արցախի դրոշներ փակցրած, ապաև ԱԺ նիստը բոյկոտած ընդդիմությունն ուղևորվեց Արցախ։  Արցախում տեղակայված ՌԴ խաղաղապահ զորախմբի ծառայողները, սակայն, թույլ չտվեցին Արցախի փրկության դրոշակակիրներ-պատգամավորների մուտքը Լեռնային Ղարաբաղ: Պատգամավորներից մեկը, մասնավորապես մանդատը շաբաթներ առաջ վայր դրած նախկին հայաստանական Հռիփսիմե Ստամբուլյանը, շտապեց նետվել դավադրապաշտության գիրկը՝ ազդարարելով. ««Հայաստան», «Պատիվ ունեմ» խմբակցությունների և Արցախի գործընկերներիս հետ միասին գտնվում եմ Արցախի դարպասների մոտ, որտեղ 3 ժամից ավելի է՝ չեն թույլատրում մուտք գործել Արցախի Հանրապետություն:

Խաղաղապահներն ունեն ցուցակներ՝ մեր անուն-ազգանուններով, որպեսզի թույլ չտան մեր մուտքն Արցախ: Հստակ է մեկ բան, որ գործող իշխանությունը, Նիկոլի գլխավորությամբ, կատարում է ադրբեջանաթուրքական տանդեմի՝ ի դեմս Ալիևի հրահանգները»: 
 
ՀՀ ԱԳՆ-ն  էլ իր հերթին, արձագանքելով ռուս խաղաղապահների պահվածքին, հայտնեց իր մտահոգությունները։ «Նշված գործողությունը հակասում է 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությանը, որով նախատեսվում է Լաչինի միջանցքով Լեռնային Ղարաբաղի անխափան կապը Հայաստանի հետ: Հայտարարության բոլոր կողմերը պետք է խստորեն հետևեն դրա տառին և ոգուն, ինչպես նաև իրականացնեն ստանձնած պարտավորությունները»,- նշված էր ՀՀ ԱԳՆ-ի հայտարարության մեջ։  

Հետին թվով ուզում ենք հարցնել ընդդիմադիր պատգամավորներին՝ արդյոք իրենց նկատմամբ տեղի ունեցածի ՝ ռուս խաղաղապահների ապօրինի գործողությունների մասին ահազանգե՞լ են ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպանին, որի հետ, ի դեպ, Արցախ մեկնելուց  մեկ շաբաթ առաջ հասցրել էին հանդիպում ունենալ։  

Հիշեցնենք, որ ամիսներ առաջ էլ՝ օգոստոսի կեսերին, ադրբեջանական haqqin.az-ի գլխավոր խմբագիր Էյնուլա Ֆաթուլաևը ռուս խաղաղապահների ուղեկցությամբ եղել է Բերձոր և Աղավնո համայնքներում, զրուցել բնակիչների հետ։  Ադրբեջանցի հայտնի լրագրողի՝ Արցախ  մուտքի մասին հանրությունն իմացավ «պոստ ֆակտում», երբ վերջինս  անոնսեց իր այցի և թողարկվելիք ռեպորտաժների մասին։ Սույն լրագրողը, ի դեպ, իր ռեպորտաժում Բերձորի բնակիչներին  նկարագրել  է որպես «վատ հագնված մարդկանց», Աղավնոյի համայնքապետարանն անվանել «կեղտոտ ու փտած», որտեղ իր խոսքով՝ «խեղդող դաշնակցական մթնոլորտ է»։

Անդրադառնալով  ադրբեջանական լրագրողների գործունեությանը՝  ԱՀ  ԱԽ-ն հայտարարություն տարածեց, որում մասնավորապես նշված էր. «Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղարը դիմել էր  ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարին և պահանջել արգելել խաղաղապահ զորակազմի պատասխանատվության գոտում, առանց Արցախի Հանրապետության անվտանգության խորհրդի և խաղաղապահ զորակազմի համաձայնության, ադրբեջանցի և այլ երկրների զանգվածային լրատվական միջոցների մուտքը»։ 
 
Արդեն երրորդ օրն է, փաստորեն, այդ նույն խաղաղապահների քթի տակ՝ Լաչինի միջանցքում, նրանց իսկ պատասխանատվության գոտում, ադրբեջանական մի խումբ  պսևդո բնապահպաններ դիրքավորվել, վրաններ են տեղադրել՝ Արցախի ժողովրդին մատնելով հումանիտար աղետի։ Ավելին, նույն այդ «բնապահպանները», ինչպես հայտնի դարձավ, կարողացել են ռուս խաղաղապահների ուղեկցությամբ, առանց Արցախի իշխանությունների թույլտվության հայտնվել Արցախի վերահսկողության տակ գտնվող Կաշենի հանքավայրին հարակից  տարածքում, և միայն հանքավայրի աշխատակիցների ջանքերով է, որ կանխվել է նրանց մուտքը հանքավայր։ 
 
Այս իրադարձությունները թույլ են տալիս, մեղմ ասած, տխուր հետևություն անել առ այն, որ ռուս խաղաղապահները, որոնց մանդատը, ի դեպ, Ադրբեջանը չի հաստատել, կամընտրաբար են իրացնում նոյեմբերի 9-ի փաստաթղթով հստակ ամրագրված իրենց լիազորությունները, ավելին՝  առանձնահատուկ  վերաբերմունք ունեն իրենց մանդատը չհաստատած երկրի քաղաքացիների նկատմամբ՝ դրանից բխող հայտնի հետևանքներով։  Հենց այս կամայական պահվածքի արդյունքում էլ ռուսական զորակազմի կողմից իրականացվող  գործողությունները նույնացվում են ոչ թե խաղաղապահ առաքելության, այլ խաղաղապահ մանդատի ներքո իրականացվող ամենաթողության հետ։  

Այժմ  անդրադառնանք մեկ այլ «առաքելության»՝ ՀՀ խորհրդարանում ընդդիմադիր «առաքելություն» իրականացնող ուժերին, որոնք այսօր բոյկոտեցին Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության հեղինակած  հայտարարության նախագծի քննարկումը և այս անգամ ուղևորվեցին ոչ թե Արցախ, ոչ թե ամիսներ առաջ իրենց մուտքն արգելած, այսօր էլ  իրենց անգործությամբ  Արցախին  հումանիտար աղետի առաջ կանգնեցրած  խաղաղապահների  երկրի՝ ՌԴ  դեսպանատուն՝ հաշիվ պահանջելու կամ էլ դեսպանատան առաջ միտինգ անելու, այլ... ՀՀ կառավարության շենքի դիմաց հրավիրված միտինգին։

Նկատենք, որ  «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանն այսօր ԱԺ արտահերթ նիստից առաջ, անդրադառնալով Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակի մասին իրենց հեղինակած  հայտարարության նախագծի և ՔՊ-ի հեղինակած նախագծի տարբերություններին, մասնավորապես  նշել է. «ՔՊ-ի պատգամավորներն ասում են ՝մեզանից ի՞նչ եք ուզում,  էնտեղ ռուսներն են, խաղաղապահ ուժերն են... իսկ մենք մեր հայտարարության մեջ ասում ենք հետևյալը՝ աջակցություն ցուցաբերելով ՌԴ-ին, խաղաղապահ ուժերին, որովհետև նրանց, ի վերջո, պետք է համագործակցել, շնորհակալ լինել, սկզբունքներ ներկայացնել, որ իրենք իրենց պարտականություններն ավելի լավ կատարեն։ Իսկ իրենք ասում են՝ հորդորում ենք ՌԴ-ին, խաղաղապահ ուժերին, որ այդտեղ կատարեն այդ խնդիրները»։ 

Զինվորականի պատկառելի փորձով պարոն Օհանյանին հիշեցնենք, որ ամիսներ առաջ ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտում տեղի ունեցավ  «Փառուխ» օպերացիան, դրանից  առաջ էլ՝ 2020 թ. նոյեմբեի 9-ի հայտարարության ստորագրումից մեկ ամիս անց, Հին թաղերի և Խծաբերդի օկուպացիան ադրբեջանական զինուժի կողմից,  օգոստոսի սկզբին էլ Մարտակերտի շրջանի  հյուսիսարևմտյան հատվածում և հարավում՝ Լաչինի միջանցքի ուղղությամբ տեղի ունեցավ ադրբեջանական  հերթական՝ զոհերով ուղեկցված սադրանքը...

Տարօրինակ է, որ պարոն Օհանյանն ու նրա ղեկավարած խմբակցությունն  այս ամենից հետո իրենց մեջ ուժ են գտել՝ շնորհակալ լինելու  ռուս խաղաղապահներին այն բանի համար, որ իրենք, փաստորեն, զբաղված են  սաբոտաժով։  Եվ հետո՝ այդ ի՞նչ սկզբունքներ ներկայացնելու և կամ համագործակցության մասին է խոսում պարոն Օհանյանը, երբ խաղաղապահ առաքելություններն ամբողջ աշխարհում ունեն հստակ սահմանված սկզբունքներ՝ խաղաղությունը երաշխավորող, պահպանող, ոչ թե խաղաղության խաթարմանը նպաստող կամ  խաթարմանն ուղղված գործողությունները չկանխող։   Ի՞նչ է, Արցախում  առաքելություն իրացնելու  դեպքում  պետք է նոր, առանձնահատուկ սկզբունքնե՞ր սահմանել, խաղաղապահության նոր մոդե՞լ մոգոնել։  Ինչ վերաբերում է խաղաղապահ ուժերի հետ համագործակցությանը (որոնց գործունեության արդյունավետության բարձրացման մասին ՀՀ-ն բարձրաձայնել է քանիցս), ապա վերջիններս,  կարծես,  հակված են  համագործակցել  ոչ թե հայկական կողմերի, այլ ադրբեջանական կողմի հետ, ինչի վկայությունը վերը նշված  մտահոգիչ միջադեպերն են։   

Արձանագրենք, որ եթե ի դեմս խաղաղապահության՝ գործ ունենք ամենաթողության հետ, ապա ի դեմս գործող ընդդիմության՝ գործ ունենք քաղաքական  դասալիքների հետ, որոնք դավադրաբար ծլկում են պատասխանատու պահին,  երբ հրամայական է Արցախի անվտանգությանը սպառնացող խնդիրները ճշգրիտ սահմանելն ու ճիշտ սուբյեկտների հասցեագրելը՝ ակնկալելով ստանձնած պարտավորությունների բարեխիղճ  կատարում։  Այլևս ակնհայտ է, որ ընդդիմադիր պսևդո փրկիչները սպասարկում են ոչ թե սեփական երկրի  կենսական շահերն ու իրենց գործողություններով նպաստում դրանց պաշտպանությանը, այլ կամովին ստանձնել են  օտար պետության  փաստաբանի դերը՝ փորձելով  վերջինիս ամեն կերպ ազատել Արցախի ժողովրդի նկատմամբ ստանձնած կոնկրետ  պատասխանատվությունից։   
  
Հեղինե Մանուկյան