Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ինչպես էր Սերժ Սարգսյանի ոստիկանությունը հեղափոխության ժամանակ հատուկ միջոց կիրառում, իսկ Լևոն Երանոսյանը՝ նռնակ նետում անզեն ցուցարարների վրա․ վնասվածք ստացած Ալեն Սիմոնյանի ցուցմունքը՝ դատարանում

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Ավանի նստավայրում այսօր տեղի ունեցավ 2018 թվականին ՀՀ ոստիկանության զորքերի հրամանատար, ոստիկանության պետի տեղակալ Լևոն Երանոսյանի կողմից նռնակի նետման գործով դատական նիստը, որի ժամանակ հարցաքննվեց գործով որպես տուժող անցնող ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։ Նա 2018 թվականի ապրիլի 16-ին Բաղրամյան պողոտայում հատուկ միջոցների կիրառման հետևանքով վնասվածք էր ստացել ու տեղափոխվել հիվանդանոց։

Դատարանում հարցաքննության ժամանակ Ալեն Սիմոնյանը պատմեց, որ դեպքի օրը գտնվում էր Բաղրամյան պողոտայում՝ ուղիղ փշալարերի դիմաց, և  այդ պահին փշալարերի վրա սաղավարտ կար, որը փորձում էր վերցնել, ոստիկանը փորձեց հարվածել իր ձեռքին, և կես րոպե հետո տեղի ունեցավ պայթյուն։

Լևոն Երանոսյանի պաշտպան Տիգրան Սաֆարյանը Ալեն Սիմոնյանից հետաքրքրվեց, թե որն էր այդ օրվա հավաքի նպատակը, ինչին ի պատասխան Ալեն Սիմոնյանն ասաց. «Հավաքի նպատակը խաղաղ ձևով ցույց անելն էր, որ մենք համաձայն չէինք, որ Սերժ Սարգսյանը երրորդ անգամ երկրի ղեկավարության դերը ստանձնի։ Այդ պահին կանգնած էինք, որից հետո ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ուզում է գնալ իր աշխատանքի վայրը, և դրանից հետո սկսվեց հրմշտոց»։ 

Հարցեր տալուց հետո պաշտպանն ասաց, որ Ալեն Սիմոնյանի նախաքննական և դատավարական ցուցմունքներում կան էական  հակասություններ, և միջնորդեց, որ հրապարակվի նրա նախաքննական ցուցմունքը: Մեղադրող դատախազ Արմեն Շահբազյանը և Ալեն Սիմոնյանի պաշտպան Ալեքսանդր Սիրունյանը նշեցին, որ կան հակասություններ, որոնք, սակայն, էական չեն, այդուհանդերձ դատավորը որոշեց հրապարակել ցուցմունքը։ 

Դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում Ալեն Սիմոնյանն ասաց, որ դատական նիստերը շատ են ձգվում, ինչը շատ վատ է։ Նա նշեց, որ դատարանում հրապարակվեց 2020 թվականի փետրվարին իր տված ցուցմունքը, որից անցել է գրեթե երեք տարի, և ընդհանուր առմամբ դա է անհանգստացնում, և կուզենար, որ դատական գործընթացն ավելի արագ ընթանար։

Հայտնելով նաև իր կարծիքը դատական նիստերի ընթացքի մասին՝ Ալեն Սիմոնյանն ասաց. «Պարզ է, որ պաշտպանական կողմը փորձում է ամեն ձևով ներկայացնել մի իրավիճակ, որտեղ ոստիկանությունը ստիպված է եղել որևէ ձևով ուժ կիրառել, բայց ամսից ավելի տևած խաղաղ միջոցառումները և խաղաղ բողոքի ակցիաները ակնհայտ են դարձնում, որ նման միտում ընդհանրապես չկար։ Եվ ինչպես ես դատարանի դահլիճում ասացի՝ այդ ժամանակվա իշխանությունն ի սկզբանե մարտավարություն էր որդեգրել, որպեսզի հնարավորինս արհամարհի, անտեսի, բայց երբ որ վերջում մարդկանց քանակը շատացել էր, ակնհայտ էր, որ բիրտ ուժ էին կիրառելու, և դրա հետևանքով շատ մարդիկ տուժեցին»։

Նա նաև նշեց, որ դատարանում փորձ էր արվում ներկայացնել, որ 2018 թվականի հեղափոխության ժամանակ ոստիկանների նկատմամբ բռնություն է կիրառվել, և փորձում էին արդարացնել ոստիկանության կողմից կիրառված հատուկ միջոցները, բայց կարծում է, որ պաշտպանի մոտ դա չստացվեց։

«Որովհետև ակնհայտ էր, որ եթե ցուցարարը ուժ է կիրառում, ապա  նա դրանով թույլ է տալիս, որ պետությունը, նաև իր զինվածությունից ելնելով, շատ ավելի մեծ ուժ կիրառի, և դա հասկանալով՝ ի սկզբանե որոշում էր կայացվել, որ նման ձևով որևիցե քայլ չի կարելի անել, և դրա համար հեղափոխությունը կոչվում էր «ոչ բռնի, թավշյա», ինչի համար մեզ հիմա մեղադրում են, բայց, համենայնդեպս, այդ տպավորությոնը փորձում էին ստեղծել»,- ասաց Ալեն Սիմոնյանը։    
         

Հիշեցնենք, որ ըստ մեղադրանքի՝  Լևոն Երանոսյանը հատուկ միջոցների գործադրմամբ դիտավորությամբ կատարել է այնպիսի գործողություններ, որոնք ակնհայտորեն դուրս են եկել իր լիազորությունների շրջանակից և էական վնաս են պատճառել քաղաքացիների իրավունքներին ու օրինական շահերին, ինչպես նաև անզգուշությամբ առաջացրել են ծանր հետևանքներ։ Լևոն Երանոսյանին մեղադրանք է առաջադրվել նախկին Քրեական օրենսգրքի 309 հոդվածի 1-ին մասի 2-րդ և 3-րդ կետերով, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը։ Իսկ սույն գործը դատարանում քննվում է 2019 թվականի մարտից։ Լևոն Երանոսյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը:

Նշենք, որ այս գործով տուժող են ճանաչվել ավելի քան 20 ցուցարար։ 

Մանրամասները՝ տեսանյութում

Լիլիթ Թադևոսյան