Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Այս միտքը պետք է «ռամկայի» մեջ վերցնել. ասում են՝ եվրոպացիները ձեզ չեն վստահում, դրա համար են գալիս կանգնում սահմանին. Վաղարշակ Հակոբյան

«Երբեմն ելույթներ են այստեղ հնչում, որ ուզում ես այդ մարդկանց հարցնել՝ ինչ ես օգտագործել ամբիոնին մոտենալուց առաջ»,- իր ելույթում հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վաղարշակ Հակոբյանը և իր զարմանքը հայտնեց, որ ընդդիմությունը մասնակցում է այս նիստին, քանի որ մոտ մեկ տարի շրջում էր տարբեր հրապարակներում ու նարդի էր խաղում:

Արձագանքելով ընդդիմության հայտարարություններին, թե այսօրվա իշխանությունները խաթարել են ՌԴ-ի հետ Հայաստանի ռազմավարական հարաբերությունները, պատգամավորն ասաց. «Էդ ռազմավարական հարաբերությունները միասին քյաբաբ ուտելը չի, իրար կենաց ասելը չի: Հայ-ռուսական հարաբերությունները ամենավատ վիճակում եղել են ձեր կոալիցիոն կառավարության ժամանակ: Պարոն Ալեքսանյանը ռազմական տեխնիկայի վաճառքն էր նշում Ռուսաստանի կողմից Ադրբեջանին տրամադրված, և դա ըստ էության ձեր իշխանության ձախողումն է եղել»:

«Մեկ էլ էդ աբսուրդը. ասում են՝ եվրոպացիները ձեզ չեն վստահում, դրա համար եկել են սահմանին կանգնել են: Ժողովուրդ, ես շատ կուզեի, որ շատ երկրների գործընկերներ, եթե մեզ չեն վստահում, ձեզ չվստահեին նույն ձևի ձեր իշխանության ժամանակ, և ժողովուրդը ձեզնից գոհ կլիներ, և դուք կվերընտրվեիք, կարծում եմ: Էդ միտքը ես կարծում եմ՝ պետք է «ռամկայի մեջ դնել, մի տեղ կպցնել»,- հեգնեց Վաղարշակ Հակոբյանը:

Հիշեցնենք, որ այսօր՝ փետրվարի 9-ին, ԱԺ-ում շարունակում էր քննարկվել ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի ընտրության հարցը: Այդ պաշտոնում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը ներկայացրել է Սարգիս Խանդանյանի թեկնածությունը: