Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Փաստ է, որ սահմանադրական փոփոխությունների որոշումը Արայիկ Հարությունյանը կայացրել է Մոսկվայից վերադառնալուց հետո․ չգիտենք՝ նրան ասվե՞լ է դա անել, թե՞ ինքն է ինչ-որ բան զգացել, բայց պետությունը չի կարող առանց գլխի մնալ․ Ստյոպա Սաֆարյան

Փաստ է, որ սահմանադրական փոփոխությունների որոշումը Արայիկ Հարությունյանը կայացրել է Մոսկվայից վերադառնալուց հետո․ չգիտենք՝ նրան ասվե՞լ է դա անել, թե՞ ինքն է ինչ-որ բան զգացել, բայց պետությունը չի կարող առանց գլխի մնալ․ Ստյոպա Սաֆարյան
Քաղաքականություն
19:55, 13 февраль 2023
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը Սահմանադրության փոփոխության գործընթաց է նախաձեռնում: Այս մասին հայտնում են նրա աշխատակազմից։

 Նախագահը հրամանագիր է ստորագրել, համաձայն որի՝ «նախաձեռնվել է Սահմանադրության փոփոխության գործընթաց՝ ռազմական դրության ժամանակ հանրապետության նախագահի պաշտոնը թափուր մնալու դեպքում Ազգային ժողովի կողմից նախագահի ընտրության և դրա առանձահատկությունների վերաբերյալ»:
Փետրվարի 13-ին Արցախի Սահմանադրության փոփոխության նախագիծը ներկայացվել է Ազգային ժողովի քննարկմանը։
 
Ինչո՞ւ է նման անհրաժեշտություն առաջացել, ինչո՞ւ հիմա, երբ խոսակցությունների համաձայն՝ Արայիկ Հարությունյանը նոր է վերադարձել Մոսկվայից և ինչո՞ւ է ԱԺ-ն ընտրելու նախագահ, այլ ոչ նրա լիազորությունները կատարելու ԱԺ նախագահը կամ պետնախարարը։
 
Сivic.am-ի հետ զրույցում Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի (ՄԱՀՀԻ) հիմնադիր Ստյոպա Սաֆարյանը նկատեց, որ Արցախի գործող Սահմանադրությունը շատ թերի է, և նախագահ Հարությունյանը մեկ անգամ չէ, որ դժգոհել է Արցախի Սահմանադրությունից, որի «կնքահայրը» Հրայր Թովմասյանն է։ «Այդ Սահմանադրության անկատարությունը բացահայտվեց դեռ պատերազմի ժամանակ, երբ ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հարց բարձրացրեց, որ ինքը չի հասկացել, թե պատերազմի ժամանակ ինչպես է աշխատում ռազմական հիերարխիան՝ Հայաստանի և Արցախի ռազմական ղեկավարների միջև», - ասաց Սաֆարյանն ու հավելեց, որ Արցախը, ըստ էության, գտնվում է չավարտված պատերազմի մեջ և հարց հնչեցրեց՝ ի՞նչ է լինելու այն դեպքում, երբ ստեղծվի է մի իրավիճակ, երբ նախագահը ինչ-ինչ պատճառներով չկարողանա   կատարել իր պարտականությունները։

 «Կարծում եմ, քանի որ և՛ պատերազմի փորձը կա, և՛ պատերազմը, ըստ էության դադարեցված չէ, ու Ադրբեջանը ետ չի կանգնել խնդիրը ռազմական ճանապարհով լուծելու մտքից, Արայիկ Հարությունյանը փորձում է այս խնդրին լուծում, տալ։ Պատկերացրեք Արցախի նախագահը Արցախում չէ, և ճանապարհը փակվում է կամ, հեռու մեզանից, պատերազմ է սկսվում, ի՞նչ պետք է լինի։  Այն, որ այս հրամանագիրը ինչ-որ չափով կապ ունի 44 օրյա պատերազմի հետ և, նաև՝ հնարավոր նոր պատերազմի հետ, կարծում եմ աներկբա է։ Պետությունը չի կարող առանց գլխի մնալ, և այս հարցը պետք է լուծվի։ Հետևաբար, պետք է արագ որոշում կայացնելու, արագ պետության գլուխ ընտրելու հարցը լուծվի», - ասաց Ստոյպա Սաֆարյանը։
Ինչ վերաբերում է հանգամանքին, որ պատերազմից ավելի քան 2 տարի է անցել և ինչու միայն հիմա է նախագահը նման անհրաժեշտություն տեսել, Սաֆարյանն ասաց, որ այլ պատճառներ հասկանալու համար շատ ինֆորմացիա է պակասում։ «Հարցեր կան, որոնց վերաբերյալ պետք է ավելի շատ ինֆորմացիա ունենալ։ Ի՞նչ գիտի նախագահը, ի՞նչ է զգացել՝ մենք չգիտենք։ Փաստ է նաև, որ այս որոշումը կայացրել է Մոսկվայից վերադառնալուց հետո։ Չգիտենք՝ նրան ասվե՞լ է դա անել, թե՞ ինքն է ինչ-որ բան զգացել։ Միգուցե հասկանում է, որ նոր պատերազմը անխուսափելի չէ։ Պարտադիր չէ, որ նրան ինչ-որ բան ասված լինի, նա կարող է հասկանա դրա անհրաժեշտությունը, հիշի 44-օրյա պատերազմի մղձավանջը, լիազորությունների անհստակությունը, հնարավոր ռիսկերը, հնարավոր սցենարները և հիմա փորձի ապահովագրել դա»։
 
Բացի հրամանագիրը, Արայիկ Հարությունյանը կոչով դիմել էր միջազգային հանրությանը՝ Ադրբեջանի նկատմամբ ճնշումները մեծացնելու և խոսքից գործի անցնելու՝ պատժամիջոցներ կիրառելու հորդորով։ Արդյո՞ք Հարությունյանը Մոսկվայից ձեռնունայն է վերադարձել, և դա է պատճառը, որ ստիպված կրկին դիմում է միջազգային հանրությանը, թե՞ այլ պատճառ կարող է լինել։ Ըստ Սաֆարյանի՝ սցենարներից մեկը դա է, որ նախագահ Հարությունյանը Մոսկվայից ձեռնունայն է վերադարձել։  Հաջորդ տարբերակը կարող է լինել այն, որ այս կոչից հետո Ռուսաստանի ակտիվ գործողությունների հետևանքով միջանցքը, ի վերջո, բացվում է և  ստեղծվում է տպավորություն, որ միջազգային հանրությունը ոչինչ չկարողացավ անել, իսկ Ռուսաստանը բացեց միջանցքը։

 «Մենք չգիտենք ինչ զրույց է տեղի ունեցել։ Այդ հարցին պատասխանելու համար շատ կարևոր է իմանալ՝ նա ետ է վերադարձել ձեռնունա՞յն, թե՞ սա ուրիշ բան է», - եզրափակեց Ստյոպա Սաֆարյանը։
 
 
Վովա Հակոբյան