Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Գուցե մարդասիրական բեռների շրջանակում Մարգարայի կամրջով էլի անցուդարձ լինի, բայց որ դա լինի հայ-թուրքական բաց սահման, գրեթե անհավանական եմ համարում. քաղաքական վերլուծաբան

Գուցե մարդասիրական բեռների շրջանակում Մարգարայի կամրջով էլի անցուդարձ լինի, բայց որ դա լինի հայ-թուրքական բաց սահման, գրեթե անհավանական եմ համարում. քաղաքական վերլուծաբան
Քաղաքականություն
18:43, 14 февраль 2023
«Ես չեմ տեսնում հնարավորություն, որ Մարգարայի կամրջի բաց լինելը կպահպանվի, գուցե էլի անցուդարձ լինի՝ զուտ մարդասիրական այս բեռների շրջանակում, բայց որ դա լինի հայ-թուրքական բաց սահման, ես գրեթե անհավանական եմ համարում և միևնույն ժամանակ անշուշտ շատ կարևոր ու անհրաժեշտ եմ գնահատում այն քայլը, որը Հայաստանն արեց երկրաշարժից տուժածներին օգնություն ցուցաբերելու առնչությամբ»,- այս մասին Civic.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Հակոբ Բադալյանը։

 Նա նշեց, որ սա առաջին հերթին Հայաստանի համար հայկական քաղաքականության շրջանակում մարդասիրական արժեհամակարգային առանցքային դեր ունի, իսկ դա կարևոր է, որովհետև մեր դիվանագիտական քաղաքագիտական գործիքակազմն ընդհանուր առմամբ բավականին համեստ է, և այդ տեսանկյունից արժեքային կոմպոնենտը մեզ համար կարևոր և նշանակալի բաղադրիչ է, որի դրսևորելու առիթները մենք պետք է օգտագործենք։

«Իհարկե, սա ողբերգական առիթ է, բայց բոլոր դեպքերում այս բաղադրիչը շատ կարևոր է, և բնականաբար Թուրքիայի հետ ուղիղ շփումները, ուղիղ աշխատանքները շատ կարևոր են՝ անվտանգային միջավայրը կառավարելու ուղղությամբ։ Հակված չեմ գերագնահատելու այս օգնության նշանակությունը, միևնույն ժամանակ դա թերագնահատել կամ մյուս ծայրահեղությամբ դիտարկելը կարծում եմ՝ օգտակար չէ։ Անհրաժեշտ քայլ էր, որ ստեղծված իրավիճակում  Հայաստանն արեց, իսկ թե այս քայլն ինչպիսի էֆեկտ կունենա՝ արդեն պայմանավորված է այլ գործոններով»,- ասաց քաղաքագետը։ 

Դիտարկմանը, որ ԵՄ ներկայացուցիչ Տոյվո Կլաարն արդեն դրական որակում է տվել Հայաստանի այս քայլին, քաղաքագետն ասաց, որ  Տոյվո Կլաարը, որպես ԵՄ ներկայացուցիչ, երևի թե շատ ավելի օգտակար գործ արած կլինի, եթե ավելի առարկայորեն զբաղվի օրինակ՝ Արցախի մարդասիրական ճգնաժամի հարցերով, որովհետև իրենց գործընկեր Ադրբեջանը Հայաստանի այս մարդասիրական գործողությունների ֆոնին շարունակում է իր հակամարդասիրական քաղաքականությունը, և ավելի արդյունավետ կլինի, եթե Տոյվո Կլաարը, Հայաստանի քայլերով իր ոգևորվածությունն արտահայտելու փոխարեն, իր հնարավոր գործիքները գործադրի Ադրբեջանին էլ մարդասիրական քաղաքականության դաշտ բերելու համար, իսկ ԵՄ-ն ունի այդ գործիքները, բայց տեսնում ենք, որ չունի դրանք կիրառելու որևէ մտադրություն։  

Խոսելով նաև Ադրբեջանի կողմից  Լաչինի միջանցքը փակելու քայլի մասին՝ քաղաքագետն ասաց, որ հենց առաջին օրերից դա գնահատել է որպես պատերազմական բնույթի քայլ, այսինքն՝ ձևով ոչ ռազմական է, բայց բնույթով պատերազմական գործողություն է, իսկ այդպիսի գործողության Ադրբեջանը կգնա միայն շատ զգալիորեն համոզված լինելով, որ այն ունենալու է միջազգային գերակա լոյալություն, ոչ թե մեկ կամ երկու, այլ գերակա խաղացողների աջակցություն է ունենալու։

«Մենք դա տեսնում ենք, և Ադրբեջանը կխաղա այդ խաղը այնքան, որքան տեսնի դրա հնարավորությունը։ Այս տեսանկյունից կարծում եմ նաև, որ Լաչինի միջանցքի շուրջ փորձում են խաղալ նաև այլ դերակատարներ, և այստեղ իրավիճակն այդ իմաստով անշուշտ բավականին բարդ է։ Որևէ կերպ չի նշմարվում, թե ինչպիսի հանգուցալուծում կարող է լինել, հասկանալի է, որ հավերժ փակ մնալու տարբերակը գրեթե անհավանական է դիտարկվում, բայց բոլոր դեպքերում տեսնում ենք, որ Ադրբեջանը շարունակում է այդ խաղը, և Ադրբեջանի հանդեպ չկա գործնական որևէ վերաբերմունք, գործնական վերաբերմունք՝ ո՛չ նոյեմբերիր 9-ի հայտարարության պարտավորություններ ունեցող Ռուսաստանից և ոչ էլ միջազգային այլ կառույցներից, որոնք ևս ունեն որոշակի պարտավորություններ՝ միջազգային ասպարեզում հակամարդասիրական, հակաիրավական գործողությունների նկատմամբ, բայց մենք նաև տեսնում ենք, որ չեն իրագործվում պարտավորությունները»,- ասաց Հակոբ Բադալյանը։

Նա նշեց, որ մեկը պարզապես փորձում է հարվածել մյուսին, և այդ դեպքում Ադրբեջանի գործողություններն, օրինակ, հարվածում են ռուսական մանդատի հեղինակությանը, ռուսները չեն կարողանում կոշտ ձևով խոսել Բաքվի հետ, որովհետև ունեն Ադրբեջանի և Թուրքիայի անհրաժեշտությունը, և Արևմուտքն էլ այս իրավիճակն օգտագործում է որպես Ռուսաստանի հեղինակազրկման, Ռուսաստանի կարողությունների հեղինակազրկման միջոց՝ նվազագույնը։

Լիլիթ Թադևոսյան