Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Փոփոխություն՝ Զինծառայողների հիմնադրամին տրվող գումարներում. Տեսանյութ

Փոփոխություն՝ Զինծառայողների հիմնադրամին տրվող գումարներում. Տեսանյութ
Քաղաքականություն
11:01, 19 май 2021
Այսօր ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հավանության արժանացավ  «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը, հեղինակած՝ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Գևորգ Պապոյանի և Արտակ Մանուկյանի կողմից։

Գևորգ Պապոյանը ներկայացրեց օրենսդրական նախաձեռնությունը, ըստ որի, հաշվի առնելով ադրբեջանա-թուրքա-ահաբեկչական ագրեսիայի հետեւանքով զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասով հիմնադրամի առջեւ ծառացած մարտահրավերները հրատապ կարիք է առաջացել վերանայել մոտեցումները: 

Օրենքի նախագծի առաջադրման պատճառ է հանդիսացել ինչպես քաղաքացիների կողմից հնչեցված դիտարկումները, այնպես էլ հեղինակների կողմից Ազգային Ժողովում տեղի ունեցած քննարկումների ժամանակ բարձրաձայնած խնդիրները` կապված բեռի անհավասարաչափ բաշխվածության հարցի հետ: Բացի այդ, փորձ է կատարվել ցածր եւ միջին աշխատավարձ ստացող անձանց, ինչպես նաեւ անհատ ձեռնարկատերերի համար առաջացող ֆինանասական բեռը մեղմել: Նշվածի համատեքստում կարեւոր է նաեւ նշել կուտակային կենսաթոշակի մասով ուժի մեջ մտած փոփոխությունները:

Ավելին, հեղինակների առաջարկությունը հենված է Ա/Ձ-ի բեռի որոշակի նվազեցման անհրաժեշտությունից, մասնավորապես, եթե գործող կարգավորմամբ անհատ ձեռնարկատերերը տարեկան վճարելու են 18․000-180․000դրամ, ապա առաջարկվող կարգավորմամբ այդ բեռը տարեկան լինելու է 18․000-120․000դրամ, ընդ որում, էականորեն ընդլայնվում է տարեկան 18․000 դրամ վճարողների շրջանակը: Սա հնարավորություն կտա նորաստեղծ ու դեռեւս քիչ շրջանառություն ունեցող եւ ըստ այդմ միկրոբիզնեսի ռեժիմում գործունեություն ծավալող սուբյեկտներին որոշակի «բարձիկ» ունենալ:

Ֆիզիկական անձանց համար եւս էական բարելավում է նախատեսվում: Մասնավորապես օրինակ 100․001-ից մինչեւ 150․000 դրամ անվանական աշխատավարձ ստացողները վճարելու են ամսական ոչ թե 3․000, այլ 2․000 դրամ: 200․000-300․000 դրամ ստացողները վճարելու են ամսական ոչ թե 5․500, այլ 3․000 դրամ: Ամսական 500 դրամով կնվազի նաեւ 300․001-500․000 դրամ ստացողների վճարելիք գումարը:

Բացի այդ՝ վերանում է նաեւ վճարվելիք գումարի անհամաչափությունը, որը այս նախագծով տատանվում է աշխատավարձի 1-2%-ի սահմաններում, այնինչ գործող տարբերակում այն տատանվում է 0.85-3%-ի սահմաններում, ընդ որում 3 կամ մոտ 3 տոկոս է կազմում հենց ցածր աշխատավարձ ստացողների համար:

Հաջորդ փոփոխությունը հետևյալն է․ նախկինում 2,4-ից 6 միլիոն հաշվարկման բազայի դեպքում վճարվում էր 66․000 դրամ, հիմա առաջարկվում է վճարել 24․000 դրամ․ «Հետևաբար, 1,2-2,4 միլիոնը, որը նախկինում 36․000 պետք է վճարեին, հիմա կվճարեն 2 անգամ ավելի քիչ, կամ 18․000 դրամ։ 6-ից 12 միլիոն դրամ հաշվարկային բազայի դեպքում, գործող կարգավորումով 102 հազար դրամ են վճարում, մենք առաջարկում ենք վճարել տարեկան ընդամենը 48․000 դրամ, և 12 միլիոն դրամ և ավելի գումարի դեպքում, գործող կարգավորմամբ 180․000 դրամ է, մենք առաջարկում ենք վճարել 120․000 դրամ»։

Նախագծի ընդունումը հնարավորություն կտա որոշակիորեն մեղմել ցածր եւ միջին աշխատավարձ ստացող քաղաքացիների եւ անհատ ձեռնարկատերերի վրա ընկնող ֆինանսական բեռը` դրան զուգահեռ ավելացնելով 1.5 մլն. դրամից բարձր եկամուտներ ստացողների մասնակցության չափը:


Նախագիծը հավանության արժանացավ հանձնաժողովի կողմից։