Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Համարում եմ, որ իմ այստեղ գտնվելն անօրինական է սկզբից սկսած մինչև այսօր, 475 օր ես նստած եմ․ Վահագն Վերմիշյան

Համարում եմ, որ իմ այստեղ գտնվելն անօրինական է սկզբից սկսած մինչև այսօր, 475 օր ես նստած եմ․ Վահագն Վերմիշյան
Քաղաքականություն
16:28, 20 май 2021
«Նախ ես համարում եմ, որ իմ այստեղ գտնվելն անօրինական է, սկզբից սկսած մինչև այսօր, 475 օր ես նստած եմ»,-այդ մասին այսօր իր դատական նիստի ժամանակ հայտարարեց Քաղաքաշինության կոմիտեի նախկին նախագահ Վահագն Վերմիշյանը։

Նա տեղեկացրեց, որ կնոջը պետք է լիազորագիր փոխանցի, որով կինը պետք է մեկնի Մոսկվա, իր անունից գործարք կատարելու, սակայն դրա  համար պետք է դատավոր Մնացական Մարտիրոսյանի որոշումը։ Դատավորն էլ ասաց, որ այդ լիազորագրում գրված է հենց գույքի մասին, բայց եթե դա գույքին չի առնչվում, ապա Վերմիշյանը դատարանում պետք է այդ մասին հայտարարի և դատարանն  այդ գրությունը տալով՝ կնշի, որ գույքի մասով լիազորություն չտալ, մնացած մասով՝ տալ։

Այնուհետև Վահագն Վերմիշյանն ասաց, որ այդ լիազորագիրը տրված է նրա համար, որ «Վեբ քոնսթրաքշն» ֆիրման այսօր պատվեր է ստանալու՝ շենքի նախագծման և դրա հետ կապված ինքը լիազորագիր է ուղարկել կնոջը, որպեսզի գնա այդ կոնտրակտը բերի։
«Քանի դեռ ես նստած եմ՝ ձեր բոլորի քմահաճույքով, էդ ընթացքում կնախագծեմ էդ շենքը, գույքի հետ կապված խնդիր չկա»,-ասաց Վահագն Վերմիշյանը։ 

Այսօրվա նիստը հետաձգվեց, քանի որ Վերմիշյնաի պաշտպանը չէր ներկայացել դատական նիստին։

Հիշեցնենք, որ  Վահագն Վերմիշյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2019 թվականի մարտի 21-ից զբաղեցնելով Հայաստանի Հանրապետության կառավարության քաղաքականությունը քաղաքաշինության բնագավառում իրականացնող, նույն բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության քաղաքականության մշակմանը աջակցող Հայաստանի Հանրապետության կառավարությանը ենթակա` Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի նախագահի պաշտոնը, /այսուհետ` նաև Կոմիտե/, հաշվետու լինելով Հայաստանի Հանրապետության կառավարությանը և Հայաստանի Հանրապետության վարչապետին, օժտված լինելով իր իրավասության և սահմաններում արձակել հրամաններ և ընդունել որոշումներ, իր իրավասության սահմաններում առանց լիազորագրի հանդես գալ Հայաստանի Հանրապետության անունից, իրականացնել Կոմիտեի ենթակայությանը հանձնված կազմակերպությունների և հիմնարկների կառավարումը, հանձնարարականներ և ցուցումներ տալ Կոմիտեի կառուցվածքային ստորաբաժանումների, ենթակա կազմակերպություների և հիմնարկների ղեկավարներին, Կոմիտեի ղեկավարի տեղակալին և գլխավոր քարտուղարին, օրենքով կամ կանոնադրությամբ նախատեսված դեպքերում նշանակել և ազատել Կոմիտեի համապատասխան աշխատողներին, նրանց նկատմամբ կիրառել խրախուսման միջոցներ և նշանակել կարգապահական տույժեր, ճարտարապետության և շինարարության բնագավառում ավանդ ունեցող անձանց շնորհել Կոմիտեի հուշամեդալներ, պատվոգրեր, շնորհակալագրեր, պատասխանատու լինելով Կոմիտեի առջև դրված խնդիրների ու գործառույթների պատշաճ իրականացման համար, այդ մշակումն և դրանց իրականացումը, քաղաքաշինության բնագավառի զարգացումն ապոհովող և գործունեությունը կարգավորող օրենքների և այլ իրավական ակտերի նախագծերի մշակումը, շինարարության կազմակերպման և գնագոյացման նորմատիվատեխնիկական փաստաթղթերի արդիականացման և մշակման կազմակերպումը, պետություն-մասնավոր հատված համագործակցության շրջանակներում քաղաքաշինական, ճարտարապետական և լանդշաֆտային համալիրների կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացմանն աջակցությունը և այլ, «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» ՀՀ օրենքի 5.1 հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգով օժտված լինելով դիմելու Հայաստանի Հանրապետության վարչապետին Հայաստանի Հանրապետության պատվավոր կոչում շնորհելու վերաբերյալ միջնորդություն ներկայացնելու մասին առաջարկությամբ, հետևաբար մշտապես, ինչպես նաև առանձին լիազորություններով պետական մարմնում հանդիսանալով կազմակերպական-տնօրինչական, վարչատնտեսական գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ, 2019 թվականի սեպտեմբերից մինչև 2020 թվականի փետրվարի 5-ն ընկած ժամանակահատվածում իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով չարաշահել է իր պաշտոնեկան լիազորությունները, խախտելով, <<Հանրային ծառայության մասին>> ՀՀ օրենքի 31-րդ հոդվածի պահանջներնառ այն, որ հանրային պաշտոն զբաղեցնող անձինք և հանրային ծառայողները չեն կարող զբաղեցնել որևէ պաշտոն առևտրային կազմակերպություններում, զբաղվել ձեռնարկատիրական գործունեությանը, ինչպես նաև ստացել է խոշոր և առանձնապես խոշոր չափերի հասնող կաշառք, պաշտոնեական դիրքն օգտագործելով խարդախությամբ հափշտակել ուրիշի` խոշոր չափերի հասնող գույք: