Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ակնկալում եմ, որ դատական համակարգը կինքնամաքրվի․ Վահագն Հովակիմյան

Ակնկալում եմ, որ դատական համակարգը կինքնամաքրվի․ Վահագն Հովակիմյան
Հայաստան
18:28, 04 март 2021
ԱԺ-ում այսօր ընտրում էին Վճռաբեկ դատարանի դատավոր։ ԲԴԽ-ն ներկայացրել էր երկու թեկնածու՝ Արսեն Մկրտչյանին և Արմեն Հայկյանցին։ «Իմ Քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը նախապես հայտարարել էր, որ «Իմ քայլը» խմբակցությունն այսօր չի ընտրելու ներկայացված թեկնածուներին և իր այդ քայլով դիրքորոշում է հայտնելու ոչ թե թեկնածուների վերաբերյալ, այլ հենց պարոն Վարդազարյանի՝ որպես ԲԴԽ նախագահի գործունեության և հայտարարությունների վերաբերյալ։

Civic.am-ը «Իմ Քայլի» այս դիրքորոշման մասին մեկնաբանություն խնդրեց ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Վահագն Հովակիմյանից, ով ասաց, որ հույս ունեն, որ դատավորները, ԲԴԽ-ն իր կազմով իրենց դիրքորոշումը կարտահայտեն ու խնդիրը կլուծեն, որպեսզի ԲԴԽ-ն ունենա նախագահ, ով չի վնասի դատավորների հեղինակությանը։ «Ակնկալում եմ, որ դատական համակարգը ինքը իր ներսը կմաքրի»,- նշեց Վահագն Հովակիմյանը։

Մեր հարցին, թե այս քայլը չի՞ խաթարի Վճռաբեկ դատարանի գործունեությունը, Հովակիմյանն ասաց, որ մեկ դատավորի թափուր հաստիքը չի կարող վնասել Վճռաբեկ դատարանի ողջ գործունեութունը։ 

Հետաքրքվեցինք նաև, թե չկա՞ մտավախություն, որ դատավորի թեկնածուները կարող են վիրավորվել իշխանության դիրքորոշումից, Հովակիմյանն ասաց, որ թեկնածուների եզրափակիչ խոսքից տպավորություն է ստացել, որ իրենք լիարժեք ըմբռնումով են մոտեցել տեղի ունեցածին։ «Իրենք շատ ճշտգրիտ ընկալել էին, թե ինչ է տեղի ունեցել։ Որ խնդիրը ԲԴԽ նախագահն է», - ասաց Վահագն Հովակիմյանը։ 

Հիշեցնենք, որ Վճռաբեկ դատարանի դատավորի ընտրության արդյունքներով քվեարկությանը մասնակցել են 132 պատգամավորներից 36-ը: Ըստ արդյունքների՝ 8 քվեաթերթիկ ճանաչվել է անվավեր։ Արմեն Հայկյանցի օգտին քվեարկել է 13 պատգամավոր, Արսեն Մկրտչյանի օգտին՝ 15: Այսինքն՝ Վճռաբեկ դատարանի դատավորներ չեն ընտրվել, քանի որ ընտրվելու համար անհրաժեշտ էր պատգամավորների ընդհանուր թվի 3/5-րորդ մասի կողմ ձայն:

Վովա Հակոբյան