Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ընտրական օրենսգրքի փաթեթից կհանվի կուսակցությունների, դաշինքների մասին կեղծ տեղեկատվություն տարածելու համար նախատեսված քրեականացումը․Վահագն Հովակիմյան

Ընտրական օրենսգրքի փաթեթից կհանվի կուսակցությունների, դաշինքների մասին կեղծ տեղեկատվություն տարածելու համար նախատեսված քրեականացումը․Վահագն Հովակիմյան
Քաղաքականություն
13:14, 28 апрель 2021
Այսօր ԱԺ-ն արտահերթ նիստ է գումարել՝ քննարկելու Ընտրական օրենսգրքի հերթական փաթեթը։ ԼՀԿ պատգամավոր Անի Սամսոնյանը նախագծով առաջարկվող փոփոխությունների վերաբերյալ հարց ուղղեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանին․ 

«Քաղաքացու դեմ ուղղված անօրինական գործողությունների դեմ ուղղված հանցագործությունների համար առաջարկում եք պատիժները խստացնել։ Գործող օրենքով դրանք վեց ամսից մինչև մեկ տարի են, Դուք ուզում եք դարձնել երեք տարի։ Հոդվածներից մեկը՝ ընտրություններին մասնակցող կուսակցության կամ թեկնածուի վերաբերյալ կեղծ տեղեկություններ հրապարկելն է։ Նախ սա գնում է զրպարտության դաշտ, իսկ Դուք գիտեք, որ զրպարտությունը Հայաստանում ապաքրեականացված է և մենք խնդիր ենք ունենալու միջազգային կոնվենցիաների հետ կապված»։

Ի պատասխան Անի Սամսոնայնի այս հարցի՝ Վահագն Հովակիմյանն ընդգծեց, որ կուսակցությունների, դաշինքների համար քրեական պատասխանտվություն առաջարկվող այդ նորմը երկար քննարկելուց հետո որոշում են կայացրել հանել այս փուլում։  

Անի Սամսոնյանն արձագանքեց՝ ընդգծելով, որ այդ դրույթը եղել է 2016-ի օրենքում, բայց հանվել է, որովհետև ունենք միջազգային պարտավորություններ․ «Այս դրույթը պետք է դուրս գա և այն չի կարող հավասարապես աշխատել՝ ընդդիմության և իշխանության թեկնածուների մասով, որովհետև ԱԱԾ-ն ու Ոստիկանությունը ենթարկվում են վարչապետին»։