Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Հաճախ ենք մենք, մեղադրանքների ու պարտության ներքո, խեղճացել, քանի որ մա՛րդ ենք, դավաճան լինեինք՝ չէինք խեղճանա». Նիկոլ Փաշինյան․ Տեսանյութ

Ձեզնից յուրաքանչյուրի պահվածքն ու դիրքորոշումը այն ամենակարևոր արժեքներից է, որ ուժ է տալիս մեզ: Մենք պատերազմի ծանր փորձությունից հետո միայն ու միայն ժողովրդի դիրքորոշման շնորհիվ է, որ մինչ այսօր Հայաստանի կառավարության դերում ենք և ես վստահ եմ՝ նա առաջիկա ընտրություններում իր հստակ դիրքորոշումը ասելու է, որը կազմվելու է ճշմարտության ու արդարության հիման վրա: Այս մասին այսօր՝ Նոր-Նորքի ՔՊ համակիրների հետ հանդիպման ժամանակ, ասաց վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Պաշինյանը:

«Մենք անընդհատ քննարկում ենք. Կարո՞ղ է իրոք այդ աթոռից կառչած լինելու բանաձևը կա, որի հավանականությունը մենք պետք է չունենանք: Բայց այս հարցում էլ են մարդիկ որոշում կայացրել: Մենք ինչքան ստացել ենք մեղադրանք՝ դավաճան լինելու համար, կրկնակի, երառկի, քառակի անգամ ստացել ենք հորդոր, որ, եթե հանկարծ դուք էս պայքարի դիրքը թողնեք, այ էդ ժամանակ կլինեք իրական դավաճան», - նշեց նա:

Փաշինյանի խոսքով՝ բացառված է, որ Հայաստանն ու Ադրբեջանը գային ընդհանուր հայտարարի. բանակցությունների 30 տարիները դա ցույց են տվել: Ըստ նրա՝ երկրաշարժը պետք է լիներ, այլ հարց է՝ երկրաշարժից մեր կառույցը փլուզում պիտի ունենար, թե՝ չէ: 

«2018 թվականին, երբ մենք եկել ենք իշխանության, մենք գիտացել ենք, որ երկրաշարժը անխուսափելի է, և հուսահատ կերպով փորձել ենք ամրացնել այն շենքը, որի կառուցման ընթացքում ցեմենտն ու արմատուրան տարել են: Այդ շենքը չի դիմացել,բայց, եթե որևէ մեկն ասի, որ մենք ինչ-որ բան խնայել ենք շենքը պատշաճ ձևով ամրացնելու համար, դա իրականության հետ որևէ կապ չի ունենա», - նշեց Փաշինյանը:

Նա արված աշխատանքների օրինակներ բերեց, նշելով, որ այս իշխանությունները մեկ ու կես տարում 500 միլիարդ դրամով պետական բյուջեի եկամուտ են ավելացրել. «Դուք պատեկրացնո՞ւմ եք, ընդամենը 1,5 տարում: Երբ ես հեղափոխության ժամանակ դաշտերում հարցազրույց էի տալիս, ասում էի, որ կարելի է 2 տարում բյուջեի եկամուտները 40 տոկոսով ավելացնել, և մենք 2019 թվականի արդյունքներով 45 տոկոսով ավելացրինք: Մենք 25 տոկոսով բանակի բյուջեն ավելացրինք՝ միայն 2019 թվականին, ահռելի քանակությամբ զենք զինամթերք ձեռք բերեցինք»:

Նրա խոսքով կարևոր է նշել, որ որոշումը, թե ինչ զենք է պետք գնել, կառավարությունը չի որոշել: «Մենք զինվորական չենք, մենք չենք դրա մասնագետը: Մենք ասել ենք՝ ֆինանասավորում ենք, ինչի վրա պետք է, թող ծախսվի՝ խրամուղիներ, ապաստարաններ: Մենք ոչ մի բանի վրա չենք խնայել: Չի եղել այնպիսի բան, որ 2018-ից հետո մեզ ասեն սենց զենքա պետք, մենք ասենք՝ փող չկա, այդ զենքը թող չլինի: Հիմա մեզ ասում են՝ դա պետք էր, պետք չէր: Իհարկե, դա պետք էր ու պետք է»:

Ըստ Փաշինյանի, սակայն 2018 և 2020 թվականների տրամաբանությամբ չեն նրանք նայել այս հարցին. «Ես Ազգային Ժողովի ամբիոնից 2015 թվականին կառավարությանը  քննադատել եմ, ասել եմ՝ չեք էլ ամաչում, ասում եք Հայաստանը կործանիչ ավիացիա չունի: Բա ձեր բանուգործի անունն ի՞նչ ա, որ Հայաստանը 25 տարի անկախությունից հետո կործանիչ ավիացիա չունի: Ես վարչապետ եմ դարձել և, այո,առաջին գործերից մեկը բազմաֆունկցիոնալ ավիացիայի ձևավորումն էր, որի մեջ նաև կործանիչն է մտնում»:

Նա նշեց, որ այս ամենն անուրանալի է. «Մենք զինվորի հարց ենք լուծել, զինվորի ծնողի բժշկական հարց ենք լուծել: Մարտունակությունը միայն զենքը չի: Մենք ասել ենք՝ զինվոր, պետությունը քո ծնողի բուժման գումարը կտա, դու քո ծառայությամբ զբաղվիր»:

Նրա խոսքով՝ իհարկե, շատ հաճախ են նրանք մեղադրանքների, նաև պարտության ներքո, խեղճացել:

«Քանի որ մա՛րդ ենք մենք, քանի որ դավաճան չե՛նք: Դավաճան լինեինք՝ չէինք խեղճանա: Ընդհակառակը, հանցագործը հանցագործություն անելուց հետո գոհ է մնում, որ դա ի կատար ածեց: Աստված չաներ մեր ժամանակ հոկտեմբերի 27 լիներ, մենք էլի կխեղճանայինք: Դուք չէիք խեղճացել: Ընդհակառակը, բերաններդ մինչև ատամները քշտած պտտվում էինք», - ասաց Փաշինյանը: