Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Եթե դավաճան գոռալով է, այնքան գոռանք դավաճան ախորժակներդ փակվի մի քանի տարով. Փաշինյան

Եթե դավաճան գոռալով է, այնքան գոռանք դավաճան ախորժակներդ փակվի մի քանի տարով. Փաշինյան
Քաղաքականություն
14:57, 28 май 2021
«Մեզ մեղադրում են ամեն ինչի մեջ ինչում հնարավոր է մեղադրել: Երբ մեր հասցեին ասում են դավաճան, պետք է ձևակերպեն թե ինչումն է դավաճանությունը: Դավաճանությունը նա է, որ յոթ շրջանները մերը չե՞ն այլևս: Սկսած 1997թ. դուք բոլորդ բանակցել եք յոթ շրջանները հանձնելու մասին: Դա նույնիսկ քննարկման առարկա չի եղել որևէ մեկի կողմից, ո՛չ Լևոն Տեր-Պետրոսյանի , ո՛չ Ռոբերտ Քոչարյանի, ո՛չ էլ Սերժ Սարգսյանի կողմից:»,- ասաց ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Արաբկիր վարչական շրջանի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համակիրների հետ հանդիպման ժամանակ:

Շարունակելով խոսքը Փաշինյանը կրկին հանդես եկավ հարցադրումով. «Դավաճանությունը նա է, որ պատերա՞զմ է սկսվել: Բա 2016թ. էլ պատերազմ սկսեց ինչու՞ դավաճանություն չէք համարում այդ պատերզամը: Պատերազմից կարելի՞ էր խուսափել, իհարկե՛ կարելի էր խուսափել, եթե բավարարվեր Ադրբեջանի բոլոր պահանջները»: 

Վարչապետի պաշտոնակատարը հիշատակեց նաև, որ Լևոն Տեր-Պետրոսյանը հարցազրույցի ժամանակ ասել է Ռոբերտ Քոչարյանի խոսքը` ըստ որի Քոչարյանի ժամանակ Ադրբեջանն էր միշտ մերժում Ղարաբաղի խնդրի լուծման առաջարկները. «Տեր-Պետրոսյանն էլ ասում է` հա պարզ էր, որովհետև Ադրբեջանի օգտին էր ժամանակն աշխատում: Եվ այն ինչ-որ դուք անվանում եք խաղաղ հաղթական ժամանակներ` դա ընդամենը ինչպես վկայում է Տեր-Պետրոսյանը Ադրբեջանն իր օգտին էր աշխատացնում և ինքը գիտեր վերջին կետը որն է: Վերջին կետը` դա կա՛մ պատերազմն էր, կա՛մ Ղարաբաղի տարածքները հանձնելը: Ընդ որում, սա ես չեմ ասում, սա ասել է Սերժ Սարգսյանը: Սերժ Սարգսյանն ասում էր` մենք յոթ շրջանները տալիս էինք, Ադրբեջանն ասում էր` չէ: Բա եթե յոթ շրջանը տալիս եք Ադրբեջանն ասում էր` չէ և նոր պահանջներ է առաջադրում, ո՞րը կարող էր լինել այդ նոր պահանջը` Շուշին, Ղարաբաղը, Մեղրին, անկլավները և այդպես շարունակ»:

Փաշինյանի խոսքով, եթե դավաճանության թեման դա է`սա պետք է հստակ ասել: Նա ևս մեկ անգամ ընդգծեց, որ այն քաղաքական ուժը, որը ստորագրել է Բաթումի ու Ալեքսանդրապոլի պայմանագիր գործող իշխանությանը դավաճանության մեջ է մեղադրում: 

«Եթե դավաճան գոռալով է, այնքան գոռանք դավաճան ախորժակներդ փակվի մի քանի տարով: Այս պատմության մեջ մենք մեղադրյալ չենք, մենք մեղադրող ենք, որովհետև այն ինչ մենք արել ենք երեք տարում բանակի համար, այն ինչ մենք արել ենք երեք տարում տնտեսության համար, եթե դուք նախորդ երեսուն տարում այդ տեմպի մեկ երրորդը պահած լինեիք, մենք այսօր այս իրավիճակի մեջ չէինք լինի»,-ասաց նա ու ընդգծեց, որ չեն խեղճանալու այս պատմության մեջ, որվհետև ի տարբերություն նախորդ իշխանությունների իրենք ժողովրդին ոչ մի բանի մեջ չենք խաբել: