Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հանրության արձագանքները լսելով՝ եկել ենք այն եզրակացության, որ մենք ՀՀ-ում պիտի շարունակենք հավակնել իշխանության․Նիկոլ Փաշինյան

Հանրության արձագանքները լսելով՝ եկել ենք այն եզրակացության, որ մենք ՀՀ-ում պիտի շարունակենք հավակնել իշխանության․Նիկոլ Փաշինյան
Քաղաքականություն
17:13, 29 май 2021
«Շատ խառը և խառնակ ժամանակներ են, երբ թացը չորին խառնվելու տրամաբանություն է գործում և շատ կարևոր է, որ այս պայմաններում մենք մեր միասնությունը, հաստատակամությունը պահպանում ենք»,-այդ մասին այսօր ՔՊ-ի Նուբարաշենի գրասենյակում իր համախոհների հետ հանդիպման ժամանակ ասաց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։

Նրա խոսքով՝ դրա պատճառն այն է, որ իրենց հարաբերությունները կառուցված են արժեքների վրա, ազգային և պետական նպատակների վրա, որովհետև եթե այդ հարաբերությունները այլ տրամաբանությամբ կառուցված լինեին, այս փորձությունները պարզապես չէին կարող անցնել։

«Նախ՝ մենք ինչու ենք մասնակցում ընտրություններին։ Ուզում եմ հստակ ասել, որ բոլորդ իմանաք, որ մենք էնպես չի, որ մեզ ուղղված քննադատություններն արտամղում ենք, որպեսզի պատյանի մեջ փակվենք և այդ մեղադրանքներից պաշտպանվենք։ Բացարձակապես, մենք այդ մեղադրանքներն ընդունում ենք և փորձում ենք այդ մեղադրանքների հիմնավորումը լսել։ Եվ այդ մեղադրանքի հիմնավորումները և մենք ինքներս մեզ մեր գործողությունների տրամաբանությունը վերլուծելով և նաև հանրության արձագանքները լսելով՝ եկել ենք այն եզրակացության, որ մենք ՀՀ-ում պիտի շարունակենք հավակնել իշխանության»,-ասաց Նիկոլ Փաշինյանը։